Թռչկանի հաշվին ՀԷԿ կառուցող «Ռոբշին» ընկերությունը չներկայացավ քննարկմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 17, 2011 1:37

Ահա մոտ երկու շաբաթ է հանրությունը լրատվամիջոցների և սոցիալական կայքերի միջոցով անհանգստացած ահազանգում է Թռչկանի ջրվեժի մոտակայքում ՀԷԿ կառուցելու դեմ: Մեծ Պառնի գյուղից ոչ այնքան հեռու գտնվող Թռչկանի ջրվեժը դարձել է ոչ միայն Լոռու և Շիրակի մարզերի, այլեւ ամբողջ Հայաստանի բնապահպանների անհանգստության պատճառը: Բանն այն է, որ Թռչկանի ջրվեժը սնուցող Գետիկ գետի վրա «Ռոբշին» ՍՊԸ-ն ցանկություն ունի կառուցելու ՀԷԿ: Այս խնդրով անհանգստացած է նաև Վանաձորի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվության կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը: Նա այսօր Թռչկանի ջրվեժի խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրել էր լրագրողների, հասարակական կազմակերպությունների և ՀԷԿ-ը կառուցել պատրաստվող ընկերության ներկայացուցիչներին: Լրագրողները ճիշտ ժամանակին ներկայացել էին հանդիպում-քննարկմանը, իսկ ընկերության կողմից ոչ ոք չկար: Վերջիններիս չներկայանալը չխանգարեց քննարկման ընթացքին, ինչը վերածվեց մամուլի ասուլիսի, և լրագրողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին «Օրհուսի» համակարգող Պերճ Բոջուկյանին: Ըստ նրա` դեռևս 2004թ. «Ռոբշին» ՍՊԸ-ն երկու տարի ժամկետով լիցենզիա էր ստացել Գետիկի վրա ՀԷԿ կառուցելու վերաբերյալ, իսկ 2006թ. Թռչկանի ջրվեժը ճանաչվել է որպես հատուկ պահպանվող տարածք: Բոջուկյանը մեջբերեց օրենքի այն կետը, ըստ որի` “Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը”:Բնապահպանի համոզմամբ` եթե ջրվեժի տարածքից վերև կառուցվի ՀԷԿ, ապա շատ շուտով ջրվեժը կցամաքի: Հայաստանում իր մեծությամբ և բարձրությամբ երկրորդ այս ջրվեժը, պարզվում է, կանհետանա: Իսկ այս ջրվեժին փրկվելու համար պակասում է անձնագիր, մի ինչ-որ թղթիկ, որպեսզի այն օրենքով պաշտպանված լինի: Վանաձորի «Օրհուս» համակարգողը ավելացրեց, որ այս ամենի հետ միասին ՀԷԿ կառուցողները մեկ այլ տարբերակ էլ են առաջարկում` ամռան ամիսներին ՀԷԿ-ը չի աշխատելու: Եվ ստացվում է, որ միայն այդ ամիսներին բնակչությունը հնարավորություն կունենա հիանալու բնության կերտվածքով: Ստացվում է ինչ-որ արհեստական, այն էլ` ժամանակավոր կենսատարածք: Չնայած, միթե համեմատելի է մի ջրվեժն ու 3.65 մլնԿՎտԺ տարեկան էլեկտրաէներգիան, որը մենք կարող ենք ստանալ ՀԷԿ-ի շնորհիվ: Գործունյա մարդկանց համար, հավանաբար, երկրորդ տարբերակն ավելի ախորժալուր է:  Ջրվեժի շրջակայքում դիտարկումներ կատարելով` բնապահպանները շինարարական աշխատանքների ականատես չեն եղել, սակայն անհնար է եղել չնկատել նախկինում արված աշխատանքների հետևանքը` տրակտորի անցած ճանապարհի հետքերն և մոտակայքում թողած խողովակաշարերը:  «Բնապահպանները նամակով դիմել են նաև բնապահպանության նախարարությանը` խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով, սակայն դեռևս արձագանք չկա»-հավելեց Պ. Բոջուկյանը: Հետաքրքիր է նաև, որ Թռչկանում ՀԷԿ կառուցելուն կողմ են եղել նաև մոտակա գյուղերի բնակիչները: Չգիտես` աշխատանք ունենալու հեռանկարներն են գայթակղել նրանց, թե` մեկ այլ ակնկալիք: Չնայած, որ Մեծ Պառնիիում մոտ 1000 բնակիչ կա, իսկ ՀԷԿ-ը միայն մեկ տասնյակին աշխատանքով կապահովի:Իհարկե բավական ողջունելի է մաքուր ու մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա ստանալու գաղափարը, բայց ոչ բնության հաշվին:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply