Քաղաքապետը շնորհավորում է երևանցիներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 20, 2011 15:37

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,

ՍԻՐԵԼԻ  ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի  կապակցությամբ: 20 տարի առաջ մեր ժողովուրդը համախմբվեց հայության դարավոր երազանքի`անկախության գաղափարի շուրջ, որն այսօր պատմական իրողություն է, մեր ժողովրդի մեծագույն  ձեռքբերումը:  Անկախության յուրաքանչյուր տարին պայքար էր ու հաղթանակ: Այսօր էլ  20-ամյա հոբելյանը նշող Հայաստանի Հանրապետությունը վստահ քայլերով շարժվում է առաջ`համոզված, որ զարգացման ճանապարհն անբեկանելի է:

Մենք հավատարիմ ենք մեր  պատմական ընտրությանը, ինչը բազմիցս վերահաստատել ենք մեզ պարտադրված մարտահրավերներին դիմակայելով,  կառուցել, կառուցում ու կառուցելու ենք ազատ ու անկախ Հայաստանի ապագան:  Նաև հպարտ ենք, որ անկախության սերունդը պատվախնդիր է ու տեր է այդ ամենին:

Անկախության տարիների ձեռքբերումները, մեր պետության օր օրի  աճող հեղինակությունն ու վարկը ժամանակակից աշխարհում`լավագույն ապացույցն են, որ տակավին երիտասարդ մեր պետությունն արժանի ժառանգորդն է հազարամյա պատմություն ունեցող մեր ավանդույթների:

Այս նշանավոր տոնի  հետ այսօր մենք նշում ենք նաև մեր սիրելի մայրաքաղաքի 2793 –րդ տարեդարձը: Արդեն ավանդույթ դարձած “Էրեբունի- Երևան”-ը  համայն հայության տոնն է` հայրենիքի հետ մեր ժողովրդի տարբեր հատվածների կապերի սերտացման, մեր պետականության շուրջ համախմբման լավագույն առիթներից մեկը:

Համոզված եմ, որ մեր միասնականությունը, պետության շուրջ մեր համախմբվածությունը, Երևանի հանդեպ անկեղծ սերն ու նվիրվածությունը մեր  հզորության գրավականն է: Սրտանց ցանկանում եմ, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, տարեցտարի զարգացող, ծաղկող ու լուսարձակող  միշտ հին ու նոր մեր մայրաքաղաքի  մասին խոսելիս առանձնահատուկ ջերմությամբ ու հպարտությամբ ասի `Ի¯Մ ԵՐԵՎԱՆ:

Շնորհավոր տոնդ`Հայաստան, շնորհավոր տոնդ `Երևան:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply