Ինչո՞ւ է դաշտանը ցավոտ ու առատ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 4, 2009 10:25

minstrՇատ կանանց դաշտանային ցիկլն ուղեկցվում է ցավի զգացումով, մի մասի մոտ այն առատ է լինում, որը երբեմն հասնում է արյունահոսության: Իսկ, թե ինչո՞ւ, մասնագիտորեն կբացատրի ՀայԱմերիկյան առողջության կենտրոնի բժիշկգինեկոլոգ Նելլի Ավագյանը:

Գինեկոլոգ Ավագյանն ասում է, որ կանանց մեծամասնությունն ունենում է ցավոտ դաշտան: Այն բնորոշվում է փոքր կոնքի շրջանում սուր, ընդմիջվող կամ բութ ու մշտական ցավերով: Ցավերը երբեմն կարող են տարածվել դեպի մեջքը կամ գոտկային շրջանը: Կանանց մոտ 10 տոկոսը դաշտանային ցավերի պատճառով ի վիճակի չի լինում աշխատել:

Տարբերում են երկու տիպի ցավոտ դաշտան` առաջնային և երկրորդային:

Առաջնայինը սկսվում է դաշտանային ցիկլն ի հայտ գալուց մոտ մեկ կամ երկու տարի անց: Ցավերը կարող են սկսվել դաշտանից մի քանի օր առաջ կամ դաշտանի հետ միաժամանակ և անցնել 1-3 օրից: Կնոջ տարիքի հետ, սովորաբար, այս ցավերը նվազում են և երեխա ունենալուց հետո գրեթե անհետանում:

Երկրորդայինը պայմանավորված է կնոջ վերարտադրողական օրգանների հիվանդությամբ: Այս դեպքում ցավերը սկսում են դաշտանից շատ ավելի շուտ և տևում ավելի երկար, քան սովորական դաշտանային ցավերը:

«Դաշտանի ժամանակ ցավերն առաջանում են արգանդի մկանների կծկման հետևանքով: Արգանդը սնամեջ, տանձաձև մկանային օրգան է, որը կծկվում է դաշտանային ցիկլի ընթացքում: Չափից ուժեղ կծկվելու դեպքում այն ճնշում է շրջակա արյունատար անոթները` դադարեցնելով թթվածնի մատակարարումն արգանդի հյուսվածքներ: Ցավն առաջանում է, երբ մկաններն այլևս չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ թթվածին», – բացատրում է Նելլի Ավագյանը:

Բժիշկը տեղեկացնում է, որ երկրորդային դաշտանային ցավերի պատճառ կարող են դառնալ հետևյալ հիվանդությունները` սեռավարակները, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունները, արգանդի միոման, էնդոմետրիոզը, ձվարանի կիստան, ինչպես նաև, եթե տեղադրված է ներարգանդային պարույր:

Ցավոտ դաշտանի ախտանշաններն են` ցավեր փոքր կոնքի շրջանում, ճնշման զգացողություն որովայնում, ցավ ազդրերի, սրբանի, գոտկային հատվածներում, սրտխառնոց, փսխում և ջրիկ կղանք:

Դաշտանի ժամանակ ցավերը մեղմելու համար գինեկոլոգ Ավագյանը խորհուրդ է տալիս որովայնի վրա` փոքր կոնքի, կամ գոտկային շրջանում, դնել տաք ջեռակ կամ տաք ջրով լցված պլաստիկ շիշ, ընդունել տաք ցնցուղ կամ լոգանք, խմել տաք ըմպելիքներ, մատների ծայրերով կատարել շրջանաձև մերսում ցավացող հատվածում, քայլել կամ կատարել ֆիզիկական վարժություններ, պառկած վիճակում բարձրացնել ոտքերը, կամ պառկել կողքի վրա` ոտքերը ծալած, ուտել մրգեր, բանջարեղեն, ձավարեղեն` քիչ քանակությամբ և հաճախ նվազեցնել, աղ, շաքար, սուրճ և ոգելից խմիչքներ օգտագործելը: Նաև ընդունել ցավազրկող դեղամիջոցներ` «Պարացետամոլ», «Իբուպրոֆեն», որոնք ավելի արդյունավետ կազդեն, եթե ընդունեն դաշտանային ցավերի առաջին նշանների ժամանակ: Ցավազրկող դեղերից պետք է խուսափեն նրանք, ովքեր ունեն արյան մակարդելիության խանգարումներ, ստամոքսի խոց կամ լյարդի հիվանդություններ:

Հիշե՛ք` ջեռակ կարելի է կիրառել միայն այն դեպքում, երբ համոզված եք, որ ցավը դաշտանի հետևանքով է: Ջեռակի կիրառումը խիստ հակացուցված է և շատ վտանգավոր որովայնային այլ ցավերի դեպքում (կույր աղու որդանման ելունի բորբոքում, սուր խոլեցիստիտ և այլն), որոնք մեծ մասամբ ուղեկցվում են ջերմության բարձրացմամբ:

Սովորաբար նորմալ դաշտանային ցիկլը համարվում 24-36 օր, թեպետ հիմնականում լինում է 28-30 օր: Դաշտանի տևողությունը 3-7 օր է:dashtan

«Դաշտանային ցավերի պատճառը, եթե հիվանդությունն է, ապա անպայման հետևե՛ք բժշկի խորհուդներին և այն հիմնովին բուժե՛ք, – ասում է Նելլի Ավագյանը, – սեռավարակների և փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների դեպքում բժիշկը կնշանակի հակաբիոտիկներ, միոմայի կամ կիստայի պարագայում ցուցված է վիրաբուժական միջամտություն: Եթե ցավերի պատճառը ներարգանդային պարույրն է, և այն չի մեղմանում ներդնելուց 3 ամիս անց, ապա բժիշկը կառաջարկի հեռացնել պարույրը և ընտրել հակաբեղմնավորիչ այլ միջոց»:

Բժիշկգինեկոլոգի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկապես ակտիվ կանայք ավելի հազվադեպ են դաշտանային ցավեր ունենում: Հետևաբար` անհրաժեշտ է խուսափել նստակյաց ապրելակերպից: Ամեն օր առնվազն կես ժամ քայլե՛լ, զբոսնե՛լ, կատարե՛լ ֆիզիկական վարուժություններ ևխուսափե՛լ սեռավարակներից:

Առատ դաշտանի պատճառները մի քանիսն ենՕրինակ` ժառանգական նախատրամադրվածությունը, երբ կինը կարող է առողջ լինել, օրգանական ֆունկցիոնալ խանգարում չունենալ, բայց նրան անհանգստացնի առատ դաշտանը: Այս դեպքում այն չպետք է վերածվի արյունահոսության: Առատ դաշտանի մյուս պատճառը հիվանդություններն են` արգանդի միջին շերտի, լորձաթաղանթի հաստացումը, որը դաշտանի ժամանակ անջատվում և դուրս է գալիս օրգանիզմից արյան տեսքով: Հաստ լորձաթաղանթի պատճառով դաշտանի ժամանակ արյունն առատ է լինում: Դրանից բացի, «մեղավոր են» նաև արգանդի միջին մկանային շերտի հիվանդությունները, օրինակ` միոման, որի ժամանակ միոմատոս հանգույցը խանգարում է արգանդի նորմալ կրճատմանը, որպեսզի արյունը դուրս գա և ավարտվի դաշտանը, որի հետևանքով դաշտանի օրերը երկարում են, և այն լինում է առատ:

«Այն միոմաները, որոնք լորձաթաղանթի մեջ են աճում, ինչն ամենավտանգավորն է իր տեղակայմամբ, ամենից հաճախ են առաջացնում արյունահոսություն, – ասում է Նելլի Ավագյանը, – առատ դաշտանի պատճառ կարող են դառնալ նաև այլ հիվանդություններ.օրինակ` էնդոմետրիոզը, որի դեպքում էնդոմետրիումի օջախները տեղակայված են լորձաթաղանթից դուրս` ձվարաններում, արգանդի մկանային շերտում, կոնքի խոռոչում` առաջացնելով ցավ, արյունահոսություն, անպտղություն»:

Դաշտանը հորմոնների քանակի տատանումն է: Ողջ ամիս կնոջ օրգանիզմը ենթարկվում է գլխուղեղից արտադրվող որոշակի հորմոնների ազդեցությանը` մեկը ավելանում է, մյուսը` պակասում, այսպես հորմոնների հարաբերությունը փոխվում է, և օրգանիզմի այս տատանումների արդյունքում տեղի են ունենում ամսական փոփոխություններ` դաշտանային ցիկլ: Ամեն ամիս ձվաբջիջը պետք է դուրս գա, և ձվազատում տեղի ունենա:

Դիտվել է 46859 անգամ:
Print Friendly

Leave a Reply