Սպորտին հանրային ուշադրություն. ի՞նչ կտա նորույթը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 7, 2009 13:00
sport

Սերգեյ Աբրահամյանը դեմ կգնա՞ այն կառույցին, ուր աշխատում է

Անկախացումից հետո Հայաստանի սպորտի համակարգում փոփոխություններ շատ են կատարվել, սակայն դրանից վիճակը չի փոխվել: Մասնավորապես սպորտի կոմիտեն միացվել էր մշակույթի նախարարությանը, ապա կրկին առանձնացվել էր, պետական կարգավիճակ ստացել: Վերջում էլ այն անսպասելիորեն դարձավ նախարարություն: Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չնեղացնելու համար էր, որ գերատեսչության կարգավիճակը բարձրացնելու այդպիսի վճիռ կայացվեց: Պարզապես նրա գլխավորած կուսակցությունը պետք է իշխանություն կազմող մյուս կուսակցություններից ունեցած նախարարությունների թվով ետ չմնար:

Հիմա սպորտի բնագավառում ԲՀԿ-ականներից բացի որոշ ղեկավար պաշտոններ են գլխավորում մի քանի հանրապետականներ, սակայն այստեղ ոչ մի կուսակցական եղանակ ստեղծող չի: Իրականում բոլոր հարցերը որոշում է ԲՀԿ առաջնորդը մեկ բառով: Փաստորեն, սպորտը քաղաքականացվեց, որը ոչ մի լավ բան խոստանալ չի կարող: Ներազդել կուսակցականացված համակարգի վրա, դրանում բարեփոխումներ կատարել գրեթե անհնարին է:

Հայտնի է, որ այս բնագավառը յուղոտ պատառ է: Պետությունը նաև Միջազգային օլիմպիական կոմիտեն, տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները ֆինանսական տարբեր կարգի աջակցություններ են ցույց տալիս, և այդ փողերը պետք է ծախսել: Սա է սևեռուն նպատակը: Իսկ դրա ժամանակ փող աշխատելը հեշտ է: Մարզական կազմակերպություններ, մարզադպրոցներ են ֆինանսավորվում, տարբեր կարգի, նաև միջազգային մրցումներ են կազմակերպվում, մեր մարզիկներն են ուսումնամարզական հավաքներ անցկացնում, մրցումների մասնակցում և այլն: Միակ պահանջն այն է, որ ներկայացուցչական ստուգատեսներում մեդալներ լինեն: Եթե դա չի հաջողվում, ասվում է, որ մրցավարներն անաչառ չէին, կամ էլ ուղղակի բախտներս չի բերել, սպորտ է: Իսկ ֆինանսները սպառելու մեխանիզմը հիմնականում տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներն են իրականացնում, իսկ դրանց մեծ մասը Հայաստանում այդպես էլ դեռ չի հասցրել ձևավորվել: Միայն մի քանի մարզական ֆեդերացիաներ մեր երկրում ունեն շտաբ-բնակարաններ, քիչ թե շատ փորձում են աշխատել: Ու թեև մարզական ֆեդերացիաները հասարակական կազմակերպություններ են, սակայն առանց վերևների «դաբրոյի» դրանց նախագահներ չեն ընտրվում, քանի որ ֆեդերացիաները փողերի հետ գործ ունեն, երբեմն շատ մեծ: Իսկ այդ կազմակերպությունների ղեկավարների մեծամասնությունը միայն մտածում է այն մասին, թե ինչպես պետությունից շատ փող պոկի: Եվ եթե արդյունքներ չկան, ստացվում է, որ ֆեդերացիաները պարազիտային գործունեությամբ են զբաղվում:

Քանի որ մարզական ֆեդերացիաները թույլ են, նրանց «գրպանի» ծախսերը կատարվում են միայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վերահսկողությամբ: Այս նախարարության պատասխանատու աշխատողների մեծ մասը պատասխանատու պաշտոններ են վարում տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներում:

Եվ հաճախ հարց է առաջանում` ի՞նչու է ֆինանսներ տրամադրվում այս կամ այն մարզաձևի ներկայացուցիչներին` միջազգային մրցումների մասնակցելու համար, եթե նախապես հայտնի է, որ նրանք խայտառակ տեղեր են զբաղեցնելու: Եթե այդ մարզաձևերի մարզիկներին և մարզիչներին առաջարկեն իրենց միջոցներով այդ մրցումներին մասնակցել, ապա նրանք կհրաժարվեն:

Ինչ վերաբերում է աշխարհում ամենամասսայական մարզաձևին` ֆուտբոլին, ապա դրա մասին ավելի լավ է չխոսել, քանի որ, երբ ասում ենք հայկական ֆուտբոլ, հասկանում ենք հավերժական ճգնաժամ: Ուսանողական և դպրոցական սպորտը ևս մեր երկրում կաղում է երկու ոտքից: Նախկինում Հայաստանում օրենքներ են ընդունվել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, նաև մանկապատանեկան սպորտի մասին, բայց հետո պարզվել է, որ դրանք լավը չեն, կամ ժամանակավրեպ են, և պետք է ամբողջովին փոխել, կամ «լավագույն» դեպքում` էական շտկումներ կատարել: Եվ նախընտրելի է համարվել երկրորդ տարբերակը: Սակայն դա էլ ոչինչ չի կարող փոխել: Օրինակ` Հայաստանում բուհեր կան, որոնց ուսանողները ֆիզկուլտուրային և սպորտին անհաղորդ են մնում, քանի որ ֆիզկուլտուրայի պարապմունքներ ընդհանրապես չեն անցկացվում: Դրանց ղեկավարները բուհերի գործունեութան համար արտոնագրեր ստանալիս վստահեցրել են, թե մարզաբազաներ կվարձակալեն, ֆիզկուլտուրայի պարապմունքներ կկազմակերպեն, սակայն հետո պարզվել է, որ խաբել են, և «ավելորդ» ծախսեր կատարելու մտադրություն ունեցողներ չկան: Ավելին, Հայաստանի ոչ մի բուհում չի կատարվել և կատարվում ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի մասին օրենքի այն պահանջը, որ ուսանողներն իրենց ուսումնառության ողջ ընթացքում պետք է ֆիզկուլտուրայի պարապմունքներ անցկացնեն:

Եվ ահա, վերջերս ստեղծվել է ապաքաղաքականացված մի մարմին, որը պետք է փորձի սպորտի կուսակցականացված համակարգում գտնել կնճռոտ խնդիրների կարգավորման տարբերակները: Հանրային խորհուրդն ունի 12, այդ թվում նաև գիտության, մշակույթի, սպորտի հարցերի հանձնաժողով:
Այն տարբեր ուղղություններով է գործունեություն ծավալելու, նաև հանրային հնչեղություն ունեցող խնդիրների, օրենքների, որոշումների նախագծերի, ինչպես նաև այլ առաջարկությունների և նախաձեռնությունների հասարակական փորձաքննություններ կիրականացնի և դրանց եզրակացությունները ՀՀ նախագահին կներկայացնի: Այս հանձնաժողովն ունի սպորտի ենթահանձնաժողով, որի նախագահ օրերս ընտրված ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ծրագրերի կազմման վարչության մոնիտորինգի և գնահատման բաժնի պետ, ֆիզկուլտինստիտուտի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Սերգեյ Աբրահամյանը հայտնեց, որ հանձնաժողովը պետք է բարձրացնի, փորձի լուծել այն հարցերը, որոնք տարիներ շարունակ հուզել են հասարակությանը:

Նա ասաց, որ երբ մանկապատանեկան սպորտի մասին օրենքի պահանջով անցյալ տարի ֆիզկուլտուրայի 3-րդ դասաժամը սկսվեց կիրառվել դպրոցներում, պարզվեց, որ մի շարք կրթօջախներում դրան պատրաստ չեն: Այժմ այնպես է ստացվում, որ մի կրթօջախում դա արվում է, մեկ ուրիշում` ոչ: Մինդեռ, նման բան չպետք է լիներ:

Ստիպված էինք հիշեցնել, որ այդ բացը լրացնելու համար նախորդ ուսումնական տարում որոշում էր կայացվել 3-րդ դասաժամը տրամադրել ֆուտբոլին: Սակայն հոնքն ուղղելու փոխարեն աչքը հանվեց, քանի որ կրկին ոչ բոլոր դպրոցները համապատասխան պայմաններ ունեն: Աբրահամյանն ընդգծեց, որ այդպիսի հարցերն են, որ պետք է ներկայացվեն ՀՀ նախագահի ուշադրությանը:

Ինչպե՞ս է Աբրահամյանը փորձելու բարձրացնել հարցեր, որոնք կապված են լինելու այն կառույցների հետ, որոնցում ինքն աշխատում է. «Իմ կարծիքն այնքան էլ էական չի լինելու, քանի որ հանձնաժողովի անդամներն են քննարկելու այս կամ այն հարցն օրակագային դարձնե՞լ, թե՞ ոչ», – պարզաբանեց Աբրահամյանը:

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply