Բաքվում սրվում են հակաիրանական տրամադրությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 17, 2011 2:36

Իրանում տեղի ունեցող բնապահպանական ցույցերը մտահոգությունների տեղիք են տվել ցամաքող լճի շրջակայքում բնակվող էթնիկ ադրբեջանցիների իրադրության վերաբերյալ:

 

Մինչ Իրանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցող ցույցերի մասնակիցները պահանջում էին իշխանություններից անհապաղ միջոցառումներ ձեռնարկել [երկրի] ամենամեծ լճերից մեկը ցամաքեցումից փրկելու համար, Բաքվում բողոքի ակցիա էին կազմակերպել Իրանի դեսպանատան առջեւ:

Բաքվում ոստիկանության միջամտությամբ ցրված ցույցի հարյուրավոր մասնակիցների մտահոգություններն ավելի շատ կապված էին Իրանում բնակվող մեծաթիվ ադրբեջանական համայնքի, քան Ուրմիա լճի բնապահպանական վիճակի հետ:

Բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները վանկարկում էին` «Միավորել Ադրբեջանը Թավրիզում իր մայրաքաղաքի հետ»: Այս հայտարարությունները կապված են նախկին խորհրդային ադրբեջանական հանրապետությունը Իրանի հյուսիսարեւմտյան շրջաններում բնակվող էթնիկական ադրբեջանցիների հետ միավորվելու վերաբերյալ ազգայնական ձգտումների հետ:

«Մեր պահանջները քաղաքական բնույթ չեն կրում: Մենք պարզապես կարծում ենք, որ պարտավոր ենք աջակցել իրանական Ադրբեջանում բնակվող մեր եղբայրներին», – պնդում է Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի երիտասարդական թեւի ղեկավար Սեյմուր Հասանլին:

Մերձավոր արեւելքի ամենամեծ լիճը` Ուրմիան, տեղակայված է Իրանի արեւելյան եւ Ադրբեջանի արեւմտյան շրջանների միջեւ: Սակայն, ամբարտակների, ջրի չարաշահման, երաշտի եւ գոլորշիացման պատճառով` լճում ջրի մակարդակը խիստ կրճատվել է:

Քանի որ Ուրմիա լճի ջուրն աղի է, լճի մակարդակի կրճատման հետեւանքով մնացող հանքային նյութերի պաշարները պոտենցիալ վտանգ են ներկայացնում առողջության համար:

Իրանի խորհրդարանում այս շրջանը ներկայացնող Ջավադ Ջահանգիրլին BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ եթե Ուրմիան ցամաքի, ապա աղի շերտով պատված լճի հատակը կարող է բնապահպանական աղետի պատճառ դառնալ` վտանգելով շուրջ 14 միլիոն մարդկանց կյանքը:

Լճի երկու ափերին գտնվող Թավրիզ եւ Ուրմիա քաղաքներում օգոստոսին տեղի ունեցած բողոքի ցույցերն արժանացան ոստիկանության` սովորականի պես կոպիտ արձագանքին:

«Մարդկանց պահանջները լսելու փոխարեն` իրանական իշխանությունները զանգվածային ձերբակալություններ սկսեցին: Միայն սեպտեմբերի 4-ին Ուրմիայում ավելի քան 200 ցուցարարներ են ձերբակալվել` թե´ փողոցային բողոքի ցույցի ընթացքում, թե´ տանը: Ձերբակալվածների ընդհանուր թվի մասին խոսելը շատ դժվար է, սակայն նրանց քանակն արդեն հասնում է հազարավորների», – նշում է Վահիդ Գարադագլին` Բաքվում գործող «Իրանում ադրբեջանցի քաղաքական բանտարկյալների պաշտպանության միության» մամլո խոսնակը:

Ադրբեջանում լավ գիտեն, թե ինչի կարող են հանգեցնել բնապահպանական խնդիրները: Այստեղ հիշում են, թե ինչ պատահեց Կենտրոնական Ասիայում տեղակայված Արալյան ծովի հետ: Խորհրդային տարիներին գետի ջրերի անխնա օգտագործումը հանգեցրեց Արալյան ծովի ջրի մակարդակի կրճատման, եւ ծովի հատակից բարձրացած վնասակար փոշին ու աղի մնացորդները տարածվեցին Ուզբեկստանի եւ Ղազախստանի ափամերձ շրջանների վրա:

Այնուամենայնիվ, Ադրբեջանում շեշտը դրվում է Իրանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարվող քաղաքականության վրա:

«Իրանի իշխանությունների անտարբերությունը լճի նկատմամբ ցույց է տալիս նրանց հակակրանքը մեր` ադրբեջանցիներիս նկատմամբ: Եթե աշխարհի ամենաաղի լճերից մեկը` Ուրմիան, ցամաքի, ապա [Իրանում] ողջ ադրբեջանական հարավի տարածքները կենթարկվեն աղակալման: Մարդիկ կզրկվեն ոչ միայն իրենց տներից, այլ նաեւ գոյության միջոցներից: Միայն մտածեք այն սպառնալիքի մասին, որը ներկայացնում են Իրանի իշխանությունները մեր եղբայրների համար», –  նշում է Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի ղեկավար, խորհրդարանի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին:

Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը խոստացել է շարունակել ճնշում գործադրել Թեհրանի վրա:

«Չնայած ոստիկանության կոպիտ արձագանքին եւ ցուցարարներին ցրելու հանգամանքին, մենք պատրաստվում ենք շարունակել բողոքել, մինչեւ խնդիրը լուծում ստանա: Մեր ցույցերից հետո, իշխանությունները փակեցին Իրանի դեսպանատուն տանող ճանապարհը` հավանաբար վերանորոգման նպատակով: Սակայն դա մեզ չի կանգնեցնի. մենք կգտնենք մեր հարազատներին աջակցելու ուղին եւ վայրը», – պնդում է Հասանլին:

Ադրբեջանցի ազգայնականներն իրենց դիրքորոշումներն արտահայտելու ավելի հնարամիտ միջոցներ են գտել: Սեպտեմբերի 6-ին Ղազախստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականների միջեւ տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ մի խումբ երկրպագուներ վանկարկում էին «Ադրբեջանը մեր կյանքն է, Ուրմիան` մեր արյունը», եւ «Պարսիկները, ռուսները եւ հայերը թուրքերի [ադրբեջանցիների] թշնամիներն են» կարգախոսները:

Շուտով միջամտեց ոստիկանությունը` 14 մարդ ձերբակալելով, իսկ մնացած երկրպագուներին ցրելով:

Հաշվի առնելով այն փաստը, որ Թեհրանի հետ հարաբերությունները երբեք էլ հարթ չեն եղել, զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Ադրբեջանի իշխանությունները բարդ իրադրության մեջ են հայտնվել: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին կոչ է արել ավելի զուսպ լինել:

«Իհարկե, մենք հասկանում ենք, որ Թավրիզում եւ Ուրմիայում բնակվող ադրբեջանցիների բողոքները լճի ցամաքեցման դեմ արդարացի են: Մենք չենք կարող անտարբեր լինել այս ամենի նկատմամբ: Սակայն նրանք Իրանի քաղաքացիներ են, եւ մենք չենք կարող միջամտել այլ երկրի ներքին գործերին: Այնուհանդերձ, ոչ մի տեսակի ուժ եւ բռնություն չի կարող ստիպել մարդկանց դադարեցնել պայքարն իրենց իրավունքների համար: Համոզված եմ, որ վաղ թե ուշ Իրանի իշխանությունները կգիտակցեն դա», – նշել է նա:

Սաբուհի Մամեդլի, Կովկաս

Կովկասյան լրատու # 608

9-ը սեպտեմբերի, 2011թ.

 

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply