Անկախ Հայաստանը տոնում է 20-ամյակը, «Անկախ» շաբաթաթերթը` տպագրման 100-րդ համարը (լուսանկարներ)

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 21, 2011 15:17

«Շատերը չեն հավատում, որ դա եղել է: Հայոց պետականության վերականգնումը տոն է, մեծ երազանքի իրականացում, բայց առաջին հերթին պատասխանատվություն, քանի որ այլևս մենք էինք պատասխանատու մեր տնտեսության, մշակույթի, ներկայի ու ապագայի համար: Կեցցե´ Հայաստանի ժողովուրդը, որ անցավ հրի ու սրի միջով, անցավ գալիք Հայաստանի նկատմամբ անսահման հավատով, միասնական կեցվածքով:

Կեցցե´ անկախ Արցախը, որ նաև իր զավակների արյամբ գրեց մեր նորագույն պատմության ամենափառավոր էջը: Եվ ամենակարևորը` Կեցցե հայոց հաղթական բանակը, որ խաղաղության ու կայունության անփոխարինելի բաղադրիչ է տարածաշրջանում: Փա´ռք Հայաստանի Հանրապետությանը, փա´ռք Հայաստանի Զինված ուժերին…»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այս խոսքերի ներքո Հանրապետության հրապարակում սկսվեց անկախության 20-ամյակին նվիրված մեծ զորահանդեսը: Մարդիկ` մեծ ու փոքր, շտապում էին տեսնել զորախմբերի, զրահատեխնիկայի հպարտ շարասյուները:

Մանկավարժական համալսարանի մի խումբ ուսանողներ, ձեռքերն ու այտերը եռագույնով ներկելով, ևս շտապում էին Հանրապետության հրապարակ:

Նելլիի համար անկախությունը կարևոր է նրանով, որ ինքը` որպես անկախ երկրի քաղաքացի, իրեն ավելի հպարտ ու ապահով է զգում. «Ճիշտ է, լիարժեք անկախ ու ինքնուրույն զգալու համար խոչընդոտներ դեռ կան, որ պետք է հաղթահարենք, բայց չէ՞ որ այդ խոչընդոտները կան նաև եվրոպական երկրներում»,-կարծում է ուսանողուհին:

«Հպարտ ենք, որ անկախ Հայաստանի քաղաքացի ենք»,-գոչեցին նրա ընկերները` պարտադրելով, որ անպայման այս խոսքերը գրվեն հոդվածում:

36-ամյա Հասմիկն էլ, որ իր փոքրիկ դստեր հետ եկել էր զորահանդեսը տեսնելու,  ղարաբաղյան շարժման սկզբին 16 տարեկան էր. «Ամեն ինչ շատ լավ եմ հիշում, այդ ամենը իմ կաշվի վրա եմ զգացել, պատերազմ եմ տեսել և այսօր շատ հպարտ եմ, որ մենք հասանք այդ անկախությանը,-ասում է նա,-ճիշտ է, իմ ծնողները մի քիչ հիասթափված են, գուցե մտածում են, որ իրենց ժամանակներն ավելի լավն էին, բայց ինձ մոտ ոչ մի հիասթափություն չկա, ես տեսնում եմ պայծառ ապագան»:

81-ամյա Երվանդ Սարգսյանը Հայաստանի համար շատ է կարևորում անկախությունը, բայց միաժամանակ չի կարող չնկատել թերությունները, որ այսօր կան երկրում. «Օլիգարխներն էնքան շատ են, որ ժողովրդին ուտում են,-ասում է նա,-եթե մենք լավ կազմակերպված լինեինք, և էդքան չար մարդիկ մեջտեղ չգային, շատ ավելի լավ կլիներ, բայց էլի´ լավ է, վատ չի…»:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Նարինեն էլ կարծում է, որ Անկախության 20-ամյակի կարգախոսը շատ տեղին է ընտրված. «Իսկապես Հայաստանը ես եմ և Հայաստանը յուրաքանչյուրս ենք,-ասում է նա,-ես ինքս անկախ Հայաստանի սերունդն եմ, ծնվել եմ 91 թվականին, և այսօր ինձ համար կրկնակի տոն է` ես և Հայաստանս դառնում ենք 20 տարեկան»:

Շնորհավո´ր տոնդ, 20-ամյա անկախ Հայաստան:

«Անկախ» շաբաթաթերթի համար ևս այսօր կրկնակի տոն է. Հայաստանի անկախության 20-ամյակի օրը լրանում է  թերթի տպագրման 100-րդ համարը:

 

 

Դիտվել է 3111 անգամ:
Print Friendly

Leave a Reply