Հայաստանում մեկնարկելու է «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | September 16, 2011 11:44
Սեպտեմբերի 19-ին մեկնարկելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրը: Այն իրականացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի /ԱԴԾ/ ցանցում ներառված Հայաստանի 11 դպրոցներում` Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ներգրավմամբ:
ԱԴԾ դպրոցների գործունեությունը ծավալվում է 4 հիմնական թեմաների շուրջ.
- ՄԱԿ-ի, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը ժամանակակից աշխարհում, արդի մարտահրավերների հաղթահարման գործում,
- կրթություն հանուն խաղաղության, մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ հանդուրժողականության ամրապնդման,
- շրջակա միջավայրի պահպանում, առողջ կենսակերպի քարոզչություն,
- միջմշակութային ուսուցում:
«Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրը աշակերտներին հնարավորություն է ընձեռում տարբեր երկրների դեսպանների հետ անմիջական շփման միջոցով հաղորդակից դառնալ այդ երկրների պատմությանը, մշակույթին, ավանդույթներին եւ արժեքներին, ինչպես նաեւ պատասխաններ ստանալ իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերին: Ծրագիրը ընդլայնում է աշակերտների մտահորիզոնը, նպաստում ժողովրդների միջեւ փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի, բարեկամության խորացմանը:
Ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցում Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հյուրընկալմամբ: Արարողությանը ներկա են գտնվելու ՀՀ Կրթության եւ գիտության նախարարը, ԱԳՆ փոխնախարարը, ՀՀ-ումն հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ եւ այլ բարձրաստիճան այրեր:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ԱԴԾ ծրագիրը գործում է 1953 թվականից` միավորելով 9000 ավելի ուսումնական հաստատություն ավելի քան 180 երկրներում: Ծրագրի նպատակն է դպրոցների համաշխարհային ցանցի միջոցով կյանքի կոչել ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքները` կրթության միջոցով աջակցել խաղաղությանը եւ միջազգային համագործակցությանը, նպաստել մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը, մարդկային, ինչպես նաեւ որակյալ կրթության զարգացմանը:
Հայաստանում ԱԴԾ ծրագիրը գործում է 1997թ. մարտից: Ծրագրի համակարգումը իրականացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովը եւ Կրթության եւ գիտության նախարարության համապատասխան ստորաբաժանումը:
Ասոցացված դպրոցների ծրագրի ցանցում ներառված դպրոցներն են`
- Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոց
- Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոց
- Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց
- Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 դպրոց
- Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոց
- Նանսենի անվան թիվ 62 դպրոց
- Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոց
- Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց
- Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոց
- Անանիա Շիրակացու անվան ճեմարան-կրթահամալիր
- Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 դպրոց






Facebook
Tweet This
Email This Post
