Այդ խորհրդավոր էմոները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 18, 2011 12:00

Նրանց հուզական-հոգեբանական երանգների մասին

Երևի հանդիպել եք մուգ ներկած աչքերով, մի աչքը ծածկող թեք մազափնջով, երկար եղունգներով, մարմինը պիրկ գրկած սև ու վարդագույն զգեստներով տարօրինակ պատանիների ու աղջիկների, որոնք սովորաբար արժանանում են պատահական անցորդների «հաճոյախոսություններին», լավագույն դեպքում` լուռ կշտամբանքին:

Նրանց անվանում են «էմո»: Նրանք, առանց խորությամբ ուսումնասիրելու` ովքե՞ր են, ի՞նչ հոգեբանական առանձնահատկություններ ունեն և ամենակարևորը` ի՞նչ են ուզում կյանքից, համարվում են հասարակության թափոններ:

Էմոն առաջացել է էմոցիոնալ բառից: Բրիտանացի մասնագետներն ասում են, որ այս տերմինն ավելի հաճախ ընկալվում է իբրև երաժշտություն, նոր ոճ երաժշտության մեջ, բայց ոչ կյանքի որդեգրած ճանապարհ: Գերմանացի փորձագետներն էլ  պարզել են, որ էմոյի հիմքում ընկած է ռոքը: Սա երաժշտական ուղղություն է, որ հիմնադրել է ամերիկյան «Ռայթս օֆ սփրինգ» խումբը՝ անցյալ դարի 80-ականներին: Պաշտոնական էմոն, ըստ էության, պահպանում էր ավանդական «Փանք» ռոքի երանգները, սակայն երգերի թեմաները խիստ անձնականացված էին ու վերաբերում էին կյանքի, սիրո, մահվան փիլիսոփայությանը:

Պատմությունն ասում է, որ առաջին էմոները, ովքեր հենց այս փիլիսոփայության առաջամարտիկներն էին, հասարակության մեջ տարբերվում էին մի քանի էական հատկանիշներով. նրանք բուսակեր էին, ալկոհոլ և թմրանյութեր չէին օգտագործում, չէին էլ ծխում: Հագնում էին միմիայն վանդակավոր շորեր:

Ճգնաժամի ծանր հուզական անկայունությունը, տրամադրության շատ արագ փոփոխություններն իսկական էմոների ուղեկիցներն են` ամեն օր ու ամեն ժամ: Ինքնազննումն ու հոգեկան անկայունությունը հաճախ դեռահասներին ու պատանիներին հասցնում են դեպրեսիվ վիճակի:  Ծանր դեպրեսիայի պարագայում էմոները կարող են նաև ավելի հեռուն գնալ` ընդհուպ մինչև ինքնասպանության քայլի:

«Փաստորեն  ինքնության բացակայության խնդիրն է: Հիմնականում գնում են այդ ճանապարհով՝ ձեռք բերելու նոր ընկերներ»,- ասում է ռուս գիտնական Ա. Լոբաևը:

Ըստ էության, էմոները նաև խնդիր ունեն շատ արագ ճանաչում ձեռք բերելու, արտահայտելու կարծիք, որ կարող է հակասական լինել, կոնֆլիկտ ստեղծել, ու դա կարող է հերթական դեպրեսիվ վիճակի պատճառ դառնալ: Միլիոնավոր երիտասարդների ամբողջ աշխարհում դեպրեսիայից դուրս գալու ճանապարհին օգնում է ռոքը. նրանք հետևում են, այսպես ասած,  ռոք կուռքերին` Տոկիո Հոթելին, Ավրիլ Լավինին, Գրին Դեյին: Ամենակարևորը` ամեն ինչ անում են, որ նմանվեն նրանց:

Ասենք, որ ժամանակակից էմոները զգալիորեն տարբերվում են վետերան, իրական էմոներից: Հայ հասարակությունում նրանք շերտավորված են.14-18 տարեկան աղջիկներ ու տղաներ, որոնք այսօր էլ շարունակում են էմոների էությանը հավատարիմ մնալ, այն է` հուզականությունը, և հասարակական կարծիքի նկատմամբ նրանց վերաբերմունքը մեկն է՝ արհամարհական:

Այսօր արդեն փիրսինգը նրանց մարմնի անբաժանելի մասն է, ինչն ապացուցում է, որ նրանք չեն վախենում ո՛չ ցավից, ո՛չ էլ մահից: Մեր օրերի էմոները հիմնականում երկսեռական են: Անկախ սեռից` սիրում են թե՛ աղջկան, թե՛ տղային: Իրարից չեն ամաչում, բայց վախենում են մյուսներից, հատկապես` ընդգծված հակաէմոյականներից:  Ողջունում են ինքնասպանության գաղափարը, իսկ երակներ կտրելը նրանց համար արդեն սովորական երևույթ է դարձել:

Ցավոք, պաշտոնական վիճակագրությունն առայժմ լռում է էմոների ինքնասպանության դեպքերի մասին, բայց դրանք այլևս իրականություն են: Հիշեցնենք, Նոր Նորքի 1-ին զանգվածում ինքնասպան էր եղել 15-ամյա մի աղջիկ, որ ընկերուհիների հավաստմամբ էմո էր:

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ էմոները Հայաստանում առավել արտահայտվեցին 2006-ին: Եթե սկզբնական շրջանում հայ էմոներին կարելի էր մատների վրա հաշվել, ապա այսօր ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվը 50-60-ի է հասնում: Էմոներ կան ոչ միայն Երևանում, այլև մարզերում` Վանաձորում’ 7-8 , Գյումրիում` 2, Դիլիջանում` 4-5 հոգի:

Ծրագրված ավանդույթին բոլորն էլ սկզբունքորեն հետևում են, հիմնականում հավաքվում են աչքից հեռու վայրերում` երկաթուղային կայարաններում, լքված բնակարաններում: Երևանում նրանց մեծ խմբերով շրջելիս կարելի է հանդիպել Կասկադի շրջակայքում և Կոմայգում:

Ասում են` հակառակ իրենց արտասահմանյան ընկերների` բոլոր հայ Էմոները միմյանց լավ են ճանաչում:

Երևանում էմոներն արդեն վառ գույնով զգեստներ չեն հագնում, վախենում են: Հաճախ պատահում են դեպքեր, երբ անհնար է դառնում տղաների ու աղջիկների տարբերակումը: Հոգեբանական հակասությունը սկսվում է այն ժամանակ, երբ հայտնվում են հասակակից «քարթուները»:

Բրիտանացի փորձագետ Լու Բիգկոլսոնը երեք տարի շարունակ էմոների լուրջ հետազոտություններ է արել: Պարզել է, որ Էմո կարելի է լինել նաև ներքուստ:

Փաստ է, որ իրենց էմո համարող հայ պատանիներն ու աղջիկները հաճախ ծանոթ չեն էմո մշակույթին, իրական մշակույթին: Նրանցից շատերն աթեիստներ են, ոմանք սատանիստներ, մի մասը հավատարիմ է մնում առաքելական եկեղեցուն: Հայ էմոների ճնշող մեծամասնությունն աղջիկներ են, որոնք ոչ միշտ են պահպանում էմոյական ավանդույթները:

Էմոների պատկերացումները այլ են նաև սիրո, երջանկության հարցերում: Ասել է թե` նրանք եսակենտրոնացում սիրող անհատներ են: Հիմնականում ուշադրություն են դարձնում բարձր զգացմունքների վրա,  նրանց ասելով` հասարակ մարդիկ դրանք չեն էլ նկատում: Ցանկություններն ու ռոմանտիզմը նրանց հոգեբանական ամենավառ գծերն են:

Սիրում են միմյանց մոտ մերկանալ, ֆրանսիական համբույրներ նվիրել, և սիրո գագաթը սեռական ամենօրյա հարաբերություններն են: Էմոները դավաճանության հարցում ձեռնպահ են, առաջնորդվում են` ով ում հետ պատահի կամ երբ ու որտեղ պատահի սկզբունքով:

Հոգեբանական լուրջ հետազոտությունները ցույց են տվել, որ էմոները, սիրո կրքերին հագուրդ տալով, հնարավորություն ունեն փախչելու իրականությունից, երևակայելու, անվերջ երևակայելու…   Իրական աշխարհի, մարդկանց բացակայությունը նրանց տեղափոխում է մի այլ աշխարհ, այնտեղ, ուր բոլորն ազատ են, անում են այն, ինչ ուզում են, խոսում են այն մասին, ինչ բոլորի սրտով է:

Պատահում են նաև երիտասարդներ, որոնք իրական էմոներ չեն: Անում են այն, ինչ ուզում են` հենց իրենք իրենց պիտակավորելով որպես էմո:

Հայաստանում էմոները նաև խմբավորված են, խումբ-խումբ են գործում: Մամուլում տարիներ առաջ աղմուկ բարձրացրեց մի աղջկա պատմությունը, որ տնից օրերով բացակայել էր, տնեցիները մտածել էին` աղջիկն ինքնասպան է եղել: Եկել էր տուն 10 օր հետո, 15 րոպե խոսել ծնողների հետ ու ասել, որ գնում է մենակ ապրելու: Ամեն ինչ ճիշտ էր ասել, միայն մի բան էր խաբել: Մի հարկի տակ ապրում են մի քանի հոգով: Կարծեմ` մինչև հիմա էլ նրանք հաշտ-համերաշխ ապրում են:

Խմբավորված էմոների հոգեբանությունն էլ իրարից չնչին հատկանիշներով է տարբերվում: Շարքային քաղաքացին չի էլ կարող տարբերել նրանց: Դա գիտեն միայն նրանք: Հիմնական տարբերությունը հասկացությունների մեջ է` հուզականություն, տրամադրություններ, մարտահրավերներ, ստեղծագործական ունակություններ: Պատահում են նաև դեպքեր, երբ հակասություններ են լինում հաղորդակցության, ժամանցի կազմակերպման ու անձնական կողմնորոշման պարագաներում:

Էմոներին տարանջատում է նաև սոցիալական անհամապատասխանությունը: Նրանք հարմարվում են նրանց հետ, ովքեր ֆինանսապես գոնե հավասարազոր են:

Ասում են` հասարակության մեջ էմոների  բարգավաճում է նկատվում: Նրանք սկսել են ավելի բարեկեցիկ ապրել,  նպաստում է պրագմատիզմի փիլիսոփայությանը հետամուտ լինելը:

Արտասահմանում էմոներին մատնացույց են անում` ասելով, որ տարիքից ու սեռից զրկված մարդիկ են: Մեր երկրում էլ են հաճախ նրանց մատնացույց անում, բայց վիրավորական խոսքեր շատ չեն ասում, հիմնականում հայացքներով են հասկացնում, եթե հակասությունները ընդգծված բացասական չեն:

Ձյունը, տերևները, արևի առաջին շողերը ծառայում են այլ նպատակի համար: Նրանցից յուրաքանչյուրն ունի սեփական կարծիքն ու դիտարկումը նաև այս հարցի վերաբերյալ:

Պատմությունն ասում է, որ նախաէմոները ձյան, տերևի ու արևի ճառագայթների հետ են կապել կենսական այն ուժը, որ միշտ ուղեկցում է  նրանց:

Հասարակության լայն զանգվածների շրջանում մինչև հիմա էլ երիտասարդների ու դեռահասների այս խմբավորումները չեն ընդունվում: Մարդիկ համարում են, որ նրանք հայ հասարակության լիիրավ անդամ լինել չեն կարող: Լավագույն դեպքում պետք է ամուսնանան իրար հետ:

Հայ Առաքելական եկեղեցու տեսակետներն էլ են հակասական: Ինքնասպանությունները, դրանց փորձերը, երակը կտրելը հակաքրիստոնեական է համարվում. եկեղեցին պաշտոնապես դեմ է:  Բայց, ամեն դեպքում, նրանք էլ են երիտասարդներ, որոնք պետք են դեպի ժողովրդավարություն գնացող մեր երկրի համար:

Ի դեպ, այլախոհության, այլ կերպ ասած` էմոյական նմանօրինակ դրսևորումները մեզանում ամենևին էլ նորություն չեն: Հիշեցնենք` ավագ սերնդին քաջ հայտնի հիպիական շարժումը մեր երկրում արմատավորվեց պարարտ հողի բացակայության պայմաններում, և նույնիսկ ԽՍՀՄ-ի երկաթյա վարագույրը չկարողացավ խոչընդոտել դրա տարածումը: Մի տարբերությամբ միայն.  հիպիները հստակ գիտեին` ինչ են ուզում և ինչ պետք է անել իրենց ուզածին հասնելու համար: Մի բան, որ չի կարելի ասել էմոների մասին, որոնք այսպես շարունակելու դեպքում դեռ երկար ստիպված կլինեն թաքնվել և համակերպվել նվաստացած մարդու կարգավիճակին:

Մեր հասարակությունն էլ իր վերաբերմունքով ցույց է տալիս, որ այլախոհության համար տեղ չունի: Մեր կիսագավառական մտածողությունը դեռևս պատրաստ չէ էական փոփոխությունների:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

 

 

 

Դիտվել է 4354 անգամ:
Print Friendly

Leave a Reply