Ֆրանսիայում դեղագործական սկանդալ է բարձրացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2011 10:59

Ֆրանսիական հանրահայտ դեղագործական Servier ընկերության հիմնադիրը մեղադրվում է  մահացու դեղամիջոցի տվյալները թաքցնելումեջ: Աղմուկի կենտրոնում հակաշաքարախտային Mediator դեղամիջոցն է, որը, որոշ տվյալների համաձայն,  մինչև շուկայից հետ բերվելը 500-2000 մարդու մահվան պատճառ է դարձել:

Հետաքննությունը Ժակ Սերվյեի  ու նրա լաբորատորիայի նկատմամբ սկսվել էր անցած տարեվերջին, երբ հասարակությանն էին ներկայացվել  բժշկական հետազոտություններից մեկի պատասխանները: Անկախ փորձագետները հանգեցին այն եզրակացության, որ Mediator-ն  օրգանիզմի վրա  թողնում է լուրջ հետևանքներ, որոնք  կարող են  սուր սրտային անբավարարության հանգեցնել: Ընդ որում, դեղորայքը վաճառվել է 30 տարի շարունակ` 1976-2009 թթ. ոչ միայն Ֆրանսիայում, այլև այլ երկրներում:

Հետաքննությունը, որը կոչված է լույս սփռելու այն բանին, թե ինչպես է այդ վտանգավոր դեղամիջոցը հայտնվել շուկայում, եզրակացրել է, որ Servier լաբորատորիան միտումնավոր է ծածկել տվյալները  հակացուցումների առումով ու գործադրված մեքենայությունների շնորհիվ այն շուկա է մտցրել: Որոշ դեպքերում այն ներկայացվել է  որպես արդյունավետ միջոց նիհարելու համար, քանի որ  նվազեցրել է ախորժակը: Ներկայումս 89-ամյա Ժակ Սերվյեն գտնվում է դատահսկողության տակ: Servier լաբորատորիան  Ֆրանսիայի  ամենախոշոր դեղագործական ընկերությունների առաջին եռյակում է, որի տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 3,7 մլրդ եվրո: Այն տասնյակ մասնաճյուղեր ունի, այդ թվում և այլ երկրներում:

 

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply