Կառավարության ղեկավարը ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ պարգևատրել է տարբեր ոլորտների ներկայացուցիչների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 18, 2011 14:01

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակացությամբ Կառավարության նիստերի մեծ դահլիճում հրավիրել է ընդունելություն, որին մասնակցել են պետական կառավարման մարմինների, գիտության, մշակույթի, սպորտի բնագավառի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ և աշխատանքային գործունեության ընթացքում նշանակալի ավանդի համար նշված ոլորտների մի խումբ անձինք Տիգրան Սարգսյանի հրամանագրերով պարգևատրվել են վարչապետի հուշամեդալներով և շնորհակալագրերով:
Միջոցառման շրջանակում բացվել է լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի՝ Հայաստանի անկախության պատմությունը ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսը:
Շնորհավորելով ներկաներին ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Սիրելի հայրենակիցներ, տիկնայք և պարոնայք,
Մի քանի օրից մենք ձեզ հետ միասին տոնելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ` հոբելյանական տարին:
Խորհրդանշական է, որ հենց այս վայրում՝ մեր կողքի դահլիճում, 20 տարի առաջ բարձրաձայնվեց և ընդունվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Անկախությունը նախ և առաջ ընտրություն է: Ընտրություն, որը մարդ արարածի հնարավորությունն է, իսկ մեր պարագայում 20 տարի առաջ դա մեր ազգի, քաղաքացիների գիտակցված ընտրությունն էր, որը հնարավոր դարձավ հանրաքվեի արդյունքում, և մենք ընտրեցինք անկախությունը:
«
ԱՅՈ» ասացինք անկախությանը և հռչակեցինք Հայաստանի Հանրապետություն: Հանրային պետություն, ուր ամեն քաղաքացի պատասխանատու է իր երկրի համար:
Պատասխանատվությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, և աշխարհասփյուռ հայության համար փորձության ենթարկվեց անմիջապես: Փորձությունը ծանր էր և առաջին հայացքից ուժերից վեր մի երկրի համար, որ դեռ չէր ապաքինվել 1988 թվականի աղետալի երկրաշարժից:
Հրաշալի Ֆոտոլուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի այս լուսանկարներում մենք տեսնում ենք այդ փորձության վավերագրությունը: Այն ուղին, որ թրծեց մեր նորանկախ պետության կամքը, ուժը և հավատը: Մեր անկախությունը սկսվեց պարտադրված պատերազմով, որից մենք հաղթանակած դուրս եկանք:
Անկախությունը հասունության դրսևորում է, երբ մենք ինքնուրույն ենք կարգավորում մեր կյանքը: Ինքնուրույն ենք կազմակերպում մեր ներկան և ծրագրում ենք մեր ապագան: Այսօր մենք պարտավոր ենք հաղթանակել նաև խաղաղ պայմաններում: Իսկ այդ հաղթանակները մեզ կտրվեն միայն Հանրապետության ամեն քաղաքացու կողմից սեփական դերը կարևորելու և գործին պատասխանատվությամբ վերաբերվելու պարագայում:
Այսօր Հայաստանում մեծանում է անկախության սերունդը: Պատանիներ, երիտասարդներ, որոնք ծնվել են Անկախ Հայաստանում: Մենք պարտավոր ենք անել հնարավորը այս սերնդի համար: Ձեզանից յուրաքանչյուրը օրինակ է երիտասարդների համար: Ձեր գործով, ձեր քաղաքացիական կեցվացքով, ձեր մասնագիտական որակներով դուք եք, որ պետք է ուղղորդեք անկախության սերնդին:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տոնի առիթով: Մաղթում եմ բոլորիդ քաջ առողջություն և երկար տարիների կյանք: Այս Քսան տարին մենք անցել ենք միասին: Այս քսան տարին փորձություն էր, որ մենք հաղթահարեցինք և մտանք հասունության փուլ այն համոզմունքով և տեսլականով, որ ապագան մերն է լինելու:
Փառք Հայաստանի Հանրապետությանը,
Փառք Հայ ժողովրդին»:

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply