«Նարեկացի» արվեստի միությունը 5 տարեկան է. Շուշիում տոնախմբություն էր

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 4, 2009 20:52

Նարեկացի արվեստի միությունն այս տարի նշում է իր հիմնադրման 5 տարին, իսկ Շուշիի մասնաճյուղը` 3:

Կենտրոնի հոբելյանը նշելու համար «Նարեկացու» զինվորները (այդպես են կոչում կենտրոն հաճախող անձանց) օգոստոսի 31-ին մեկնեցին Շուշի. պատերազմի փոշին դեռ չթոթափած այս գողտրիկ ու քամոտ քաղաքում`Մուրացան փողոցի «Նարեկացի» կենտրոնի բակում,  հոբելյանի առթիվ հավաքվել էին տեղաբնակներ, հյուրեր Ստեփանակերտից, Երևանից, Ֆրանսիայից, Լիբանանից, իսկ մանկական երգն ու պարը, ազգագրական համույթները, երգչախմբերն անընդհատ փորձեր էին անում:

Սկսեց ծննդյան մեծ հանդիսությունը: Երեխաների հետ ուրախանում էր նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը: Նարեկի ու իր ընտանքի միջոցներով են գործում Երևանի ու Շուշիի մշակութային կենտրոնները:

Նարեկը ծնվել է Լիբանանում, մեծացել արվեսատգետների ընտանիքում: Հիմա ապրում է Նյու -Յորքում: Պատմում է, որ հայրը միշտ իրենց տանը հյուրընկալել է մշակույթի տարբեր գործիչների`Ալեքսանդր Հարությունյան, Լևոն Հախվերդյան և այլք: Նարեկն ասում է, որ մեծացել է Կոմիտասի հնչյունների ներքո, լսել Արամ Խաչատրյան:

«Նարեկացին ծնվեց պատահաբար. Նյու-Յորքում արվեստի էքսպոյի էի մասնակցում, որտեղ քանդակագործ Արտո Չաքմաքչյանը նույնպես ներկայացված էր, բայց մի աննկատ տաղավար էին տվել նրան ու շատ անարդար երևույթներ նկատեցի,- պատմում է Նարեկ Հարությունյանը,- Մտածեցի՝ինչու հաջորդ տարի մենք նման միջոցառում չկազմակերպենք կամ հիմնենք մի հկ, որն արդար մոտեցում կցուցաբերի արվեստագետների հանդեպ, հնարավորություն կտա նրանց ներկայանալ հանդիսատեսին: Հավաքվեցինք ընկերներով, բոլորը ողջունեցին գաղափարը, և շատ անունների միջից քվերակությամբ ընտրվեց Նարեկացին, չնայած ես դեմ էի, քանի որ կարծում էի՝ կկապեն իմ անվան հետ»:

Դրա համար էլ Նարեկն Արտոյին համարում է «Նարեկացի» կենտրոնի «հայրը»:

Իսկ Շուշիի մասնաճյուղի գաղափարը ծնվել է հենց Շուշի ճամփորդելիս: «Ընկերներով, երբ եկել էի Հայաստան, գնում էինք Ղարաբաղ: Ճանապարհին մեքենան փչացավ: Ցուրտ ձմեռ էր: Հաջորդ օրը մի կերպ հասանք Շուշի: Ավերակներ տեսնելն ինձ համար ցավալի ու ծանր երևույթ էր: Ընկերներով մտածում էինք` ամեն մեկս մի տուն առնենք ու ընկերական մի լավ թաղամաս ունենանք Շուշիում: Հետո որոշեցինք ունենալ մի մեծ տուն, որը կլինի բոլորի համար և որը կծառայի Շուշիի մշակութային կյանքի հզորացմանը, սնմանը և զարգացմանը»,-պատմում է Նարեկը:

dsc_0195

Նարեկ Հարությունյանը երեխաների հետ կիսում է իր ուրախությունը

Շուշիի մասնաճյուղը, որի շինարարական աշխատանքները տևել են երեք տարի, եռահարկ կառույց է` համերգասրահով, ցուցասրահով, դասասենյակներով, գրադարանով, արվեստագետների համար նախատեսված հյուրասենյակներով: Բացօթյա ամֆիթատրոնը հնարավորություն է տալիս համերգներ կազմակերպել դրսում:

Շուշիի մասնաճյուղում գործում են հայոց լեզվի, անգլերենի, նկարչության, մանրանկարչության, քանդակագործության, ասեղնագործության, ժողովրդական բանահյուսության, ասմունքի, գրական-ստեղծագործական խմբակներ:Գործում է նաև երեխաների ամառային ճամբարը: Այս տարի ճամբարականների թիվը գերազանցել է 350-ը. Ղարաբաղի գյուղերից, Ստեփանակերտից, Շուշիից երեխաներն առավոտյան ճամբար են եկել, սնվել երեք անգամ, խաղեր խաղացել, մասնակցել տարբեր դասընթացների, իսկ երեկոյան տուն վերադարձել:

Հետագայում նախատեսվում է կառուցել թատրոնի շենք, ցուցահանդեսների կենտրոն, ճամբարային ավաններ, կամավորների համար կացարան: Այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները` նաև հաշմանդամների ազատ տեղաշարժման համար:

«Շուշին վերափոխվում է: Կյանքն Արցախում կամաց-կամաց այլ հուն է ստանում: Մշակութային օջախները ոչ միայն Շուշիում պետք է լինեն, այլև ամբողջ Ղարաբաղում: Պետք է փորձենք բացել նման արվեստի կենտրոններ, որպեսզի նոր սերնդին դաստիարակենք հայեցի, որպեսզի փրկենք այն ռաբիզից ու օտարամոլությունից, որ հիմա նկատվում է»,-ասում է Շուշիի մասնաճյուղի գործադիր տնօրեն Նարա Ավանեսյանը:

Նարեկ Հարությունյանն էլ ասում է, որ առաջիկայում կարիք կա Երեւանի կենտրոնի համար գնել բարձրորակ դաշնամուր` բարձրակարգ համերգներ եւ մասնագիտացված ձայնագրություններ իրականացնելու համար:

dsc_0178

Ելույթ էին ունենում Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի «Ծիածան» մանկական երգչախումբը

Նախատեսում են նաև անցկացնել ամենամյա մրցանակաբաշխություն` պարգեւատրելու հայ եւ օտար գիտնականներին, արվեստագետներին` գնահատելով նրանց ներդրումը հայ մշակույթի զարգացման գործում:

Կենտրոնում մտադիր են նաև կազմակերպել արվեստի ամենամյա փառատոն` աշխարհացրիվ հայ արվեստագետներին ու հանդիսատեսներին Հայաստանում համախմբելու համար: Եթե ամեն բան լավ լինի, կնկարահանեն նաև վավերագրական ֆիլմեր հայ մշակութային գործիչների մասին:

Երևանի մասնաճյուղը ստեղծվել է 2004 թ.: Այն մայրաքաղաքի մշակութային կյանքի յուրօրինակ կենտրոն է, որը կազմակերպում և իրականացնում է մշակութային տարբեր հանդիպումներ և միջոցառումներ` ցուցահանդեսներ, երաժշտական միջոցառումներ, թատերական ներկայացումներ, ֆիլմերի ցու­ցադրում, գրքերի շնորհանդեսներ և մասնագիտական դասընթացներ: Սրահները արվեստագետներին տրամադրվում են անվճար:

«Նարեկացի»-ում հավատում են, որ Շուշին իր առաջվա փառքը կունենա, իսկ Շուշիի կյանքում բողբոջած մշակութային նոր ծիլը հաստաբուն ծառի կվերածվի` իր հովանու տակ հավաքելով Հայաստանը-Սփյուռքն ու Արցախը կամրջող բոլոր արվեստասերներին:

Դիտվել է 2670 անգամ:
Print Friendly

Leave a Reply