WiFi ինտերնետ՝ Երեւանի չորս բուհերում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2011 0:38

Շուտով Երեւանի չորս բուհերի ամենամարդաշատ վայրերում կտեղադրվի անվճար WiFi ինտերնետ:Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի նախասրահում, սեպտեմբերի 16-ին տեղի կունենա Orange WiFi «անկյունի» պաշտոնական բացումը։ Նույն օրը WiFi «անկյուն» կբացվի նաեւ Հայաստանի պետական ագրարային համալսարանում։ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում եւ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում նման անկյուններ պատրաստ կլինեն արդեն հաջորդ շաբաթ, այնպես որ՝ շուտով Երեւանի չորս բուհերի ուսանողներն ու դասախոսները կկարողանան օգտվել իրենց բուհի ամենամարդաշատ վայրում տեղադրված անվճար WiFi ինտերնետից:

«Ինտերնետ առանց սահմանների» ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից՝ հաշվի առնելով ուսանողների կարիքը եւ կրթական գործընթացում համացանցի խիստ անհրաժեշտությունը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, հաշվի առնելով հասարակության մեջ օրեցօր աճող հետաքրքրությունը WiFi ինտերների նկատմամբ, ինչպես նաեւ ընդառաջ գնալով մի շարք ուսանողների առաջարկներին, դիմել է Orange-ին ստեղծել WiFi անկյուններ։

Ծրագիրը շարունակական է, եւ առաջիկայում նախատեսվում է անվճար WiFi անկյուններ բացել Երեւանի բոլոր պետական եւ ոչ պետական բուհերում եւ ավագ դպրոցներում։ Ինտերնետը տեղեկատվության աղբյուր է, որն ուսանողները կարող են օգտագործել իրենց գիտելիքներն ընդլայնելու եւ տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու համար։ WiFi ինտերնետի պաշտոնական մեկնարկի արարողությանը կմասնակցեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։

 

NEWS.am

 

Դիտվել է 1310 անգամ:
Print Friendly

Leave a Reply