Սելինջերը դուրս եկավ իր «քարանձավից». մնացյալն այլևս լռություն չէ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 7, 2009 14:29

Սելինջերը դուրս եկավ իր «քարանձավից». մնացյալն այլևս լռություն չէԱրդեն տասնամյակներ մեկուսացած Սելինջերը, ում օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող մոտենալ, վերջապես դուրս եկավ «քարանձավից», բայց ոչ թե գրական ստեղծագործությամբ, այլ դատական հայցով, որ ներկայացրել է Մանհաթանի շրջանային դատարան: Այդ հայցով նա իր հեղինակային իրավունքներն է հաստատում Հոլդեն Քոլֆիլդի կերպարի օգտագործման վրա, որը ստեղծել է 1951 թ. հրատարկած իր ամենահայտնի ստեղծագործության՝ «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպում: Իսկ այդ կերպարը վեպի «քարանձավից» կորզել է ոմն Ջոն Դեյվիդ Կալիֆորնիա, որը գրել է Սելինջերի գլուխգործոցի շարունակությունը՝ «60 տարի անց. ճեղքելով տարեկանի արտը»:

20-րդ դարի մեծ գրողներից մեկը՝ Ջերոմ Դեյվիդ Սելինջերը, 1953 թվականից իր կնոջ հետ ապրում է Նյու Հեմփշիր նահանգի Կորնիշ քաղաքում և հետևողականորեն խուսափում հրապարակայնությունից:

1965թ. «Նյույորքեր»-ում տպված «Հեփուորթ 16, 1924» և 1969-ի ակադեմիական անթոլոգիայում տեղ գտած «Գնա ասա Էդիին» պատմվածքներից հետո նա չի հրատարակել ոչ մի նոր ստեղծագործություն:

Իր մեկուսացած տարիներին էլ միայն մեկ հարցազրույց է ունեցել. 1974թ. նա համաձայնել էր «Նյու Յորք թայմսի» էջերում անդրադառնալ իր վաղ շրջանի պատմվածքների ժողովածուի հրատարակությանը: Գրողը դրանից զայրացել էր, քանի որ ժողովածուի մեջ ընդգրկվել էին պատմվածքներ, որ «բոլորովին չարժեր տպել»` էլ չասած, որ ինքը հրատարակելու թույլտվություն չէր տվել: Այսպես տասնամյակների քար լռության մեջ միայն մի դեպքում է նրա ձայնը լսվում, երբ ոտնձգություն է կատարվում նրա ստեղծագործությունների և անձնական կյանքի անձեռնմխելիության հանդեպ: Նման դեպքերում նա կատաղի պաշտպանվում է:

Փոքրիկ Կորնիշում ապրող մեկուկես հազար բնակիչները ջանասիրությամբ պահպանում են Սելինջերի միայնության ուխտը: Բայց մամուլում նոր տեղեկություններ հայտնվեցին Սելինջերի մասին, երբ այս տարվա ապրիլին Թոմ Լեոնարդ անունով մի բրիտանացի լրագրող «Spectator»-ում ռեպորտաժ հրապարակեց՝ Սելինջերի տան մոտ իր «ուխտագնացության» մասին: Լրագրողը վկայակոչում է գրողի հարևաններից մեկի խոսքը. «Սա Կորնիշի հատուկ ծեսերից մեկն է՝ չխոսել նրա մասին: Ինչ-որ մեկը հարցնում է՝ որտե՞ղ է նա ապրում, դու ձեռքդ անորոշ թափահարում ես ոչ այն կողմ»: Մյուս հարևաններն էլ ասել են, թե Սելինջերի հետ շփվելը հատուկ գիտություն է, նա սովորաբար շատ է գրգռվում ու բարկանում, երբ մեկնումեկը մոտենում է իրեն, առավել ևս՝ փորձում խոսքի բռնվել, իսկ ամենաշատը հակացուցված է հիշեցնել նրան իր համաշխարհային փառքի մասին:

Համարյա խուլ գրողին երբեմն տեսնում են սուպերմարկետում, Կորնիշի մերձակա մի քանի ռեստորաններից մեկնումեկում կամ մոտիկ Հարթլենդի ունիվերսալիստական եկեղեցու ամենամսյա տոնական ճաշկերույթին: Ըստ երևույթին, Սելինջերը շատ կրոններ փորձելով՝ ներառյալ կրիյա-յոգա ու դիանետիկա կոչվողները, ի վերջո գտել է աշխարհի բոլոր կրոնները համատեղել փորձող մի հավատ, որը հարիր է իր խռովարար բնավորությանը:

Սելինջերը շատ է գրում, բայց ոչինչ չի հրատարակում: Լրագրողուհի Ջոյս Մեյնարդի տվյալներով, որը Սելինջերի մտերիմներից է, 1972 թ. Սելինջերն ավարտել է երկու վեպ: Սելինջերի դուստրը՝ Մարգարեթը, 2000 թ. հրատարակած իր հուշերում նույնպես հաստատում է, որ Կորնիշի տունը լեցուն է ձեռագրերով, և որ գրողը մշակել է դրանց մեջ կողմնորոշվելու բարդ համակարգ. կարմիրը՝ «հրատարակել իմ մահվանից հետո՝ առանց խմբագրելու», կապույտը՝ «հրատարակել իմ մահվանից հետո՝ նախնական խմբագրմամբ», և այլն: Ինքը` հեղինակը, չի ուզում զբաղվել իր ստեղծագործությունների հրատարակմամբ. հրատարակչությունների հետ աշխատանքը նրա համար ձանձրալի է, ավելորդ ուժ ու ժամանակ է խլում և հարկադրում շփվել կողմնակի մարդկանց հետ:

Սելինջերի գրեթե բոլոր հրապարակային ելույթները նամակների տեսքով են և կապված են հասարակության և մամուլի հայացքից պաշտպանվելու հետ: Նա արգելում է իր մասին գրքեր հրատարակել, եթե դրանք չեն գրել իր մտերիմ մարդիկ, և դեմ է իր ստեղծագործությունների էկրանավորման փորձերին:

90-ականների վերջից` Մարգարեթ Սելինջերի և Մեյնարդի հուշագրություններից հետո, նրա անվան շուրջ կրքերը կարծես հանդարտվեցին: Հասարակությունը բավական տեղեկություններ ստացավ գրողի կյանքի մասին և համոզում, որ վաղ թե ուշ կարող է կարդալ նրա նոր գործերը: Լրագրողներն էլ հույսները կտրեցին շփվելու որևէ հնար գտնել «խելառ ծերունի հանճարի» հետ: Բայց ահա 2009-ի մայիսին ոմն Ջոն Դեյվիդ Կալիֆորնիա հրատարակեց այդ չարաբաստիկ «60 տարի անց» վեպը, որի գլխավոր հերոսը՝ 76-ամյա պարոն Կ.-ն, փախչելով ծերանոցից, թափառում է Նյու Յորքում (Սելինջերի վեպում 16-ամյա Հոլդենը, լքելով դպրոց-ինտերնատը, թափառում էր Նյու Յորքի շուրջ):selinjer2

Կալիֆորնիան իր գիրքը ձոնել է Սելինջերին՝ միաժամանակ նրան դարձնելով իր վեպի պերսոնաժներից մեկը: «60 տարի անց»-ի հեղինակի մասին քիչ բան է հայտնի. սա շվեդական ծագումով գրողի առաջին գիրքն է, իսկ նրա անունն ակնհայտորեն հորինված է. անվան Ջ.Դ. սկզբնատառերն ուղղակի համընկնում են Սելինջերինի հետ, իսկ ազգանունը պարզապես ծերանոցի վայրն է, ուր ծերացած Հոլդենը բուժվում է և իր պատմությունը պատմում: Փոքր տպաքանակով լույս ընծայած գրքի հրատարակչությունը (Windupbird Publishing) նույնպես հայտնի անուն չէ: «Գարդիանին» տված հարցազրույցում առեղծվածային Ջ.Դ. Կալիֆորնիան հավաստիացնում է, որ «չի փորձում Սելինջերին դուրս կորզել իր ապաստարանից», այլ ուղղակի հետաքրքրվում է՝ «ի՞նչ է մտածում Սելինջերը իմ գրքի մասին, արդյոք դո՞ւր եկավ նրան Հոլդենն ու նրա ապագան՝ իմ վարկածով»:

Բայց Սելինջերը «դուրս եկավ» իր ապաստարանից ու դատական հայց ներկայացրեց, որտեղ նշել է, թե Կալիֆորնիայի վեպը «ոչ պարոդիա է, ոչ էլ բնագրի մեկնաբանություն կամ քննադատություն, այլ պարզ գրագողություն»: Նա մտադիր է արգելք դնել «60 տարի անց»-ի մեծ տպաքանակով հրատարակման վրա, որ սպասվում է այս տարվա սեպտեմբերին շվեդական Nicotext ընկերության նախաձեռնությամբ:
Իր մտավոր սեփականությունը պաշտպանելու բոլոր հետագա աշխատանքները Սելինջերը հանձնել է իր փաստաբանին: Իսկ ինքը 90 տարեկանում գերադասում է գրել ավելի հետաքրքիր բաներ, քան դատական հայցերը: Եվ միայն նրա մահվանից հետո վերջապես կիմանանք, թե ինչ էր գրում նա այս երկար ու ձիգ տարիների ընթացքում:

Մինչ 21-րդ դարի սկզբում Բրիթնի Սփիրզը կներկայացներ «Ես արդեն աղջիկ չեմ, բայց դեռ կին էլ չեմ» անցումը, 20-րդ դարակեսին արդեն ամերիկյան գրականության մեջ հայտնվել էր Հոլդեն Քոլֆիլդ թինէյջրը, որ արդեն երեխա չէր, բայց դեռ մեծ էլ չէր: Սելինջերի հանրահայտ վեպի հերոսը ձգտում էր մտնել մեծերի աշխարհ՝ չնայած արդեն իրեն վանում էին այդ աշխարհի կեղծիքը, խաբեությունն ու երեսպաշտությունը, որը մարմնավորում էին նաև իր ծնողներն ու ուսուցիչները:

Սելինջերն իր գործերում ներկայացնում է ամերիկյան հասարակությանայն հուսահատությունն ու դեպրեսիան, որ առաջացել էր երկրորդ համաշխարհայինից հետո, որին անձամբ էր մասնակցել՝ որպես ամերիկյան բանակի սերժանտ 1942-46թթ.: «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպը համարվում է հետպատերազմյան ամերիկյան գրականության ամենակարևոր գրքերից մեկը: Եվ ինչպես Հոլդենն ուզում էր պաշտպանել երեխաների անմեղ աշխարհը մեծերի ոտնձգություններից, այնպես էլ Սելինջերն է պաշտպանում Հոլդենի կերպարը` կոմերցիոն գրականության շահարկումներից:

catcherintherye1Հոլդենը դարձավ պատանեկան բունտի մշակութային նախատիպը, և չնայած ծայրահեղ իդեալիստ էր ընկալվում, բայց ներկայացրեց այն անչափահասների մտավոր ու զգացական ընդվզումը, որոնք օտարված են իրենց ծնողների դատարկ ու նյութապաշտ աշխարհից: Հոլդենի ուրախ ու հուսահատ, կենսախինդ, դրամատիկ ու զվարճալի արկածները, հուսախաբություններն ու պատրանքների փլուզումը վեպը դարձրին տրագիկոմիկական գլուխգործոց:

Հոլդենն իր տասնամյա քրոջն ասում է, որ կուզենար լինել քաչեր (բեյսբոլում` գնդակ բռնող, որսացող) տարեկանի արտում (անգլերենով վեպը կոչվում է «The Catcher in the Rye»): Կուզենար լինել մանկության անմեղության պաշտպանը, և ժայռագլխին, տարեկանի արտում խաղացող երեխաներից յուրաքանչյուրին, որ դուրս կնետվեր, բռնել անդունդի եզրին:

«Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպը հայերեն է թարգմանվել ռուսերենից. եթե վերնագրի փոփոխությունը կարելի է բացատրել ամերիկյան խաղ բեյսբոլի տերմին «քաչերի» անթարգմանելիությամբ, ապա վեպի խոսակցական ու ժարգոնային լեզվի գրականացումը սովետական ցենզուրայի պատճառով է: Եթե Էքզյուպերին իր «Փոքրիկ իշխանը» նվիրում էր մեծերին, երբ նրանք «դեռ 6 տարեկան» էին, ապա Սելինջերի վեպը նույնպես կարող է նվիրվել մեծերին, երբ նրանք դեռ 16 տարեկան էին:

Դիտվել է 3096 անգամ:
Print Friendly

Leave a Reply