Խորհրդարանական ճեպազրույցում` պատերազմի վերսկսման և ՕԵԿ-ի աճող վարկանիշի մասին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2011 16:07

«Օքսֆորդ անալիտիկ» կենտրոնի կողմից հրապարակված հետազոտության արդյունքների հետ, ըստ որոնց ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի վերսկսկման հնարավորությունը մեծանում է, ԱԺ պատգամավորներն այնքան էլ համամիտ չեն:

Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը մի քանի պատճառ նշեց, թե մոտակա ժամանակաշրջանում ինչու չի տեսնում պատերազմի վերսկսման վտանգ. «Առաջին և ամենակարևոր գործոնը ուժերի հավասարակշռությունն է, երկրորդը, որ Ադրբեջանը երբևիցե չի ցանկանա զրկվել իր նավթադոլլարներից, երրորդը` միջազգային գործընկերների ցանկությունը, որոնք բազմամիլիարդ դոլլարներն են ներդրել այդ նավթամուղը կառուցելու գործում»,-նշեց պատգամավորը:

Լարիսա Ալավերդյանն էլ հավելեց, որ նման հետազոտություններն ավելի շատ փորձաքարի նշանակություն ունեն` ստուգելու հասարակության և իշխանությունների արձագանքը:

«Այս մասին շատ-շատերն են խոսում, չզարմանանք, որ մի կենտրոն ևս խոսեց,- հետազոտությունների վերաբերյալ կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը` բերելով մեկ հիմնական զսպող հանգամանք, թե ինչու Ադրբեջանը չի դիմի նման արկածախնդրության,-դա հայկական կողմի ակնհայտ առավելությունն է, որը ոչ թե զենքի հետ է կապված, այլ ոգու, մեր արդարացի լինելու և այն դասի հետ, որը մենք արդեն տվել ենք ադրբեջանցիներին»:

Ճեպազրույցի ժամանակ այլ հարցեր ևս քննարկվեցին: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն, անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը և ՀԱԿ-ի կողմից  իշխանությանը մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ տալուն, ասաց. «ՕԵԿ-ի սիրտը շատ մեծ է. չգիտեմ` ՀԱԿ-ը ինչ ժամանակ է տվել իշխանությանը, բայց մենք կողմ ենք այդ երկխոսությունը շարունակելուն»,-ասաց նա:

«Անկախ»-ի հարցին, թե արդյո՞ք «Օրինաց երկիր» կուսակցության բավականին ցածր վարկանիշը չի խանգարի հաջորդ ընտրություններում խորհրդարան մտնելուն, տիկին Բիշարյանը չարացած տոնով նկատեց. «Արդեն հնության հոտ է գալիս էդ հարցից, դա կարող էիք ասել մի երկու տարի առաջ, բայց այսօր Օրինաց երկիր կուսակցության վարկանիշն աճել է` առավել ևս վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից հետո, բայց ես ոչինչ չեմ ասելու և ոչինչ չեմ մեկնաբանելու, քանի որ դա բոլորիդ է հասկանալի»:

 

Դիտվել է 1388 անգամ:
Print Friendly

Leave a Reply