ՀՀ և Չինաստանի ՀԽ-ների միջև երկկողմ համագործակցության պայմանագիր է կնքվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 19, 2011 13:23
Այսօր ՀՀ հանրային խորհրդի և Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի (ՉՏՍԽ) միջև կնքվեց երկկողմ համագործակցության պայմանագիր, որով կողմերը համաձայնում են նպաստել երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացմանը:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն նշեց, որ վերջին տասնամյակներում Չինաստանը բոլոր ոլորտներում սրնթաց առաջ է գնացել, ինչը երկրի վարած ճիշտ քաղաքականության արդյունք է: Հայաստանի երրորդ հանրապետության և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են անկախացումից անմիջապես հետո, սակայն, ըստ պատմագրության, երկու ժողովուրդների միջև ընկերական հարաբերություններ են հաստատվել դեռ 2-րդ դարում:
Երկու երկրների ՀԽ-ները, չնայած առկա դիվանագիտական հարաբերություններին, ցանկություն են հայտնել հարաբերություններ ստեղծել նաև հասարակությունների միջև` կյանքի տարբեր ոլորտներում:
Համաձայնագրի կնքումը կարևորեց նաև ՉՏՍԽ փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Յանգ Անցյանգը`հավելելով, որ դա կնպաստի երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը:
Վազգեն Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ ՀԽ առաջարկով ԱՊՀ երկրների հանրային խորհուրդների ասոցիացիա կստեղծվի ՏԵՍԽԻՄ-ի շրջանակներում, որը միավորում է աշխարհի 60 երկրների հանրային խորհուրդներին:
Ռուսաստանը և Ուկրաինան արդեն ցանկություն հայտնել են ընդգրկվել նոր ասոցիացիայում:
«ՀԽ-ներում հավաքված են նախկինում և ներկայում ազդեցիկ մարդիկ, որոնք կապված են որոշումներ ընդունելու հետ: Այդ ազդեցությունները պետք է ծառայեցնենք մեր երկրների հարաբերությունները ամրապնդելուն: ԱՊՀ երկրներում քաղաքացիական հասարակություն կառուցելու խնդիրներն էլ շատ նույնանման են»,- ասում է Մանուկյանը:






Facebook
Tweet This
Email This Post
