Լազերային երիտասարդացում. գիտության նվաճումը մաշկի ծերացման դեմ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | September 4, 2009 10:20

kinՍեփական տարիքից 10-20 տարի երիտասարդ երևալու հնարավորություն է տալիս լազերային երիտասարդացումը: Եվ այդ տեսքը կպահպանվի ևս 10 տարի: Այս մասին ասում է Վաշինգտոնի մաշկաբանական լազերային վիրաբուժության ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Թիլա Օլսթերն:

1958 թվականին լազերի գյուտը հեղափոխություն կատարեց բժշկության մեջ:

Լազերը դարձավ վիրաբույժների և մաշկաբանների ամենահեռանկարային ու խոստումնալից զենքը մաշկի ծերացման դեմ: Լազերի միջոցով դեմքի երիտասարդացման հնարավորությունը գրեթե պատահական է բացահայտվել: Լազերի միջոցով մաշկի սպին հարթեցնելու ժամանակ վիրաբույժները նկատել են, որ հարթեցումից հետո սպիի շուրջ եղած կնճիռները ևս զգալիորեն հարթվել են: Լազերային վիրաբուժության դեպքում արնահոսություն չի առաջանում, ինչը չի կարող չառաջացնել վիրահատական դանակը: Ըստ մասնագետների` լազերը կարող է լուծել մաշկի մի շարք խնդիրներ` կնճիռներ, պիգմենտացիաներ (լաքաներ), մանր անոթային ցանցեր, սպիներ, անցանկալի խալեր, մազեր ու դաջվածքներ:

«Լազերային երիտասարդացում»-ը Հայաստան է ներմուծվել վերջին մի քանի տարիներին:

«Բնական ծերացումը, արևի վտանգավոր ազդեցությունը, ծխելը խափանում են մաշկի հիմնական պրոտեինը համարվող կոլլագեն շերտը, որը միացնում է մաշկի հյուսվածքներն ու ապահովում մաշկի առաձգականությունը, – ասում է կոսմետոլոգիական մասնագիտացված կենտրոնի բժիշկմաշկաբան Սոնա Բունիաթյանը, – արդյունքում մաշկը սկսում է ծերանալ, թոշնել ու պատվել կնճիռներով: Լազերային ճառագայթները խթանում են արյան շրջանառությունը, լավացնում նյութափոխանակությունը, ապահովում, որ ավելի երիտասարդ կոլագեն ստեղծվի»: Սոնա Բունիաթյանը 25-35 տարեկան կանանց խորհուրդ է տալիս տարվա մեջ մեկ անգամ ընդունել լազերային երիտասարդացման կուրս (մեկ կուրսը ներառում է 4-5 պրոցեդուրա), իսկ ավելի բարձր տարիքով կանանց` տարվա մեջ երկու կուրս:

Մեկ պրոցեդուրան տևում է 15-20 րոպե և արժե մոտ 10.000 դրամ:

Լազերի «ծառայություններից», սակայն, ոչ բոլորը կարող են օգտվել:

«Նախքան լազերային երիտասարդացման պրոցեդուրա ընդունելը, խորհուրդ է տրվում հետազոտել օրգանիզմը և պարզել, թե արդյո՞ք ձեր օրգանիզմն ի վիճակի է ընդունել լազերային ճառագայթներ, – ասում է Սոնա Բունիաթյանը, – լազերային ճառագայթները հակացուցվում են շաքարային դիաբետի, հիպերտոնիայի, էպիլեպսիայի, չարորակ նորագոյացությունների, ընդգծված, մեծ խալերի, հղիության, կրծքով կերակրման ժամանակ և մի շարք այլ դեպքերում»:kin3

Բժիշկմաշկաբանը նկատում է, որ հայ կանայք դեռևս պատրաստ չեն իրենց մաշկին ավելի երիտասարդ ու թարմ տեսք հաղորդելու համար ժամանակ ու միջոցներ ծախսել, ինչն, առաջատար երկրներում բնական երևույթ է:

«Մեր կանայք ավելի շատ սիրում են մաշկի խնդիրները շպարի միջոցով կոծկել, քան վերացնել, – ասում է Բունիաթյանը, – եվրոպական երկրներում, Ռուսաստանում կանայք վաղուց հրաժարվել են ամենօրյա շպարից, քանի որ նրանց մաշկն այնքան խնամված է, որ միշտ փայլում է և շպարի կարիք չունի»:

Նա ասում է, որ լազերային երիտասարդացման համար իրենց կենտրոն են դիմում մեծ մասամբ կնճիռները հարթելու, անցանկալի մազերը հեռացնելու համար:

Լազերային էպիլացիան վերջին մի քանի տարիների ընթացքում մեծ պահանջարկ է վայելում հայաստանյան շուկայում, քանի որ ավելորդ մազածածկույթից ազատվելու ցանկություն շատ հայ կանայք ունեն:

Ըստ Բունիաթյանի` լազերային էպիլացիան ունի մի շարք առավելություններ, ի տարբերություն ասեղի միջոցով իրականացվող էպիլացիայի.

«Լազերային էպիլացիան անցավ է, արագ և առանց հետևանքների, – ասում է նա, –ասեղային էպիլացիայի դեպքում հնարավոր են ինֆեկցիոն բարդություններ, բացի այդ, ի տարբերություն ասեղայինի, լազերային էպիլացիան թույլատրելի է նաև թևատակերի և բիկինիի շրջանում»:

Դիտվել է 4165 անգամ:
Print Friendly

Leave a Reply