Այսօրվա երևանյան տոնական միջոցառումների ցանկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 21, 2011 13:13
Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ սեպտեմբերի 21–ին, «Էրեբունի – Երևան» տոնակատարությունների շրջանակում, Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին հրավիրում է մասնակցելու Երևանի օրվան նվիրված տոնական միջոցառումներին.
Ժամը 9։30 Ֆրանսիայի հրապարակից երկու ուղղություններով մեկնարկել է փողային նվագախմբերի տոնական երթը։
Ժամը 13։00–ից մինչև ուշ գիշեր Ազատության հրապարակում հանրապետության լավագույն երգիչ–երգչուհիների, երգի և պարային համույթների, այդ թվում նաև մանկական, լավագույն դիջեյների մասնակցությամբ տեղի կունենա տոնական մեծ համերգ. Արտո Թունջբոյաջյան, Էմ Փի Ռեյ, Դորիանս, Ռեինկարնացիա, դիջեյ Դելլ և շատ ուրիշներ.
Ժամը 13։00–ից 22։00–ը Հյուսիսային պողոտան կվերածվի Վարպետաց քաղաքի՝ ամենատարբեր ցուցադրություններով, թափառաշրջիկ երաժիշտներով ու ձեռնածուներով, մինի ներկայացումներով։
Ժամը 13։00–ից 20։00–ը Մաշտոցի պողոտայում ՝ Մալիբու սրճարանի հարևանությամբ, իսկ ժամը 18։00–ից 23։00–ը Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ ՝ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հանրապետության լավագույն կատարողների մատուցմամբ հնարավորություն ունեն ունկնդրել ազգագրական ու ժողովրդական երգեր։
Նախորդ դարասկզբի Երևանում հայտնվելու ցանկություն ունեցողները ժամը 13։00–ից 20։00–ը կարող են այցելել Աբովյան փողոցի Մոսկվա կինոթատրոնից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատված։
Ժամը 13։00–ից 22։00–ը Անգլիական այգում հնարավորություն ունեք ունկնդրել ինքնուս երաժիշտների կատարումները, ինչպես նաև մասնակցել «Առողջ երևանցի» ակցիային։
Վինտսերֆինգի սիրահարներին էլ Ժամը 17։00–ից հրավիրում ենք Կարապի լիճ ՝ ներկա գտնվելու մարզաձևի ցուցադրական ելույթներին։
Ջազի սիրահարները ժամը 16։00–ից Մոսկովյան պուրակում երիտասարդ ջազբենդերի կատարմամբ կարող են ունկնդրել սիրված երաժշտություն։
Իսկ դասական երաժշտության սիրահարներին Երևանի քաղաքապետարանը Ժամը 16։00–ից հրավիրում է Կոմիտասի արձանին հարակից պուրակ։
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հրապարակներում,այգիներում ու պուրակներում կթևածի տոնական երգն ու երաշժտությունը, կկազմակերպվեն մշակութային ու մարզական միջոցառումներ։
Իսկ ժամը 22։30 –ին մայրաքաղաքի երկինքը կլուսավորի տոնական շքեղ հրավառությունը։






Facebook
Tweet This
Email This Post
