Մատենադարանի նոր գիտական համալիրը` հայագիտության զարգացման խթան,տեսանյութ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 19, 2011 22:57

Երեքշաբթի` սեպտեմբերի 20-ին, Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում կբացվի նաեւ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր գիտական համալիրը:

Նոր մասնաշենքը 5-հարկանի կառույց է, կառուցվել է 2.5 տարում, շինարարությունը արժեցել է 14 միլիոն դոլար: Թեեւ նոր կառույցը երեք անգամ գերազանցում է Մատենադարանի գլխավոր շենքը, սակայն գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այնպես է նախագծել այն, որ նոր կառույցը դարձել է հնի օրգանական շարունակությունը:

Հիմնադրամն 50 տարիների ընթացքում Մատենադարանում պահպանվում եւ ուսումնասիրվում է ավելի քան 14 հազար հայերեն ձեռագիր մատյան, ինչպես նաեւ 3000-ից ավելի օտարալեզու ձեռագրեր:

Այսօր Մատենադարանի աշխատակիցները լրագրողների համար կազմակերպած շրջայցի ընթացքում հպարտությամբ էին ցույց տալիս այն հրաշալի պայմանները, որ ստեղծվել են Մատենադարանում պահվող գանձերի պահպանման, վերականգման եւ ուսումնասիրության համար:

Արթուր Մեսչյանը այս նոր շենքի նախագիծը սկսել էր դեռ 1988 թվականին, բայց շինարարությունը այդպես էլ չէր սկսվել Սպիտակի երկրաշարժի պատճառով:

«Կար գլխավոր նպատակ` կառուցել գրագետ, նոր մասնաշենք: Նոր մասնաշենք բառը արդեն նշանակում է, որ կա գլխավոր կառույց եւ, բնականաբար, ճարտարապետության գլխավոր խնդիրն էր այնպես նախագծել, որ ոչ մի դեպքում նոր մասնաշենքը չմրցի գլխավորի հետ, այլ դառնա ներկա կառույցի շարունակությունը», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մեսչյանը:

Նոր կառույցը` իր 2000 հնատիպ գրքերի գրադարանով, ձեռագրապահոցով, գրապահոցով, արխիվային փաստաթղթերի պահոցով, հարստացել է եւս մեկ նորամուծությամբ` հատուկ սարքի վրա համակարգչային մասնագետները հնարավորություն են ստեղծել այցելուների համար թերթել գրքերի եւ ձեռագրերի թվայնացված տարբերակները: Արդեն իսկ թվայնացվել է Մատենադարանի ընդհանուր ֆոնդի մոտ 20 տոկոսը:

«Պահոցը ապահովված է անվտանգության ջերմախոնավային բոլոր չափանիշներով: Մենք կարող ենք այսօր հանգիստ փաստել, որ վերջապես այն եզակի արժեքները, որոնք մեր ժողովրդի ամենաթանկ արժեքներն են, գտել են իրենց արժանի հանգրվանը: Շուրջ 400 հազար արխիվային փաստաթուղթ է պահվում արխիվային բաժնում, որտեղ քիչ չեն ունիկալ եւ առանձնապես արժեքավոր փաստաթղթերը», – ասաց Մատենադարանի Փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման եւ թվայնացման բաժնի պետ Արա Խզմալյանը:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն էլ շեշտեց, որ շինարարությանը զուգահեռ Մատենադարանը վերջին տարիների ընթացքում 1500 ձեռագիր է ստացել` հիմնականում նվիրատվությունների միջոցով:

«Դրա հետ միասին Մատենադարանում արագ սերնդափոխություն էր կատարվում: Վերջին 3 տարիների ընթացքում մոտ 150 աշխատող է ավելացել Մատենադարանում` հիմնական մասը գիտական եւ գիտատեխնիկական անձնակազմերն են: Այս շենքը կառուցվել է նաեւ ապագա հայագիտության զարգացման համար: Սա միջազգային նշանակության կառույց է, մենք նպատակ ունենք զարգացնել հայագիտությունը աշխարհում: Առաջին հերթին ազդակը պետք է լինի Հայաստանից, մենք չենք կարող նստել-սպասել, թե երբ երկնքից մանանա կիջնի մեզ համար: Մենք պիտի ամեն օր աշխատենք, եւ այդ մեղվաջան աշխատանքի շնորհիվ էր, որ Մատենադարանի այս կառույցը ստեղծվեց», – ասաց Թամրազյանը:

Գայանե Դանիելյան

 

 

azatutyun.am

 

Դիտվել է 1784 անգամ:
Print Friendly

Leave a Reply