20 միլիոն տուգանք «Մոկոնաթ» ընկերությանը՝ գերիշխող դիրքի չարաշահման համար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 19, 2011 13:11

Այսօր, սեպտեմբերի 19-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստում որոշվեց լուծվող սուրճի ներկրման ոլորտում խոշոր ծավալներ ունեցող «Մոկոնաթ» ընկերության հանդեպ կիրառել տուգանք  20 մլն դրամի չափով:

Դեմպինգ, խտրական գների կիրառում և անհիմն գնաճ. Ընկերության վարքագծի հետ կապված ուշագրավ բացահայտումներ

Հանձնաժողովի ուսումնասիրություններով բացահայտվել է, որ, վերոնշյալ ընկերությունը տևական ժամանակ լուծվող սուրճն իրացրել է խիստ տարբերակված գներով,իսկ որոշ դեպքերում էլ՝ անհիմն կերպով բարձրացրել է գինը: Հանձնաժողովը պարզել է նաև, որ մի որոշ ժամանակահատված  էլ «Մոկոնաթը» գների կտրուկ իջեցման միջոցով փորձել է շուկայից դուրս մղել իր մրցակցներին, այսինքն, ընկերությունը իրականացրել է դեմպինգ, ինչի արդյունքում էլ լուծվող սուրճի շուկայում կարողացել է զբաղեցնել գերիշխող դիրք՝ ներկրման ծավալներով դառնալով առաջատար:
Հանձնաժողովի փորձագետները այս ընկերության վարքագծի հետ կապված բավականին ուշագրավ բացահայտումներ են կատարել: Մասնավորապես, համաձայն ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի, լուծվող սուրճի ձեռքբերման գինը կազմել է  820 դրամ, սակայն վաճառքը տեղի է ունեցել գնման գնից անհամեմատ ցածր արժեքով՝ 620 դրամով: Այս գործելաոճով շուկայում առաջատար դիրքերի հասնելով, ընկերությունը կտրուկ փոխել է իր վարքագիծը և վարել է հակառակ քաղաքականությունը. Նույն 820 դրամով ձեռք բերված սուրճը վաճառել է քառակի անգամ թանկ՝ 3300 դրամով:

Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունը տևական ժամանակ գործել է օրենքի ակնհայտ խախտումներով և գերշահույթներ կորզել սպառողներից:

Ի դեպ, ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի  ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ ապրանքի ձեռքբերման և վաճառքի գները ակնհայտորեն չեն համապատասխանում իրական շուկայական գներին, ինչի հետ կապված բոլոր նյութերն ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե:
Տեղեկացնենք, որ  «Մոկոնաթ» ընկերությունը  խոշոր ներկրող է հանդիսանում նաև հետևյալ ապրանքային շուկաներում՝ «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» և «Բրինձ»:

 

Դիտվել է 691 անգամ:
Print Friendly

Leave a Reply