Վարչապետ Սարգսյանն ընդունել է Մարկ Հորթոնին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 20, 2011 17:31

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և տնտեսության զարգացման հեռանկարները:
Մարկ Հորթոնը Տիգրան Սարգսյանին է ներկայացրել ԱՄՀ-ի «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի ընթացքը և ԱՄՀ հայաստանյան առաքելության այցի արդյունքները: Այդ համատեքստում անդրադարձ է եղել հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը, հարկային և մաքսային վարչարարությանը, գործարար միջավայրի բարելավմանը, գնաճի կրճատմանը։ Ընդգծելով, որ գնաճի ցուցանիշը մարտ ամսվա համեմատ այժմ զգալիորեն նվազել է` ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը դրական է գնահատել վերոնշյալ ոլորտներում ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած 2012 թ. բարեփոխումների փաթեթը: Նա արդյունավետ է համարել ԱՄՀ հայաստանյան առաքելության այցը, քանի որ համաձայնություն է ձեռք բերվել ստուգման բոլոր ուղղություններով:
Անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրերին` վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19-ին Բրյուսել կատարած իր այցի շրջանակում ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին է ներկայացվել 33 ուղղություններով միջոցառումներից բաղկացած նոր բարեփոխումների օրակարգ: Նա նշել է, որ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով Եվրամիությունն ավելացրել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը` այդ միջոցառումների իրականացման համար:
ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս օժանդակել ՀՀ կառավարության ծրագրերին։

 

Դիտվել է 1240 անգամ:
Print Friendly

Leave a Reply