«Դանակը վզիս դնելով` ասավ. «Աչքերդ հայի աչքեր են, դո՛ւրս եկ ստեղից…»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | September 25, 2011 7:00

Նոր Նորքի ուսանողական ավանի բնակիչների մեծ մասը փախստականներ և անապահով ընտանիքներ են: Գերեզմանոցի կողքին գտնվող այդ հանրակացարան այցելելիս անզեն աչքով էլ նկատում ես, որ այնտեղ ապրողների խնդիրներն անպակաս են:

Փախստական տարեց կանայք, հավաքված իրար գլխի, օրվա անցուդարձն էին քննարկում, երբ մոտեցանք նրանց: Չցանկացան խոսել իրենց հոգսերից` ասելով, թե միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվի. «Ժամանակին մարդավարի ապրել ենք, ես գոհ եմ եղել իմ կյանքից, պետությունը տուն է տվել, երեք երեխա եմ ունեցել»,-անցյալը երանի տալով` հիշում է 79-ամյա Արեգ տատը: Փոխարենը համաձայնեց պատմել, թե ինչպես են 88-ին Բաքվից փախել-եկել Հայաստան:

Արեգ տատը ծնվել է Շահումյանում, ապա 16 տարեկանում ամուսնացել է ու տեղափոխվել Բաքու: Սովորել է Բաքվի մանկավարժական ինստիտուտում, որից հետո աշխատանքի է անցել մանկապարտեզում` որպես դաստիարակչուհի: Մինչև 1988 թ. գոհ ու երջանիկ ամուսնու և երեք երեխաների հետ ապրել է Բաքվում, բայց մի օր. «Մտա մետրո, որ աշխատանքի գնամ,- պատմում է նա,- մեկ էլ տեսնեմ` մի խումբ թուրքեր հայերին հայհոյելով առաջ են գալիս: Նստեցի վագոն, մի թուրք մոտեցավ ինձ, կասինկաս թափահարեց ու դանակը վզիս դնելով` ասավ. «Աչքերդ հայի աչքեր են, դո՛ւրս եկ ստեղից»: Էլ խելքս չկտրեց, որ հետ դառնամ, սպասեցի մյուս գնացքին: Վերջը հասա աշխատանքի, ղեկավարիս ասացի, որ վերջ, վաղվանից էլ չեմ գալու…»:

88-ի դեկտեմբեր ամիսն էր: 21-ամյա դուստրն էլ այդ ժամանակ աշխատում էր խանութում: Մի օր էլ սովորականի պես աշխատանքի գնալիս մի թուրք աղջիկ հարձակվում է վրան, որ ծեծի, խանութի աշխատող թուրք գործընկերուհիները չեն թողնում: Մի կերպ հասնում է տուն ու ասում. «Մամա, վերցրու փողը, ոսկին ու փաստաթղթերը, ճանապարհ ենք ընկնում»: «Ես էլ հենց նոր լվացք էի արել, փռել, ասացի, այ՛ բալա, բա ես էս լվացքս թողնեմ, գնա՞մ…»,-ծիծաղում է Արեգ տատը:

Լվացքը թողնում է պարանին, բայց խոհանոցից մի դանակ է վերցնում, թաքցնում պայուսակի մեջ և աղջկա հետ ճանապարհ ընկնում դեպի Հայաստան:

«Հիմա դուրս ենք եկել, մեզ ոչ մի տաքսի չի վերցնում,- շարունակում է նա,- մի ռուս գտանք, դա էլ մերժեց, ասաց, որ բռնեն, առաջ ինձ են սպանելու, հետո` ձեզ: Վերջը մեկը համաձայնվեց, տարավ հասցրեց մետրո: Հիմա վախենում ենք բարձր խոսենք, որ չիմանան` հայ ենք: Մի կերպ հասանք կայարան, տեսանք մի քանի հայ տղամարդ, մոտեցանք նրանց: Երբ իմացան, որ մեր տոմսը Կիրովաբադով է, ասացին. «Տունդ քանդվի, էս գիշեր Կիրովաբադը կոտորել են, ո՞նց եք գնալու»:

Էդ ժամանակ թուրքերը, դրոշները ձեռքներին, գոռում էին ու հայհոյում. «Հայեր, դո՛ւրս եկեք, ձեզ կոտորելու ենք…»:

Քանի որ ուրիշ ճանապարհ չկար, ստիպված էին այդ գնացքով մեկնել: Երբ մտնում են գնացք, ուղեկցողը մոտենում է նրանց ու ասում. «Ես ձեզ պաշտպանել չեմ կարող, եթե ինչ-որ բան լինի, դուք պետք է ձեզ պաշտպանեք»: Ուղեկցողը պատմում է, թե ինչպես են նախորդ օրը ծայրահեղականները մտել վագոններն ու հայերին լավ ծեծել:

Հասնում են Կիրովաբադ: Այնտեղ ականատես են լինում, թե  ինչպես են ադրբեջանցիները Բաղրամյանի արձանը մուրճով ջարդուխուրդ անում: Կիրովաբադից գնացքը պետք է ուղևորվեր Երևան, սակայն ուղեկցողը հայտնում է, որ մինչև Իջևանի սահմանի մոտ իրավունք ունեն հասնել. «Հասել ենք սահման, բայց վախենում ենք իջնել,-շարունակում է Արեգ տատը,- մեկ էլ ուղեկցողը մի թուրք տաքսիստի կանչեց, որ լավ հայերեն էր խոսում: Սա ասաց, թե մի վախենաք, երեկ Գետաշեն գյուղից հարյուրավոր մարդու եմ փրկել, ձեզ էլ կփրկեմ: Ամենքս երեք ռուբլի տվեցինք, մեզ տարավ-հասցրեց Իջևան, բայց հիմա էլ ինքն է վախենում հայկական սահմանին մոտենա: Էդ ժամանակ ես սահմանին կանգնած հայ տղերքին ձեն տվեցի, ասացի` ձեր ցավը տանեմ, սա թուրք ա, բայց մեզ ազատել ա, սրան բան չասեք…»:

Երբ Արեգ տատն աղջկա հետ հասնում է Երևան, այդ ժամանակ ամուսինը Երևանում էր, եկել էր` բնակարանի փոխանակման հարցը լուծեր, հետո վերադառնար ու ընտանիքին հանգիստ տեղափոխեր: Բարեկամի տանը կնոջն ու աղջկան տեսնելով` զարմանում է: Ավելի է զարմանում, երբ լսում է նրանց գլխին եկածը. «Էդպես էլ տունը չկարողացանք փոխանակել, գնաց-կորավ…»,- ափսոսում է Արեգ տատը:

Արեգ տատի ընտանիքն այդ ցավալի իրադարձություններից միայն բնակարանի կորստով չի սահմանափակվում. մինչ փախեփախը որդու ընտանիքի հետ ամուսնու ավտոմեքենան Խարկով էին ուղարկել: Երբ արդեն Երևանում էին, ամուսինը որոշում է գնալ Խարկով` մեքենան բերելու, որ գոնե ինչ-որ բան ունենան, բայց վերադառնալիս Ապարանում վթարի է ենթարկվում ու մահանում: Իսկ որդին` Արտյոմը, որ 1988-ին 28-ամյա երիտասարդ մարզիկ էր սամբո և ձյուդո մարզաձևերում, ինչպես նաև սպորտի վարպետ և Ադրբեջանի չեմպիոն, այդ ժամանակ սովորում էր Կիևի ֆիզկուլտուրայի ինստիտուտում: Գաղթից մի քանի օր առաջ եկել էր Բաքու` ընտանիքին տեսնելու: Մի օր էլ ընկերների հետ քաղաքում զբոսնելիս է լինում, երբ 5-6 ադրբեջանցի հարձակվում են վրան ու ծեծի ենթարկում: Ընկերները մի կերպ նրան ազատում են ու տուն բերում. «Գլխին էին խփել, բայց դեռ չէինք հասկացել, թե ինչ է պատահել,- ասում է Արեգ տատը,-երբ վերադառնում է Կիև, սկսում է իրեն լավ չի զգալ: Գնում է բժշկի, պարզվում է, որ ուղեղը վնասվել է: Երբ 91 թվին եկավ ինձ մոտ` Երևան, էն եմ նկատում, որ ինքն իրեն խոսում ա, ծիծաղում… էդպես ուսումը կիսատ թողեց, ամեն ինչ կորցրեց: Հիմա 50 տարեկան ա: Ինձ վնաս չի տալիս, շատ բարի ա, ուղղակի ամբողջ օրը դրսից զիբիլը հավաքում, տուն ա բերում: Հոգեբուժարան էլ ենք տարել, բայց անօգուտ ա: Ա՛յ, էդ մնաց թուրքից մեզ օգուտ…»:

 

 

 

 

 

 

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply