Ալավերդիում կասեցվել է ակնաբուժական բարեգործական ակցիան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 4, 2009 20:25

Ալբերտ Խաչատրյանը զննում է հիվանդի տեսողությունը

Երեկ Ալավերդիում ոստիկանության միջամտությամբ կասեցվել է Երևանի «Նաիրի օպտիկ» սերվիսի 2-օրյա բարեգործական ակցիայի շարունակությունը  երկրորդ օրը:

Ալավերդու քաղաքապետարանի հետ նախապես պայմանավորվածության համաձայն՝ «Նաիրի օպտիկ» ընկերության հատուկ մասնագետների կողմից բնակչության շրջանում պետք է անվճար անցկացվեր աչքի զննում և 1500 դրամով ակնոցների տրամադրում։

Ակնոցներից բացի, վաճառքի նպատակով, սակայն, նրանք իրենց հետ բերել էին շարֆեր և դպրոցական պայուսակներ: Քաղաքապետարանից տեղեկացրին, որ նախնական պայմանավորվածության համաձայն` այլ բանի վաճառք նախատեսված չի եղել:

Սերվիսի տնօրեն Ալբերտ Խաչատրյանը, սակայն, մեկնաբանել չցանկացավ։ Նա փորձում էր համոզել, որ դրանք բերվել են միայն նվիրելու նպատակով։ Սակայն քաղաքացին, ով չցանկացավ նշել իր անունը, վճարել էր և՛ ակնոցի, և՛ շարֆի համար։ 

Խոսելով ակցիայից միայն` նա ասաց, որ «ակցիայի բուն իմաստը բարեգործություն անելն է, քանի որ մարդկանց սոցիալական վիճակը թույլ չի տալիս, որպեսզի կարողանան վճարովի հիմունքներով հետազոտվել և ակնոցներ գնել»։

«Ակնոցները որակյալ են և թանկարժեք, պարզապես մենք բարի գործ ենք անում, իսկ 1500 դրամը սիմվոլիկ գումար է»,-ասաց նա։

Ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցների հետ զրույցից հետո Խաչատրյանն ասաց, որ իր աշխատանքը կդադարեցնի միայն քաղաքապետի հրամանով:

Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, սակայն, բացակայում էր  հանրապետությունից:

Նախատեսված էր ակցիան շարունակել նաեւ սեպտեմբերի 4-ին, սակայն քաղաքապետարանի որոշմամբ այն կասեցվեց:

«Նաիրի օպտիկ»-ի վարորդը հաշվում է վաստակած գումարը

Դիտվել է 1496 անգամ:
Print Friendly

Leave a Reply