ՀՀ նախագահն ընդունեց ՀՀ-ում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատար Զիադ Աթալլահին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2011 17:08

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատար Զիադ Աթալլահին:

Շնորհավորելով դիվանագետին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարության ժամանակահատվածը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց հայ-լիբանանյան միջպետական հարաբերություններն ու երկու ժողովուրդների կապերը, ինչի վկայությունն էր նաեւ ՀՀ ԱԺ նախագահի` 2010 թվականին Լիբանան կատարած պաշտոնական այցի ժամանակ ցուցաբերված ջերմ ընդունելությունը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի` այս տարվա հոկտեմբերին  նախատեսված պաշտոնական այցը Հայաստան կնպաստի երկրների միջեւ փոխհարաբերությունների ու կապերի ամրապնդմանը եւ եւս մեկ անգամ կփաստի, որ հայ-լիբանանյան քաղաքական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, իսկ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ կա  լիակատար փոխըմբռնում:

Պարոն Աթալլահը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար` գերազանց գնահատելով հայ- լիբանանյան հարաբերությունները եւ վստահություն հայտնեց, որ Լիբանանի խորհրդարանի նախագահի այցից հետո փոխգործակցությունը առավել կզարգանա եւ կամրապնդվի:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply