Աշխարհի առաջնություն. եթե մրցավարները չխանգարեն, հայերը մեդալներ կստանան

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 4, 2009 10:17
sport21

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյան

Սեպտեմբերի 1-9-ը Իտալիայի Միլան քաղաքում կանցկացվի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանից կմասնակցեն 9 բռնցքամարտիկ: «Հայ TV»-ին հեռարձակելու է բռնցքմարտի աշխարհի առաջնությունըՀայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը պատասխանում է «Անկախի» հարցերին:

Ձեր գնահատմամբ` ինչպե՞ս է ընթացել նախապատրաստությունը:

Վերջին ուսումնամարզական հավաքն անցկացրինք Արարատի «Այգ» մարզահամալիրում: Մեզ էր միացել Վրաստանի հավաքականը, որն ուժեղ կազմ ունի: Հայաստանի հավաքականիանդամները հնարավորություն ունեցան նաև ստուգողական հանդիպումներ անցկացնել: Մերոնք բժշկական գիտական խմբի հսկողության ներքո են գտնվել, վնասվածքներից դժգոհողներ էլ չկան: Թերևս, եզակի դեպք է, որ որևէ խոշորամասշտաբ ստուգատեսից առաջ վնասվածքներով բռնցքամատիկներ չունենք: Այնպես որ, ամեն բան նորմալ է: Հավաքականի կազմում ընդգրկվել են փորձառու մարզիկներ: Հրաչյա Ջավախյանն (60 կգ) օլիմպիական խաղերի մրցանակակիր է, Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Էդիկ Համբարձումյանը (60 կգ) Եվրոպայի վերջին առաջնության չեմպիոններ են, Ցոլակ Անանիկյանը (81 կգ) Եվրոպայի փոխչեմպիոն է, Անդրանիկ Հակոբյանն (75 կգ) աշխարհի ներկայիս գավաթակիրն է: Ազատ Հովհաննիսյանը (57 կգ) նախկինում փայլուն հաջողությունների է հասել միջազգային պատանեկան ռինգում և ժամանակն է, որ նույնն անի նաև մեծահասակների հետ պայքարում: Դերենիկ Գիժլարյանը (51 կգ) և ՍամվելՄաթևոսյանը (69 կգ) նույնպես Հայաստանի հավաքականի հնաբնակներից են և նախկինում աշխարհի, Եվրոպայի առաջնությունների են մասնակցել: Նրանք էլ պետք է փորձեն ծանրակշիռ նվաճման հասնել: Այսուհանդերձ, բռնցքամարտ է, և կանխագուշակել, թե ինչ կլինի, հնարավոր չէ: Աշխարհի առաջնությունում ամեն քաշային կարգում յոթ տասնյակից ավելի մարզիկ է մասնակցելու, և դժվար է ասել, թե ինչեր կարող են կատարվել: 158 երկրների պատվիրակներ են ռինգ դուրս գալու: Համեմատության համար նշեմ, որ երկու տարի առաջ Չիկագոյում կայացած աշխարհի վերջին առաջնությանը մասնակցել են 143 երկրների բռնցքամարտիկներ: Շատ բան կախված կլինի վիճակահանությունից, մարզական բախտից: Մեր այս բոլոր մարզիկներն էլ պատրաստ են պայքարելու ամենաբարձր պարգևների համար` միայն վնասվածք չստանան, նրանց չխանգարեն մրցավարները:

Բռնցքամարտի մեր երկրի հավաքականի կազմում վերջին պահին հայտնվել է նոր անուն, աշխարհի առաջնության 9-րդ մասնակիցը: Ո՞վ է նա:

Ճիշտն ասած, դժվարանում եմ որևէ բան ասել: 54 կգ քաշային Գառնիկ Հարությունյանը Հայաստանի առաջնության մրցանակակիր է և հովանավորների միջոցներով է գործուղվելու մրցավայր, մասնակցելու ստուգատեսին:

Մեր երկրի հավաքականում քաշ «գցելու» խնդիր ունեցող բռնցքմարտիկներ կա՞ն:

Ոչ, բոլորն էլ ուսումնամարզական հավաքի ժամանակ ամեն օր կշռվում էին:

Նախկինում Հայաստանի բռնցքամարտիկներից աշխարհի չեմպիոններ են դարձել միայն Իսրայել Հակոբկոխյանը (1989) և Նշան Մունչյանը (1993): Ո՞րն է պատճառը, որ նրանց կողքին այլ անուններ չունենք:

Դժվար է, քանի որ մասնակցում են բոլոր ուժեղագույնները, նաև աշխարհի առաջնություններում մասնակիցների թիվն է շատ լինում: Մարզիկից պահանջվում է 2 հաղթանակ տանել, որպեսզի նա 32 լավագույնների թվում ընդգրկվի: Բացի այդ, անդրկուլիսյան խաղեր են լինում, մրցավարներն էլ անաչառ չեն գտնվում:

Չիկագոյում կայացած աշխարհի առաջնությունում մերոնք անմասն էին մնացել խաղարկված մեդալներից: Ի՞նչ դասեր ենք քաղել:

Ճիշտ է մերոնք ամերիկյան ռինգում մրցանակակիրներ չունեցան, սակայն ես գտնում եմ, որ լավ մասնակցեցին: Այն ժամանակ առաջնահերթ խնդիրն օլիմպիական ուղեգրեր նվաճելն էր, և Հայաստանի հավաքականի անդամներից երեքը կատարեց այդ առաջադրանքը` վարկանիշ ձեռք բերեց: Բացի այդ, մեր բռնցքամարտիկները տուժեցին կողմնակալ մրցավարությունից: Այս անգամ մերոնք կաշկանդող ոչինչ չունեն և միայն պետք է պայքարեն մեդալների համար: Հավաքականը կազմը պահպանել է, տղաները դարձել են ավելի փորձառու և հնարավորություններն էլ մեծացել են:

Աշխարհի այս առաջնությունն անցկացվելու է փոփոխված մրցակարգով: Այն նպաստավո՞ր է մեր բռնցքամարտիկների համար:

Եթե նախկինում մարզիկներն ուժերն էին չափում 4 ռաունդներում, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը 2 րոպե էր, ապա այժմ մրցելու են 3-ական րոպեանոց 3 ռաունդում: Մեր բռնցքամարտիկները տեխնիկապես հագեցած զինանոց ունեն, և 2 րոպեի ընթացքում երբեմն նրանց չէր հաջողվում իրենց ողջ կարողությունները դրսևորել, մրցակցին տակտիկապես գերազանցել: Կարճ ասած, այս փոփոխությունը կարող է մերոնց օգտին լինել: Իսկ այն, որ հնարավոր է մրցավարները չգրանցեն որովայնին կատարվող հարվածները, ճիշտ համարել չի կարելի: Այդ հարցը քննարկվելու է առաջնությունից առաջ կայանալիք խորհրդակցության ժամանակ և կհստակեցվի, թե մրցավարներն ինչպես պետք է վարվեն:

Աշխարհի առաջնությունը սպասարկող մրցավարների թվում լինելո՞ւ է Հայաստանի ներկայացուցիչ:

Այդ պատիվը վստահվել է միջազգային կարգի մրցավար Սուրեն Ղազարյանին:

Այնուամենայնիվ, մերոնց ռեալ հնարավորությունների մասին ի՞նչ կասեք:

Իմ ցանկությունը միայն այն է, որ մերոնց տարած հաղթանակները մրցավարները «չգողանան»:

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply