Դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան Բին Սաիդ Ալ Մանսուրիի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 15, 2011 18:53

Սեպտեմբերի 14-ին ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան Բին Սաիդ Ալ Մանսուրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-էմիրաթական տնտեսական հարաբերությունների ակտիվացման, համագործակցության առավել հեռանկարային ոլորտների ուրվագծման, ներդրումային ծրագերի իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

 

Կողմերն ընդգծեցին, որ առևտրային, ներդրումային և համատեղ տնտեսական ծրագրերի ոլորտներում առկա է չիրացված մեծ ներուժ, ինչը հնարավոր է կյանքի կոչել համադրված և հետևողական աշխատանքի արդյունքում։ Երկուստեք կարևորվեց գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և վերջինիս հետ կապված ենթակառուցվածքների զարգացման բնագավառները։ Դեսպանը տեղեկացրեց, որ Հայաստանում արդեն իսկ ստեղծված է գյուղմթերքի պահեստավորման և փոխադրման կենտրոն և համոզմունք հայտնեց, որ այն լավագույնս կխթանի հայկական գյուղմթերքի արտահանումն ԱՄԷ:

 

Այնուհետև, դեսպան Մելիքյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները և մարտավարությունը, ինչպես նաև փոխանցեց դրանց վերաբերյալ տպագիր նյութեր և տեսասկավառակներ։

 

Կողմերը կարևորեցին հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարումը, ինչը լավագույն հարթակ կարող է հանդիսանալ մասնագիտական մակարդակով քննարկելու վերը նշված ոլորտներում համագործակցությունը։

 

 

 

 

 

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply