«Նոր զարգացող լրատվամիջոցների լավագույն փորձը»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 16, 2011 15:50
Սեպտեմբերի 16-ին, ժամը 9:00-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում տեղի ունեցավ “Նոր զարգացող լրատվամիջոցների լավագույն փորձը” խորագրով համաժողով, որը կազմակերպել էին Եվրոպական Միության հայաստանյան գրասենյակը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը: Բացելով համաժողովը` ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր տիկին Ժոել դը Մորզելեկը:
Համաժողովը նվիրված էր զանգվածային լրատվամիջոցների առկա խնդիրներին և համացանցից ճիշտ օգտվելու կանոններին: Ներկա էին բազմաթիվ լրագրող-ուսանողներ ՀՊՄՀ-ից, ԵՊՀ-ից, ՀՊՃՀ-ից : Ձայնը տրվեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերին, որը նույնպես ողջունեց ներկաներին և խոսեց լրատվամիջոցների որակի բարձրացման, ԶԼՄ-ների փորձի և սոցիալական լրատվամիջոցների մասին:
Իր տեսակետը ներկայացրեց նաև փորձագետ, Le Figaro, Radio France Internationale, France 24, Le Point և այլ լրատվամիջոցների անկախ կովկասյան թղթակից Ռեժի Ժանտեն: Նա ասաց, որ իրեն ամաչեցնում է փորձագետ կոչումը, ինքն ուղղակի մի հասարակ լրագրող է: Մի փոքր համացանցի մասին խոսելուց հետո նա նշեց, որ նոր տեխնոլոգիաները կատարյալ միջոց են ժողովրդի համար, և եթե չլիներ համացանցը, մարդիկ աշխարհի
մյուս ծայրում կատարվող իրադարձությունների ու թարմ նորությունների մասին դժվարությամբ կամ ընդհանրապես չէին իմանա: Պարոն Ժանտեն արդեն 10 տարի է` լրագրության ասպարեզում է և ահռելի տարբերություն է տեսնում առաջվա և այժմյան լրագրության միջև: Լրագրությունը լուրջ մասնագիտություն է, այն խոսում է ոչ թե սեփական, այլ ժողովրդի, աշխարհի անունից, այն մեծ աշխատանք է, դժվար և պատասխանատու: Սամվել Մարտիրոսյանը, որը ազգային փորձագետ է, այլընտրանքային լրատվամիջոցների վերլուծաբան, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, պատասխանեց ուսանողների հարցերին և հավելեց, որ այսպիսի հանդիպումները շարունակական բնույթ կկրեն:
Անժելա Շահումյան






Facebook
Tweet This
Email This Post
