Հանրահայտ դիրիժորը հիացած է հայազգի թավջութակահարով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 19, 2011 22:53

Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգը սկսելուց րոպեներ առաջ հանրահայտ դիրիժոր Վալերի Գերգիևը հանդիպեց լրագրողների հետ: Նա ասաց, որ ուրախ է  իր համերգը Հայաստանի անկախության  20-ամյակի տոնակատարությունների հետ համընկնելու համար:

ՀՀ  մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը ևս ներկա էր հանդիպմանը, հայտնեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ ընդունելության ժամանակ երկրի ղեկավարը Գերգիևին առաջարկել է 2013 թվականին Հայաստանում Գերգիևյան փառատոն կազմակերպել:

Ճեպազրույցի ժամանակ Գերգիևը մեկ անգամ ևս իր հիացմունքը հայտնեց Չայկովսկու անվ. երաժշտական փառատոնում հաղթանակ տարած թավջութակահար Նարեկ Հախնազարյանի վերաբերյալ` նկատելով, որ Նարեկի մրցակիցները ևս հիանալի երաժիշտներ էին և արժանի գլխավոր մրցանակի, սակայն այդ պատվին արժանացավ միայն նա:

Ըստ Գերգիևի, Նարեկը պետք է շարունակի լրջորեն պարապել, որպեսզի ամեն վայրկյան զարգանա «Դա անհրաժեշտ է, որպեսզի նա հասնի բարձունքներին, ոչ թե մտածի աֆիշաների, պրոդյուսերների և մենեջերների մասին»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Երևանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես եկավ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` մաեստրո Վալերի Գերգիևի ղեկավարությամբ:

Համերգային ծրագրում հնչեցին Ռ. Շտրաուսի «Հերոսի Կյանքը» Սիմֆոնիկ պոեմը, Գ. Մալերի, N4 սիմֆոնիան /մենակատար` Անաստասիա Կալագինա, սոպրանո/, Կ. Սեն-Սանս, N1 Կոնցերտը թավջութակի և նվագախմբի համար /մենակատար` Նարեկ Հախնազարյան, թավջութակ/:

Մաեստրո Վալերի Գերգիևն իր ժամանակի խոշորագույն երաժիշտներից է: Դեռ ուսանող տարիներին հաղթող է ճանաչվել հեղինակավոր մի շարք մրցույթներում: Այնուհետև նրան հրավիրել են Կիրովյան /Մարիինյան/ թատրոն` որպես գլխավոր դիրիժորի օգնական: Մեկ տարի անց նա բեմադրել է Սերգեյ Պրոկոֆևի «Պատերազմ և Խաղաղություն» օպերան: 1988 թ. նա ընտրվել է օպերային թատերախմբի գեղարվեստական ղեկավար, իսկ 1996 թ.-ին` Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն: Այդ պահից սկիզբ է առել թատրոնի ծաղկման շրջանը` ավելի հարստացած խաղացանկով: Վալերի Գերգիևը ներկայումս աշխարհի ամենապահանջված գիրիժորներից է, նա տարեկան ունենում է ավելի քան 130 համերգ:

 

 

 

 

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply