Նոր մանրամասներ Ագարակում տեղի ունեցած խոշոր ծեծկռտուքից. Ի՞նչ կապ ունի Ագարակի քաղաքապետն այս ամենի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 20, 2011 10:56
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած խոշոր ծեծկռտուքի ժամանակ իրար են բախվել Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ազգական, «Կերամա Մարացցի» սեփականատեր Կարեն Բադալյանի որդին` իր հարազատներով եւ Ագարակի ավագանու անդամ, քաղաքապետի համադասարանցի եւ ընկեր Խաչիկ Գեւորգյանը` իր մտերիմներով:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը պատմեց, որ ծեծկռտուքի օրը ինքը գտնվել է Երեւանում եւ մասնակցել անկախության միջոցառումներին:
Իսկ թե ինչ դեպք է տեղի է ունեցել, ով է ում ծեծել եւ ինչի համար, Մխիթար Զաքարյանը նշեց, որ իր ազգականի` «Կերամա Մարացցի» սեփականատիրոջ` Կարեն Բադալյանի որդին` 16-ամյա Գեւորգ Բադալյանը բակում արագ մեքենա է վարել, փոշի է արել եւ պատշգամբից լեզվակռվի է բռնվել քաղաքացի Մհեր Անդրեասյանի հետ: Դրանից հետո էլ սկսվել է «Մի կաթիլ մեղրի պատմությունը»: Երկու կողմերը գնացել եւ բերել են իրենց ազգականներին, մտերիմներին եւ ընկերներին: Քաղաքապետի խոսքով` Մհեր Անդրեասյանը գնացել բերել է իր հարեւան Դավիթ Գեւորգյանին, իսկ Գեւորգ Բադալյանն իր հորեղբոր տղային` Հրաչիկ Բադալյանին: «Երբ Հրաչիկ Բադալյանը Դավիթ Գեւորգյանին ծեծի է ենթարկել, Դավիթ Գեւորգյանը հորեղբայրը` Խաչիկ Գեւորգյանը եկել է Հրաչիկ Բադալյանն է ծեծի ենթարկել, իսկ վերջինիս հորեղբայրն էլ` նրան է ծեծի ենթարկել եւ այդպես շարունակ»,- ասաց Մխիթար Զաքարյանը` հավելելով, որ այդքանից հետո տուժողը ինքն է դառնում, որովհետեւ ամեն ինչ իր անվան հետ է կապվում:
«Երեք տարի առաջ նույն Հրաչիկ Բադալյանը կրակել էր մեկի վրա, նորից գրեցին, որ քաղաքապետի հորաքրոջ թոռը կրակել է եւ անպատիժ մնացել, նույն Հրաչիկ Բադալյանը ծեծ է ուտում, գրում են, որ քաղաքապետի մտերիմները Հրաչիկ Բադալյանին ծեծի են ենթարկել: Փոքր քաղաք է, ցանկության դեպքում ամբողջ Ագարակին կարելի է կապել ինձ հետ: Ես միտումը չեմ հասկանում, միջադեպ է եղել, տգեղ բան է եղել, բայց ի՞նչ կապ ունի քաղաքապետը: Արդեն հոգնել եմ արդարանալուց»,- նշեց Մխիթար Զաքարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել: Սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան, Ոստիկանության Մեղրիի բաժին է դիմել 36-ամյա Սաթենիկ Կ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող մշակույթի տան մոտ, վիճաբանության ժամանակ, Ագարակի 4 բնակիչներ ծեծի են ենթարկել իր ամուսնուն, որդուն եւ տագրոջ տղաներին:Ըստ այդմ, Ագարակի բնակիչներ, 36-ամյա Խաչիկ Գ.-ն, 21-ամյա Դավիթ Գ.-ն, 36-ամյա Սոս Ս.-ն եւ Արմեն Ս.-ն ծեծի են ենթարկել ոստիկանություն դիմած կնոջ ամուսին 42-ամյա Արազիկ Բ.-ին, որդուն` 16-ամյա Գեւորգ Բ.-ին, ամուսնու եղբոր որդիներին` 21-ամյա Հրաչյա Բ.-ին, 17-ամյա Մերուժան Բ.-ին եւ մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ: Արազիկ Բ.-ին, Գեւորգ Բ.-ին, Հրաչյա Բ.-ին եւ Մերուժան Բ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:Ձեռնարկվում են միջոցառումներ Խաչիկ Գ.-ին, Դավիթ Գ.-ին, Սոս Ս.-ին, Արմեն Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:Կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
