Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը կրկին ցավալի պարտվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 5, 2009 15:16

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը (մինչև 21 տարեկաններ) երեկ Երևանի «Միկա» մարզադաշտում կայացած խաղում 1:3 հաշվով պարտվեց Շվեյցարիայի ներկայացուցիչներին:
Եվրոպայի առաջնության (2-րդ խումբ) ընտրական մրցաշարում սա մեր թիմի անցկացրած երրորդ խաղն էր և երրորդ պարտությունը: Մինչև այդ Հայաստանի երիտասարդական հավաքականն արտագնա խաղում 1:2 հաշվով զիջել էր շվեյցարացիներին: Իսկ Թուրքիայի իրենց հասակակիցների հետ Երևանում անցկացրած խաղում մերոնք մրցակցին զիջել էին 2:5 հաշվով:
Հայաստան-Շվեյցարիա հանդիպումից հետո ահա, թե ինչ ասացին երկու երկրների երիտասարդական հավաքականների գլխավոր մարզիչները.
Ֆլեմինգ Սերիլցև (Հայաստան). «Մեր խաղը պաշտպանությունում դեռ կաղում է: Պետք է շարունակենք քրտնաջան աշխատել և փորձել բարելավել խաղն այդ գծում, դեռ շատ անելիքներ ունենք: Ես ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել ֆուտբոլիստներից, քանի որ նրանք մինչև վերջ պայքարեցին : Գտնում եմ, որ նրանք արեցին իրենց ուժերի առավելագույնը: Հավաքականի մարզիչներն ընդամենը մի քանի օր են ունենում շտկումներ անելու համար: Իհարկե, դա շատ կարճ ժամանակ է: Այս ուսումնամարզական հավաքի ժամանակ մենք շեշտը դրել էինք պաշտպանական գծում թերությունները շտկելու վրա, սակայն մեզ չհաջողվեց լիովին հասնել մեր նպատակին: Ինչ վերաբերում է արտասահմանից հրավիրված ֆուտբոլիստներին, ապա կասեմ, որ Հիրաչ Յագանի («Ստանդարտ», Բելգիա) և Մասիս Ոսկանյանի («Բրյուգե», Բելգիա) խաղից ես գոհ եմ, չնայած գիտեմ, որ Մասիսը կարող է շատ ավելի լավ գործել: Ցավոք, Լևոն Հայրապետյանը («Համբուրգ», Գերմանիա) վնասվածք ստացավ մարզումներից մեկի ժամանակ: Եթե չլիներ այդ վնասվածքը, նա նույնպես կընդգրկվեր մեկնարկային կազմում: Վարանթ Բեզդիկյանը («Արծիվ», Ֆրանսիա) վատ չխաղաց, բայց նա առայժմ իր լավագույն մարզավիճակում չի գտնվում: Ամեն դեպքում, կարծում եմ, որ մենք պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնենք պաշտպանության վրա: Միայն քիչ գոլ բաց թողնելու դեպքում մենք կարող ենք հասնել հաջողության»:
Պիեռլուիջի Տամի (Շվեյցարիա). «Այս հանդիպումը շատ կարևոր էր մեզ համար, քանի որ մենք Էստոնիայի հավաքկանին սեփական հարկի տակ պարտվել էինք, և նահանջելու տեղ այլևս չունեինք: Ես գիտեի, որ Հայաստանի հավաքականի կազմում հանդես չեն գա երեք առանցքային ֆուտբոլիստներ, սակայն պետք է նշեմ, որ մեր թիմի կազմում ևս կային կորուստներ: Մասնավորապես, չորս ֆուտոբլիստի հրավիրել են Շվեյցարիայի ազգային հավաքական. բացի այդ, երեք ֆուտբոլիստ վնասվածք ուներ: Այնպես որ, մինչխաղային հնարավորությունները ես գնահատում էի հավասար: Ես գոհ եմ մեր թիմի այսօրվա ելույթից:
Ի համեմատություն առաջին հանդիպման, կարող եմ ասել, որ շատ տարբեր էին այս մրցավեճերի երկրորդ խաղակեսները: Եթե Շվեյցարիայում մենք վատ խաղացինք, ապա այստեղ` Երևանում, անհամեմատ ավելի լավ հանդես եկանք»:

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply