Թուրքիան սեփական խա՞ղն է խաղում Մերձավոր Արևելքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 22, 2011 14:29

Կարելի է պնդել, որ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունները աշխարհաքաղաքական նոր վերաբաշխումների տեղիք են տալու: Սակայն դեռ շատ վաղ է խոսել արդյունքների մասին, քանի որ լրիվ պարզ չէ, թե ինչով կավարտվի արևմտյան երկրների պայքարը տեղի էներգետիկ պաշարների համար, ինչ արդյունքների կհանգեցնեն տասնամյակներ կառավարող բռնապետների տապալումը, ինչ կողմնորոշում ունեցող ռեժիմներ կհաստատվեն հեղափոխության բովով ու ներքաղաքական ցնցումների միջով անցած երկրներում, մանավանդ որ Սիրիայում ու Եմենում էլ շարունակվում են հակակառավարական ցույցերը, ու կողմերից ոչ մեկը դեռ իր դիրքերը չի զիջել:

Հեղափոխության ալիքը շղթայական ազդեցություն ունեցավ վաղուց հնացած քաղաքական ռեժիմները տապալելու անհրաժեշտության առումով, սակայն  սխալ կլինի բոլոր արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխությունների պատճառները նույն տեղում փնտրել, քանի որ հետևանքներն էլ կարող են խիստ տարբեր լինել: Օրինակ` կանխատեսումներ կան, որ Լիբիայում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել ապստամբների տարբեր կլանների միջև, կամ հնարավոր չէ հերքել այն, որ որպես չարի առանցք ընկալվող Քադաֆիի ռեժիմի տապալումը հատուկ նշանակություն ուներ Արևմուտքի և առաջին   հերթին ԱՄՆ-ի համար: Ինչևէ, քանի դեռ միջազգային հանրությունը սպասում է, կանխատեսումներ է անում, թե ինչ վերադասավորումներ կլինեն, իրավիճակը առավելագույնս հմտորեն փորձում է օգտագործել Թուրքիան ու դառնալ արաբական ու մահմեդական աշխարհի առաջատար երկիր` քաղաքական, տնտեսական ու հոգևոր առումով:

Թուրքիան առավելագույնս օգտվեց հեղափոխական իրավիճակից

Արդեն վաղուց է խոսվում այն մասին, որ չնայած Թուրքիան անընդմեջ նշում է, որ ԵՄ-ին միանալն իր համար ռազմավարական նշանակություն ունի, իրականում Թուրքիան ավելի շատ ձգտում է դառնալ Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների էպիկենտրոնը և առաջնորդել մահմեդական աշխարհը: Ավելին` Թուրքիան ձգտում է վերադառնալ նեոօսմանիզմի քաղաքականությանը և հենց այս առումով Թուրքիայի համար բացառիկ նշանակություն ունեն Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկայի երկրները, որոնք մոտ 4 դար շարունակ եղել են Օսմանյան կայսրության կազմում: Հենց այդ պատճառով արաբական երկրներն իր շուրջը համախմբելու նպատակով Թուրքիան արաբական երկրներում հեղափոխական գործընթացների ողջ ընթացքում առավելագույնս փորձում էր հավասարակշռված դիրքորոշում ունենալ, ընդ որում, նա փորձում է հատկապես օգտագործել հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժերին: Հենց այդ նպատակով Թուրքիայի  վարչապետ Ռեջեփ Էրդողանը օրերս այցելեց Թունիս, Լիբիա, Եգիպտոս, ելույթ ունեցավ Արաբական լիգայի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ:

Նրա ելույթներն ու հայտարարություններն այս այցելությունների ընթացքում երկու հատուկ շեշտադրում ունեին: Նախ` ակնհայտ է, որ Թուրքիան իր շուրջն արաբական երկրներին համախմբելու նպատակը փորձում է իրագործել կառավարման աշխարհիկ քաղաքական մոդելը արտահանելով այդ երկրներ: Հենց այդ պատճառով նա Թունիսում ընդգծեց, թե մահմեդականը կարող է կառավարել աշխարհիկ պետությունը: Սակայն ուշագրավը, որը հատուկ ուշադրության արժանացավ, նրա կոշտ հակաիսրայելական հայտարարություններն էին և Պաղեստինի անկախության պաշտպանությունը: Անշուշտ, Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները մինչև արաբական երկրներում հեղափոխությունների սկսվելն էին սրվել. դեռ անցյալ տարվա մայիսին էր, երբ Գազայի հատված հումանիտար օգնություն տանող «Ազատության տորմիղի» վրա իսրայելական զինվորականների բացած կրակի հետևանքով թուրք ակտիվիստներ զոհվեցին: Մինչ օրս Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունները վերականգնելու համար պահանջում է ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել մահացածների ընտանիքներին, սակայն այնքան էլ անհիմն չեն այն մեկնաբանությունները, որ Թուրքիան հրաժարվեց Իսրայելի հետ ռազմական ու առևտրական համագործակցությունից, իջեցրեց դիվանագիտական հարաբերությունները զուտ ներկայացուցչի մակարդակի, խոստացավ նավեր ուղարկել Միջերկրական ծով` Գազայի հատվածի շրջակայք, պատրաստվում է դատական գործ հարուցել Իսրայելի դեմ կամ, այլ կերպ ասած, մահմեդական աշխարհի համակրանքը շահելու նպատակով արեց ամեն ինչ` Իսրայելի հետ հարաբերությունները վերջնականապես փչացնելու համար:

Այսուհանդերձ, Թուրքիայի` արաբական աշխարհն «իրենով անելու» ցանկությունը միայն իրավիճակային լուծում չէ: Դեռ անցյալ տարի Թուրքիայում 350 միլիոն հանդիսատես ունենալու հաշվարկով ստեղծված TRT El Turkiye արաբալեզու հեռուստաալիքի բացման արարողության ժամանակ Թուրքիայի վարչապետը հայտարարեց, որ թուրքերն ու արաբները եղբայրական ժողովուրդներն են: «Ոչ մեկին չի հաջողվի մեր միջև անհասկացության սերմեր աճեցնել, մենք նույն քաղաքական գծին պետք է հետևենք»,- հայտարարեց նա: Ու, բնականաբար, Թուրքիան արաբական երկրների համակրանքը առաջացնելու հարցում մեծապես օգտագործում է  Պաղեստինի ինքնավարությունը, որ նաև այս օրերին պատրաստվում է պաշտոնապես դիմել ՄԱԿ-ին իր անկախության հարցը Անվտանգության խորհրդում քվեարկության դնելու համար: «Պաղեստինա-իսրայելական հարցն արդեն դարձել է համաշխարհային մասշտաբի հարց, մենք աջակցում ենք պաղեստինական ժողովրդի օրինական պայքարին, ժամանակն է մեր պաղեստինցի եղբայրների դրոշը տեղադրել ՄԱԿ-ում: Թող Պաղեստինի դրոշը դառնա խաղաղության և միասնության խորհրդանիշ»,- հայտարարեց Ռեջեփ Թայիբ Էրդողանը Արաբական Լիգայի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ:

Նկատենք, որ արաբական աշխարհում Թուրքիայի հեղինակության բարձրացման հարցում մեծ նշանակություն ունի հատկապես Էրդողանի կերպարը, որին Եգիպոսում ընդունեցին որպես հերոսի, պաստառներով ու մեծ ոգևորությամբ: Արդյունքում մամուլում հայտնվեց «էրդողանամանիայի համաճարակը արաբական աշխարհում» տերմինը: Ի դեպ, իր դիրքերը այս տարածաշրջանում ամրապնդելու առումով Թուրքիան շատ կարևորում է հենց Եգիպտոսի նոր իշխանությունների հետ սերտ հարաբերությունների կառուցումը, նախկին մրցակիցը կարող է դառնալ նոր դաշնակից:

Խոսելով Եգիպտոսի հետ համագործակցության մասին` Թուրքիայի արտգործնախարարը ամերիկյան New York times թերթին տված հարցազրույցում հայտարարեց, որ այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի դերը Մերձավոր Արևելքում թուլանում է, «երկու հզոր և ամենախիտ բնակեցված տարածաշրջանային պետությունները պետք է լցնեն այդ վակուումը, որպեսզի դառնան Սև ծովից մինչև Սուդան ձգվող ժողովրդավարության առանցքը»: Թուրքիան փորձում է նաև իրենով անել Սիրիային. հաշվի առնելով Սիրիայի ներքաղաքական բարդ իրավիճակը և մեծ թվով փախստականների թուրք-սիրիական սահմանն անցնելու հնարավորությունն ու քրդական գործոնը` Թուրքիան փորձում է միջամտել Սիրիայում տիրող իրավիճակին, անընդմեջ հանդես է գալիս հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ բռնի ուժի կիրառումը դադարեցնելու կոչերով` ուղղված Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին:

Ի՞նչ սպասել արդյունքում կամ Հայաստանին առնչվող զարգացումներ

Առհասարակ Թուրքիան վերջերս հայտնվել է միջազգային լրատվամիջոցների հրապարակումների կենտրոնում, քննարկման առարկա են նրա հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Կիպրոսի հետ: Զարգացումները չէին կարող շրջանցել նաև հայ-թուրքական հարաբերությունները: Հենց երկու օր առաջ Հիլարի Քլինթոնը Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորված չլինելու փաստը, սակայն ակնհայտորեն այդ հարցին անդրադառնալը այս պահին Թուրքիայի առաջնահերթություններում չէ:

Նոր գումարման խորհրդարան ձևավորելուց հետո Ազգային մեծ ժողովի կանոնակարգի համաձայն հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչումից հետո Թուրքիան չի շտապի դրանք վերադարձնել: Փոխարենը այժմ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելու հանգամանքը Թուրքիան օգտագործում է իր փոքր եղբայր Ադրբեջանին ճնշելու համար`մասնավորապես պահանջելով նրանից խզել Իսրայելի հետ հարաբերությունները, որպես փաստարկ բերելով այն, որ ինքը փակել է Հայաստանի հետ սահմանը հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով:

Նկատենք, սակայն, որ Թուրքիայի ակտիվությունը կարող է շուտով նյարդայնացնել հատկապես ԱՄՆ-ին, եթե, իհարկե, Թուրքիայի քայլերը համաձայնեցված չեն ԱՄՆ-ի հետ: Սակայն ԱՄՆ-ի վերջին հայտարարությունները դեռևս չեն անդրադառնում ընդհանրապես ՄԵրձավոր Արելքում Թուրքիայի ակտիվությանը,  այլ ուղղակի կոչեր են հնչում միայն Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին: Ու շատ հավանական է, որ դրա դիմաց Թուրքիան թույլ տվեց ԱՄՆ-ին իր տարածքում տեղադրել հակաօդային ռադիոլոկացիոն համակարգեր, ինչն անմիջապես բարձրացրեց Իրանի ու Ռուսաստանի դժգոհությունը: Սակայն սա դեռ միայն սկիզբն է:

Բայց, ամեն դեպքում, Թուրքիայի դերակատարության բարձրացումը շատ ուղղակի վտանգ է Հայաստանի համար, քանի որ ինչքան շատ բարձր եղավ նրա հեղինակությունը, այնքան փորձելու է ավելի շատ խցկվել ու միջամտել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Մյուս կողմից` բոլոր շահագրգիռ ուժերը Թուրքիային ճնշելու համար կրկին փորձելու են օգտագործել Հայոց ցեղասպանության գործոնը, ինչի մասին արդեն բացահայտ ասվում է Իսրայելի արտգործնախարար Լիբերմանի պլանում:

 

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply