Ամփոփվել են վարչական շրջանների` օգոստոս ամսին կատարած աշխատանքների արդյունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 16, 2011 16:56

Ամփոփվել են օգոստոս ամսին վարչական շրջանների գործառույթների գնահատման արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ընդհանուր վերլուծությունը, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման վարչության պետը քաղաքապետին զեկուցել է, որ օգոստոսին նախորդ ամսվա համեմատ աճել են սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Աղբահանության մասով ընգծվել է, որ բոլոր վարչական շրջանները լավ արդյունք են արձանագրել: Համեմատաբար ցածր է եղել Արաբկիրի ցուցանիշը: Համաձայնելով գնահատականի հետ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ չնայած թերացումը պայմանավորված է պայմանագրային պարտավորություններով ծառայություններ մատուցող գործընկեր կազմակերպության վատ աշխատանքով, այդուամենայնիվ  վարչական շրջանի աշխատակազմը պետք է կանխատեսեր իրավիճակը և համապատասխան միջոցառումներ ձեռնարկեր:

Անդրադառնալով  կանաչապատման ու բարեկարգման գործառույթներին, Երևանի քաղաքապետը ընդգծել է, որ որոշ վարչական շրջաններում դրական տեղաշարժն ակնհայտ է, սակայն շատ տեղերում դեռևս անելիքներ կան: Հիմք ընդունելով Երևանի ավագանու համապատասխան որոշումը պարտադիր բարեկարգման կանոնների մասով, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը առաջարկել է մասնավոր ընկերություններին ուղարկվող ծանուցումների, ինչպես նաև երկկողմ կնքված ու հաստատված հատակագիծ-սխեմայի  հիման վրա, պարտադիր բարեկարգման նորմերի կիրառումը դարձնել վարչական շրջանի ղեկավարի `բարեկարգման ոլորտում կատարված աշխատանքների ցուցանիշ:

Մեկ անգամ ևս շեշտելով սեպտեմբերի 17-ի համաքաղաքային շաբաթօրյակին կազմակերպված ձևով մասնակցելու անհրաժեշտությունը, քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին և աշխատակազմի  պատասխանատուներին հանձնարարել է պատշաճ իրազեկել  գերատեսչություններին, կազմակերպություններին և բնակչությանը` գործընթացն առավել զանգվածային և հասցեագրված իրականացնելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply