Պողոս Չոլակյանը` Երևանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 15, 2011 17:00

Այս օրերին Երևանում էր Երուսաղեմի ասպետական վաշտի Տաճարականների գերագույն մարմնի անդամ, Հունաստանի Գերագույն վաշտի գերագույն հրամանատար Պողոս Չոլակյանը, որին ուղեկցում էր Տաճարականների հայկական գնդում Հունաստանի վաշտի դեսպան, դոկտոր Վաչե Տեր-Կարապետյանը:

Պողոս Չոլակյանի այցի գլխավոր նպատակը հանդիպումներն էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Երևանի քաղաքապետի, արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանի, ՀՀ սփյուռքի նախարարի և ոստիկանապետի հետ: Կարևոր նպատակներից էր նաև հայկական գնդի ձևավորումը, որի պատմությունը սկիզբ է առել անցյալ տարվա նոյեմբերից:

Վեհափառ հայրապետի հետ շուրջ 1,5 ժամ տևած հանդիպման ընթացքում շոշափվեցին Հայ առաքելական եկեղեցու հետ համագործակցության, մասնավորապես` հեռավոր ու փլուզվող եկեղեցիների վերականգնման, ինչպես նաև բարեկարգման նպատակների հետ կապված նախագծեր, ընդգծվեց, որ վաշտը միշտ կանգնած է քրիստոնեական եկեղեցու կողքին, բայց երբեք չի խառնվում եկեղեցու հարցերին:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում նույնպես արծարծվեցին բարեգործական նախագծեր, մասնավորապես` կարևորվեցին Վաշտի մասնակցությամբ Էրեբունու թանգարանի վերանորոգմանը, ինչպես նաև առողջապահության ոլորտին ուղղված նախագծերը: ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի հետ հանդիպման ընթացքում խոսվեց Տաճարականների արտաքին, հատկապես` քրիստոնեական եկեղեցիների հետ առնչությունների մասին:

Շատ օգտակար էր Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ուսանողության հետ հանդիպումը, երբ, ի մասնավորի, խոսվեց Տաճարականների գործունեության ու նպատակների վերաբերյալ երիտասարդության առջև պարբերական զեկուցումներով հանդես գալու անհրաժեշտության մասին: Հանդիպման ընթացքում բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանը Հունաստանի Գերագույն վաշտի գերագույն հրամանատար Պողոս Չոլակյանին և Տաճարականների հայկական գնդում Հունաստանի վաշտի դեսպան, դոկտոր Վաչե Տեր-Կարապետյանին շնորհեց համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Իր հերթին պարոն Չոլակյանը համալսարանի հունագիտական բաժնին նվիրեց տասնյակ հունարեն գրքեր:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ սեպտեմբերի 8-ին կայացած զրույցի ընթացքում քննարկվել են նախարարության և վաշտի համագործակցության հարցերը, բարձրացվել է հանրահայտ Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շենքի վերանորոգման խնդիրը: Շատ արդյունավետ է անցել նույն օրը կայացած հանդիպումը ՀՀ գլխավոր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, որի ընթացքում մանրամասն խոսվել է վաշտի և Հայաստանում ստեղծվող գնդի ու  դրա ապագա խնդիրների մասին:

Այցի կարևոր նպատակներից էր հայկական գնդի ձևավորումը, և սեպտեմբերի 7-ին կայացած արարողության ժամանակ 9 հոգի դարձան ասպետության թեկնածուներ, որոնք նաև ստացան Մայր Աթոռից հատուկ ժամանած հոգևորականի օրհնությունը: Ավելի վաղ`  2010 թ. նոյեմբերին Աթենքում ասպետություն է շնորհվել հայաստանցի առաջին 7 ասպետներին, որոնց թվում են Հունաստանի վաշտում հայկակական գնդի պատգամավոր և գործարար Արմեն Ստեփանյանը, գնդի հրամանատար, բժիշկ և գործարար Բագրատ Լալայանը, քարտուղար, հոգեբան Միքայել  Մադաթյանը և այլք:

Տաճարականների վաշտը, որը շուրջ 900 տարվա պատմություն ունի, մշտապես կանգնած է եղել քրիստոնեական եկեղեցիների և քրիստոնյա հավատացյալների պաշտպանության դիրքերում, դուրս է քաղաքականությունից և կուսակցականությունից, գոյատևում է անդամավճարներով և գլխավորապես զբաղված է բարեգործությամբ:

Ժամանակի ընթացքում կձևավորվի հայկական վաշտը, որը օգտակար գործունեություն կծավալի Հայաստանում և Արցախում:

 

 

Դիտվել է 1559 անգամ:
Print Friendly

Leave a Reply