Թռչկանին մահվան են դատապարտել անձնագիր չունենալու պատճառաբանությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 21, 2011 16:34

Երեսուն հայ զբոսաշրջիկներից կազմված խումբը վերջերս Լոռու մարզ է այցելել` Թռչկանի ջրվեժը տեսնելու և այնտեղ հանգստանալու համար: Երբ մարդիկ իրենց հիացմունքն են արտահայտել ջրվեժի գեղեցկության մասին, ի պատասխան տեղեկացել են, որ եկող տարի այն  գուցեև  էլ չլինի, քանի որ ջրվեժի տարածքում  հէկ է կառուցվելու:  «Այդ պահին արդեն հողային աշխատանքներ էին կատարվում, որ շինարարության  համար պայմաններ ստեղծվեն»,- ասում է Լևոն Գալստյանը, որ ընդգրկված է եղել տուրիստական խմբում:

Գալստյանը պատմում է, որ տեղանքը դժվարհասանելի է, և ջրվեժի մասին գուցե շատերը չգիտեն, ուստի որոշել են հանրությանը տեղեկացնել դրա մասին և պայքարել հանուն ջրվեժի հետագա կյանքի:

«Հարց է, թե որքանով է ճիշտ այդ տեղանքում հէկ կառուցելը: Դեմ չենք հէկ-երին, պարզապես կառուցապատման համար այնպիսի տեղ պետք է ընտրել, որ էկոհամակարգը չվնասվի, բնության այդպիսի բացառիկ գեղեցկությունն էլ չվերանա: Այդպիսին Շաքիի ջրվեժն էր, որ հիմա էլ ցայտաղբյուրի է վերածվել, որը կարելի է բացել-փակել»,- ասում է Գալստյանը, որ մասնագիտությամբ աշխարհագրագետ է:

Թռչկան ջրվեժը գտնվում է Լոռու մարզում` Մեծ Պարնի համայնքի տարածքում: Այն Շիրակի մարզից հոսող Գետիկ գետից է առաջանում` գահավիժելով 20 մետր բարձրությունից: Ջրվեժից հետո արդեն Լոռու մարզով հոսող գետը կոչվում է Չիչխան. այն Փամբակի վտակներից է, որն ապահովում է 2000 լ/վայրկյան հոսք:

Թռչկանը կառավարության 14.08.2008թ. N 967 որոշմամբ ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում: Մինչդեռ «Ռոբշին» ընկերությանը գետի վրա հէկ կառուցելու թույլտվություն տրվել է 2010-ին, ընդ որում, փորձաքննական եզրակացությունում, թե ինչպես կազդի հէկի շինարարությունը շրջակա միջավայրի վրա, բնության հուշարձանի մասին խոսք անգամ չկա:

Հէկի կառուցման մասին որոշումը, ըստ էության, խախտում է ՀՀ օրենսդրությունը:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է, որ  բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը: Նույն օրենքի 31-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ օրենսդրության խախտումն առաջ է բերում պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Ջրվեժը փրկելու համար ստեղծվել է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը, որը Ֆեյսբուք սոցիալական ցանցում համախմբել է շուրջ 4 հազար մարդու: Նրանք հանդիպել են նաև բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ, որոնք  հավաստիացրել են, որ հէկ կառուցող ընկերությունը նոր առաջարկություն կներկայացնի, որում արդեն հաշվի կառնվի ջրվեժի  պահպանության հարցը: Որպես հնարավոր լուծում նախարարությունում առաջարկել են, որ ընկերությունը ամռան ամիսներին հէկը չշահագործի:

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արծրուն Պեպանյանն ասում է, թե Թռչկանը` որպես բնության հուշարձան, դեռևս անձնագիր չունի. «Բնության հուշարձանները դեռևս անձնագիր չունեն: Մի քանի անգամ բյուջե հայտ է ներկայացվել, բայց դեռևս ֆինանսավորում չի հատկացվել անձնագիր կազմելու, պահպանման ռեժիմ մշակելու և պահպանություն ապահովելու համար»:

Ստացվում է, որ առանց անձնագիր բնության հուշարձանը կարելի է հանգիստ վերացնել: Այս տրամաբանությամբ անանձնագիր մարդուն էլ կարելի է անպատիժ զրկել կյանքից` արարքն արդարացնելով անձնագրի բացակայությամբ:

Երբ «Անկախը» փորձեց ճշտել, թե արդյոք «Ռոբշինը» ներկայացրե՞լ է այլընտրանքային առաջարկությունը, և երբ որոշում կկայացվի ջրվեժի հարցով, Պեպանյանը նշեց. «Տեղյակ չեմ, արդյոք ընկերությունը նոր առաջարկներ ներկայացրել է, թե ոչ: Տոներից հետո երևի նոր կանդրադառնանք այդ հարցին»:

«Ռոբշին» ընկերության տնօրեն Ռոբերտ Օխանյանն էլ  «Անկախի» հետ զրույցում նշեց, որ  նախագծային ինստիտուտին պատվիրել են հէկի շահագործման այլընտրանքային ծրագիր մշակել, որը դեռևս պատրաստ չէ. «Երբ պատասխանը լինի, այն ժամանակ էլ արդեն կմտածենք հետագա անելիքների մասին»:

Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանի կարծիքով` հէկի կառուցվելու դեպքում տեղանքին շատ մեծ վտանգ է սպառնում. «Հէկի կառուցվելու դեպքում ջրվեժը կզրկվի հոսքի 70 տոկոսից. այդ դեպքում կդառնա լալկան, ոչ թե թռչկան, քանի որ միայն կաթիլներ կմնան»:

Հովհաննիսյանը նշում է, որ նախատեսված շինարարությամբ վտանգի տակ է ոչ միայն տեղանքի գեղեցկությունը, այլև էկոհամակարգը. տեղանքի բույսերը և կենդանիները սովոր են ջրի  հենց այդ քանակին:

Հէկի կառուցման դեպքում Չիչխանը կդառնա սակավաջուր, կնվազի նաև Փամբակի հոսքը, որի վտակն է Չիչխանը, դա կհանգեցնի նաև Դեբեդի հոսքի նվազեցման, իսկ վերջինս անդրսահմանային գետ է և, ըստ ջրաբանի,  վրացիները չեն հանդուրժի, որ գետի հոսքը նվազի:

Հովհաննիսյանը նշում է, որ Թռչկանը զբոսաշրջության կենտրոն դարձնելու դեպքում շատ ավելի մեծ եկամուտներ կապահովի, քան հնարավոր է ստանալ էլեկտրաէներգիա արտադրելով. «Պարզապես հէկը հարստանալու ամենաարագ միջոցն է, դրա համար էլ մեր երկրում շատ են հէկերի երկրպագուները»:

Ջրաբանը թերահավատությամբ է վերաբերվում նաև նախարարության առաջարկին, թե հէկը ամռան ամիսներին չպետք է գործի. «Չեմ հավատում, որ երեք ամսով կհրաժարվեն իրենց եկամտից: Բացի այդ, էկոհամակարգը 9 ամիս հո ջրի չի սպասելու: Կենսաբազմազանությունն այնքան  զգայուն է, որ նման փոփոխությանը չի դիմանա»:

Հէկ-ի կառուցումը բացասաբար կանդրադառնա նաև գյուղատնտեսության վրա, քանի որ շրջակայքում ոռոգում իրականացվում է գետի ջրով: Բացի այդ, կմեծանա նաև քամու և հողերի էռոզիան. «Ասում ենք, որ ջուրը մեր հարստությունն է, բայց մյուս կողմից էլ չգիտես, թե ինչ ենք անում այդ հարստության հետ»:

Հովհաննիսյանը, որ եղել է տեղանքում ու ծանոթացել իրավիճակին, նշում է, որ բնակիչները ևս դեմ են շինարարությանը. անցած տարի անգամ հավաքվել ու բողոքի նամակ են հղել համապատասխան մարմիններին` պահանջելով պահպանել Թռչկանի ջրվեժը: «Հիմա, սակայն, չգիտես ինչից վախեցած են բնակիչները: Ասում են` պայքարեք, փրկեք ջրվեժը, բայց մենք չխառնվենք»,- ասում է Հովհաննիսյանը:

Թռչկանի փրկության պահանջով միավորվել են նաև Շիրակի մարզի  35 ՀԿ-ներ: Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանն ասում է, որ իրենք որոշել են պարբերաբար այցելություններ կատարել դեպի ջրվեժ` վերահսկելու այնտեղի իրավիճակը: Բացի այդ, բնակչությանը շարունակաբար տեղեկացնելու են ջրվեժի ու դրա կարևորության մասին. «Աչալուրջ ենք լինելու` պատրաստ նաև բողոքի ակցիաների` հանուն ջրվեժի փրկության»:

Հ.Գ. «Անկախը» հետամուտ կլինի Թռչկանի ջրվեժի շուրջ հետագա զարգացումներին և այդ ամենը կներկայացնի ընթերցողներին:

 

 

 

 

 

 

Դիտվել է 2421 անգամ:
Print Friendly

Leave a Reply