Շախմատը` անկախության տարիներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 21, 2011 16:20

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության 20-րդ տարեդարձը:
Շախմատը այն բնագավառն է, որը Հայաստանի անկախության տարիներին հասել է փառահեղ նվաճումների: Այսօր տեղին է հիշել գոնե ամենափայլուն հաղթանակները:
Հայաստանը երկու անգամ նվաճել է օլիմպիական չեմպիոնի տիտղոսը (Թուրին, 2006, Դրեզդեն, 2008), դարձել է աշխարհի չեմպիոն (Նինբո, 2011), համաշխարհային օլիմպիադայի եռակի բրոնզե մեդալակիր (Մանիլա, 1992, Բլեդ, 2002, Կալվիա, 2004), աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր (Լյուցերն, 1997, Երևան, 2001, Բեերշևա, 2005), Եվրոպայի չեմպիոն (Բաթում, 1999) և արծաթե մեդալակիր (Հերակլիոն, 2007), կանանց Եվրոպայի չեմպիոն (Պլովդիվ, 2003) և բրոնզե մեդալակիր (Հերակլիոն, 2007): Երևանի «Միկա» ակումբի կանանց թիմը նվաճել է Եվրագավաթը (Ֆուեգեն, 2006) և երկու անգամ` այդ խաղարկության բրոնզե մեդալները (Կեմեր, 2007, Պլովդիվ, 2010): Նույն «Միկայի» տղամարդկանց թիմը «Եվրագավաթում» դարձել է արծաթե մեդալակիր (Օհրիդ, 2009): Հայաստանի պատանեկան հավաքականը երկու անգամ հաղթել է Մ16 համաշխարհային օլիմպիադայում (Ստամբուլ, 1998, Բուրդուր, 2010):
Վլադիմիր Հակոբյանը 1999-ին հռչակվել է աշխարհի փոխչեմպիոն: Մեր շախմատիստների այժմյան առաջատարը` Լևոն Արոնյանը, նվաճել է համարյա բոլոր հնարավոր խոշորագույն տիտղոսները` աշխարհի գավաթակիր, աշխարհի չեմպիոն` արագ շախմատի, Ֆիշերի շախմատի, կայծակնային խաղի վարկածներով, «Մեծ սաղավարտի» մրցաշարքի հաղթող:
Այս տարիներին մեր պատանիները բազմիցս ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների են տիրացել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply