2012թ.–ին Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի. ԱՄՀ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 22, 2011 10:25

2012թ.–ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4,3%` այս տարվա համար կանխատեսված 4,6% և 2010թ.–ին արձանագրված 2,1% աճի փոխարեն։ Այս մասին նշվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հրապարակած World Economic Outlook (Համաշխարհային տնտեսության հեռանկարներ) նոր զեկույցում։

Ըստ զեկույցի, սպառողական գների աճը 2012թ.–ին Հայաստանում կկազմի 3,3%՝ այս տարվա համար կանխատեսված 8,8% և 2010թ.–ին արձանագրված 7,3% աճի փոխարեն, արտաքին հաշվեկշռի բացասական մնացորդ/ՀՆԱ հարաբերակցությունը 2012թ.–ին կկազմի 10,7%՝ այս տարվա համար կանխատեսված 11,7% և 2010թ.–ին արձանագրած 13,9% աճի դիմաց, իսկ գործազրկությունը այս և հաջորդ տարի կմնա 2010թ.–ի 7% մակարդակի վրա։

Ընդհանուր առմամբ, ԱՄՀ–ի փորձագետները 2012թ.–ին ԱՊՀ երկրների խմբում (աշխարհագրորեն և ըստ տնտեսության կառուցվածքի նմանության ներառված են անդամ չհանդիսացող Վրաստանը և Մոնղոլիան) տնտեսական աճ են կանխատեսում միայն Ուկրաինայում, Ադրբեջանում և Մոնղոլիայում, իսկ ընդհանուր ՀՆԱ–ի աճի ցուցանիշը 2012թ.–ին կկազմի 4,4%՝ նախորդ երկու տարիների 4,6%–ի դիմաց։

Ռուսաստանում 2012թ.–ին տնտեսական աճը կդանդաղի 0,2%–ով և կկազմի 4,1%՝ այս տարվա համար կանխատեսվող 4,3%–ի և 2010թ.–ի 4%–ի դիմաց։ Անկումը պայմանավորվել է համաշխարհային տնտեսության աճի դանդաղումով և նավթի գների նվազումով, ինչպես նաև վարկավորումը, պահանջարկը և տնտեսական աճը խթանող կապիտալի ներհոսքի ցածր մակարդակով։ Ավելին՝ այդ երկրից արձանագրվում է կապիտալի արտահոսք, որը ընտրությունների նախօրեի քաղաքական անորոշության և անբարենպաստ ներդրումային մթնոլորտի արդյունք է։

ԱՄՀ–ի գնահատմամբ, ԱՊՀ–ի խոշոր երկրների, հատկապես Ռուսաստանի տնտեսական աճը կամ անկումն արտացոլվում են տարածաշրջանի մյուս երկրներում՝ մասնավորապես, խոշոր երկրներում աշխատողներից հայրենի երկրներ փոխանցումների մակարդակի նվազումով։ ԱՄՀ–ն նշված երկրներին կոչ է արել տնտեսական հնարավոր ցնցումներին դիմակայելու համար հնարավորինս արագ անցկացնել բարեփոխումներ։

Նշվում է, որ Եվրոպայի և ԱՄՆ–ի տնտեսությունները կարող են հայտնվել նոր ռեցեսիայի մեջ, ինչն առավելագույն վտանգ է ներկայացնում համաշխարհային տնտեսության համար։ Ընդ որում, 2012թ.–ին եվրոգոտու ՀՆԱ–ի աճը կկազմի 1,1%, իսկ 2011թ.–ին՝ 1,6%, ԱՄՆ–ի պարագայում այդ ցուցանիշները կկազմեն, համապատասխանաբար, 1,8% և 1,5%։

Ընդ որում, ԱՄՀ–ի այս տարվա հունիսյան կանխատեսումները ենթադրում էին տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշներ. օրինակ, ԱՄՆ–ի տնտեսական աճը այս տարի պիտի կազմեր 2,5%, հաջորդ տարի՝ 2,7%։

 

Tert.am

 

Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply