Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ,լուսանկարներ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | September 17, 2011 14:57

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի առթիվ` իրենց բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների, լավագույն արդյունքների հասած վաստակաշատ ներկայացուցիչներ, հայապահպանության գործում նշանակալի ավանդ ունեցած և հայրենիքին զորավիգ եղած մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով:

Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրված, ինչպես նաև պատվավոր կոչումների արժանացած սփյուռքահայության ականավոր ներկայացուցիչների, գիտության, կրթության, առողջապահության և տնտեսության բնագավառի մի խումբ անձանց, զինված ուժերի և ուժային կառույցների ծառայողների, դիվանագիտության ասպարեզում հաջողություններ արձանագրած դիվանագետների պարգևները հանձնվել են Հանրապետության ղեկավարի կողմից` այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ:

Պետական բարձր պարգևների արժանացածներին Նախագահը շնորհավորել և մաղթել է հաջողություններ:

 

 


Հարգելի՛ տիկնայք և պարոնայք

Պարոնայք գեներալներ, սպաներ

Հարգելի՛ հյուրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ  բոլորիդ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի, և հայրենիքի բարձր կոչումներին ու պարգևներին արժանանալու կապակցությամբ:

Ինձ համար այս պարգևների հանձնումը պատիվ է, որովհետև այստեղ ներկա են մեր երկրի ու հասարակության արժանավոր ներկայացուցիչներ: Առաջին հերթին հենց նման մարդկանց շնորհիվ է, որ մեր պետությունը կանգուն է և նման մարդկանց շնորհիվ է առաջընթաց արձանագրում մեր ժողովուրդը:

20 տարի առաջվա Հայաստանը և այսօրվա Հայաստանը ոչ միայն աշխարհի, այլև մեզ համար բացարձակապես տարբեր երկրներ են: Մեր երկիրը վերափոխվել է հենց մարդկանց` կոնկրետ անհատների նվիրված աշխատանքով: Եվ յուրաքանչյուրի բերած աշխատանքի կաթիլները միավորվելով մեծ ուժ են դառնում: Առածն է ասում. «Ջրի կաթիլը քար է ծակում»: Մենք որպես ազգ 20 տարի շարունակ կաթիլ-կաթիլ քար ենք ծակել: Այսօր պարգևատրվողներից յուրաքանչյուրն ինձ համար ահա այդպիսի մի թանկ ու կարևոր կաթիլ է:

20 տարի առաջվա Հայաստանը և այսօրվա Հայաստանը, այնուամենայնիվ, նույն երկիրն են` նույն լեզվական, մշակութային ու ընտանեկան ավանդույթներով, ինչպես նաև ազգային իղձերով: Մենք միշտ մնալու ենք նույնը, բայց նաև միշտ տարբեր. պահպանողական ու արդիական, ազգային ու միջազգային, միշտ հին ու միշտ նոր: Սա է հավերժության ճանապարհը, եթե հավակնում ենք հավերժի ճամփորդ լինել:

Զինվոր թե սպա, գիտնական թե արվեստագետ, բժիշկ թե ուսուցիչ, շինարար թե քաղծառայող, բանվոր թե նախարար` բոլորս մեծ հաշվով նույն գործն ենք անում` նույն կառույցի մասերն ենք: Ինչպես տաճարի հիմքը, սյուներն ու գմբեթն  ունեն տարբեր գործառույթներ, բայց բոլորը միասին մեկ ամբողջություն են: Վահան Տերյանն ասում էր. «Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար»: Եվ եթե մեզնից յուրաքանչյուրն իրեն ընկալի որպես մի քար տաճարի պատի մեջ, ապա կտեսնի, թե որքան ուժեղ, գեղեցիկ ու անմահ ենք մենք միասին, և որքան խոցելի ենք, երբ տաճարի պատից քար է պակասում:

Այսօր հայրենիքը արժանին է մատուցում նրանց, ովքեր ունեն այդ գիտակցությունը, ովքեր ապրում ու աշխատում են այդ գիտակցությամբ, ովքեր չափանիշ են ձևավորում, քանզի վաղվա սերունդը հենց այդ չափանիշներով է առաջնոդվելու:

Կրկին շնորհավորում եմ ձեզ և շնորհակալություն հայտնում ձեր վաստակի համար` այն հաստատ հավատով, որ դուք ձեր գործընկերների հետ միասին շարունակելու  ու  զարգացնելու եք ձեր և մեր հաջողությունները: Հաջողություններ, որոնց շնորհիվ 20 տարի հետո ունենալու ենք բոլորովին ուրիշ, բոլորովին նոր երկիր, բայց որը լինելու է  նույն հինավուրց ու շատ սիրելի Հայաստանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply