Հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2011 17:10

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը հանդիպեցին «Ֆեյսբուք»  սոցիալական ցանցում գործող «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում»   խմբի անդամներին:

Դեռեւս հունիս ամսին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով Արտակ Դավթյանը հանդիպել էր «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի անդամներին: Հանդիպմանը քննարկվել էին գիտության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, արվել մի շարք առաջարկներ, որոնց լուծումն, ըստ խմբի անդամների, կօժանդակի գիտության հետագա զարգացմանը, կապահովի գիտնականների բնականոն սերնդափոխությունը եւ այլն:

Այս կապակցությամբ  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն ստացել էր  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի  դիրքորոշումը բարձրացված հարցերի վերաբերյալ, ինչն էլ   այսօրվա քննարկման թեման էր:

Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ով ի լրացումն ներկայացրեց գիտության ոլորտում կատարված եւ ծրագրված աշխատանքները:

Նշենք, որ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի անդամները մասնավորապես  առաջարկում են ընդունել «Անկախ գիտական փոխձաքննության մասին» ՀՀ  օրենք,  գիտական սարքավորումների ներմուծման պարագայում ազատել ավելացված արժեքի հարկի վճարումից, ավելացնել հայագիտական եւ բնագիտական ֆակուլտետների ասպիրանտական տեղերը, ընդունել երիտասարդ գիտնականների խրախուսման ծրագիր, ստեղծել Համահայկական գիտական հիմնադրամ եւ այլն:

Ամփոփելով քննարկումը` Արտակ Դավթյանը ներկաներին առաջարկեց ներկայացնել  հստակ ծրագիր, որի շուրջ էլ կընթանան  հետագա  քննարկումները:

 

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply