Տիգրան Սարգսյան. «Փորձություններով լի 20 տարիների ընթացքում ստեղծել ենք մեր անկախ երիտասարդ պետականության հիմքերը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 22, 2011 12:29

Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 21-ին այցելել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը ներկա է եղել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կազմակերպված հանդիսավոր նիստին, որին մասնակցել են մշակութային և հասարակական գործիչներ, ազատամարտիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ:

ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ և աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած նշանակալի ավանդի համար նշված ոլորտների մի խումբ անձինք Հայաստանի Հանրապետության Նախագահի և վարչապետի հրամանագրերով պարգևատրվել են «Մխիթար Հերացի», «Անանիա Շիրակացի» և «Մովսես Խորենացի» հուշամեդալներով, ինչպես նաև շնորհակալագրերով, որոնք նրանց է հանձնել Տիգրան Սարգսյանը:
Շնորհավորելով ներկաներին ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ վարչապետը նշել է. «Այս 20 տարիների ընթացքում մենք ձեզ հետ միասին անցել ենք լրջագույն փորձությունների միջով՝ տեսել ենք հզոր երկրաշարժ և սկսել աղետի գոտում իրականացնել վերականգնողական աշխատանքներ, աղետ, որը փլուզեց մեր տնտեսության 1/3-րդը, որը տարավ մարդկային կյանքեր և լրջագույն փորձություն հանդիսացավ մեզ համար: Մենք տեսանք ղարաբաղյան պատերազմ, որտեղ նույնպես տվեցինք հազարավոր զոհեր՝ հանուն սուրբ նպատակի: Դրանից հետո ձեզ հետ միասին ականատես եղանք խորը ֆինանսական, սոցիալական ճգնաժամի և սկսեցինք վերականգնել մեր տնտեսությունը, այնուհետև տեսանք ռուս-վրացական իրադարձությունները և համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որոնք նույնպես լուրջ վնաս հասցրեցին մեր տնտեսությանը:
Այս 20 տարիները մեզ համար լի էին փորձություններով, բայց, միևնույն ժամանակ, տեսնելով այս բոլոր դժվարությունները, այն թերությունները, որ դեռևս առկա են մեր կյանքում, մենք պարտավոր ենք այսօր արձանագրել, որ այս փորձություններով լի 20 տարիների ընթացքում ձեզ հետ միասին ստեղծել ենք մեր անկախ երիտասարդ պետականության հիմքերը, հիմքեր, որոնք օր օրի ձեզ հետ միասին ամրապնդում ենք և կերտում մեր ժողովրդի պայծառ ապագան: Այս 20 տարիների ընթացքում մեր նվաճումներն ու ձեռքբերումներն ակնառու են և մենք նաև հպարտանալու տեղ ունենք, քանի որ տարածաշրջանում ունենք ամենահզոր և կայացած բանակը: Այս դահլիճում նստած յուրաքանչյուրիդ լուման այդ բանակի կայացման գործում առկա է: Մենք բոլորս ենք ստեղծել Հայոց բանակը, որով հպարտանում ենք և, որը մեր անվտանգության երաշխավորն է: Մենք պարտավոր ենք մշտապես մեր ուշադրության կենտրոնում պահել բանակաշինությունը, որը մեր ազգի անվտանգ գոյության երաշխիքն է. սա դաս է, որը քաղել ենք դարերից:
Այսօր մեր առջև ծառացած են լրջագույն տնտեսական, սոցիալական խնդիրներ, բայց ես համոզված եմ, որ մենք այդ խնդիրները մեր համագործակցության շնորհիվ ի վիճակի ենք լինելու լուծել:
Սիրելի հայրենակիցներ, ձեռք բերելով անկախություն, մենք քաջ գիտակցում ենք, որ դրանով իսկ առաջին հերթին ձեռք ենք բերել պատախանատվություն՝ մեր ազգի ապագայի նկատմամբ: Այսուհետ մենք ինքներս ենք պատասխանատու մեր խնդիրների համար, բացթողումների ու հաջողությունների սեփականատերը մենք ենք և մեզանով է պայմանավորված լինելու մեր ժողովրդի բարգավաճ ապագան: Մենք պետք է առաջնորդվենք այդ պատասխանատվության զգացումով և մեր ժողովրդին տանենք դեպի պայծառ ապագա:
Դարեր շարունակ մենք երազել ենք անկախ պետականության մասին և այսօր ձեռք ենք բերել այդ անկախ պետականությունը, բայց 20 տարին դեռևս բավական չէ, որպեսզի արժանավույն կերպով գնահատենք այդ ժամանակահատվածի իրական և էական նշանակությունը մեր պետականության կայացման առումով: Համոզված եմ, որ այսօրվա երիտասարդ սերունդը տարիներ հետ կկարողանա ավելի օբյեկտիվ գնահատել այս դժվարին 20 տարիները: Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մեր անկախության տոնի կապակցությամբ:
Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը,
Փա՜ռք հայ ժողովրդին»:

 

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply