Հայ թարգմանական դպրոցի խնդիրները` թարգմանիչների հայացքով

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 21, 2011 11:50

«Ուլիսեսի» թարգմանիչ Սամվել Մկրտչյանի խոսքով` թարգմանական արվեստն այսօր հենված է անհատների վրա, և պետական մոտեցում չկա այդ հարցում: «Մենք ունենք շատ լավ թարգմանիչներ, որոնց պետությունը թարգմանություններ չի  պատվիրում, որովհետև նրանք, ովքեր որոշում են, թե ինչ թարգմանել, հաճախ չգիտեն էլ, թե ինչ կարելի է թարգմանել,- «Անկախին» ասում է նա,- այդ պատճառով էլ գործը մնում է անհատների ուսերին»:

Մկրտչյանի կարծիքով` որոշ ժամանակահատվածներում թարգմանությունները շատ ավելի կարևոր են, քան տվյալ ազգի գրականությունը, որովհետև այն կարող է 100 տարին մեկ տալ ստեղծագործող` մեծ գրականության  առումով, իսկ թարգմանիչները թարմ արյուն են ներարկում լեզվին:

Թարգմանությունների կարևորությունն ընդգծում է նաև Արտաշես Էմինը, որ առաջին անգամ հայերեն թարգմանել է Էդգար Պո և Ջորջ Օրվելի «Անասնաֆերման»: «Շատերի համար զարմանալի կարող է թվալ, թե ինչու մինչև XIX դարի վերջը գիտության լեզուն համարվում էր լատիներենը,- մեկնաբանում է նա,- որովհետև լատիներենը գիտության համար այնքան հարմար էր, որ այդ հարմարությունը չունեին ֆրանսերենը, անգլերենը, ռուսերենը և այլ լեզուները»:

Էմինն ասում է, որ դեռևս 1970-80 թթ. նկատել է, որ հայոց լեզուն ոչ միայն հնարավորություն չի տալիս որոշ առաջադեմ մտքեր ձևակերպել, այլև ընդհանրապես ծագել: «Ես ամբիցիոզ ծրագիր ունեի հայերենի վերաբերյալ, սակայն սովետի քանդվելուց հետո մնաց չիրականացված,- ասում է նա:- Մասեհյանի օրինակն ինձ հանգիստ չէր տալիս»:

Հովհաննես Մասեհյանը հայերեն այնպես լավ է Շեքսպիր թարգմանել, որ դրանով որակապես փոխել է հայոց լեզուն:  Աբովյանից հետո, երբ նա Երևանի բարբառը դարձրեց գրական լեզու, Մասեհյանը կատարեց հաջորդ քայլն ու լեզվին հաղորդեց նոր որակներ ու շերտեր:

Անշուշտ, լեզվի զարգացման գործում մեծ ներդրում կարող են ունենալ նաև ազգի գրողները, սակայն,  թարգմանիչների կարծիքով, դա ավելի լավ ու ավելի շատ անում են իրենք: «Որովհետև թարգմանիչը լեզվամտածողության միջոցով կամուրջներ է նետում տարբեր մշակույթների, քաղաքակրթությունների ու մտածելակերպերի միջև, և դա հայացք է դրսից,- մեկնաբանում է Էմինը,- եթե մտքեր ես թարգմանում, որոնք փոխադրելու համար քո լեզուն հնարավորություն չունի, ստիպված դու ես ստեղծում այն լեզուն, որով կարողանաս դա անել, իսկ գրողն այդ լեզվամտածողության կրողն է և, ըստ էության, քիչ է ազդում լեզվի վրա»:

Սամվել Մկրտչյանն այդպիսի գրող է համարում Չարենցին ու Մաթևոսյանին. «Նրանք հուժկու զարգացրել են հայոց լեզուն և գրականությունը, ինչպես նաև գրականության լեզուն»:

Էմինը հետևություններ է անում. եթե դու նոր միտք ես մակածում, ուրեմն դա կարող է արդեն իրականություն դառնալ. «Ստացվում է, որ լեզվի միջոցով փոխվում է իրականությունը, հետևաբար, այդ այդ ազգի մտահորիզոնը»:

Խորհրդային ժամանակներում թարգմանությունները կատարվում էին պետպատվերով, և ընթերցանության մեծ պահանջարկ կար: Եղել է նույնիսկ «Գրքերի աշխարհ» թերթ, որում գրքերի մասին տեղեկատվություն կար: Լավ գրականությունը չճարվող էր` բաժանորդագրությամբ: Սակայն խորհրդային ժամանակներում կատարված թարգմանությունները մեծ մասամբ կատարվում էին միջնորդ լեզվից` ռուսերենից: Բայց գրքում հիմնականում նշվում էր, որ թարգմանված է բնագրից:

Արտաշես Էմինը դա կապում է պահանջարկի հետ, որի մեծ լինելու դեպքում դժվար էր ապահովել լավ որակի թարգմանություն, բացի այդ, թարգմանությունները շատ լավ էին վարձատրվում, ուստի շատ թարգմանելու գայթակղությունը մեծ էր: Նրա կարծիքով` մեզ մոտ միշտ թարգմանել են այն գործերը, որոնք ռուսերեն թարգմանված են եղել, որովհետև համեմատելու հնարավորություն կար: Բայց այդ թարգմանությունների ժամանակ երբեմն էլ կուրյոզ դեպքերն են եղել այն պարզ պատճառով, որ թարգմանիչը ծուլացել է ռուսերենը համեմատել բնագրի հետ:

Խորհրդային շրջանում, սակայն, եղել են որակյալ թարգմանիչներ, որոնք հենց բնագրից են թարգմանել: Նրանցից են, օրինակ, Կարպիս Սուրենյանցը կամ Սիմոն Գրքաշարյանցը, որ հունարենից էր թարգմանություն անում: Սակայն հայերեն թարգմանությունները գրաքննվում էին: Իսկ ժամանակակից գրականության մուտքը տվյալ լեզու չափազանց կարևոր է այդ լեզվի մտածողությունը զարգացնելու և լեզուն կրող ազգի մտահորիզոնը լայնացնելու առումով:

Այժմ գրաքննություն չկա, սակայն չկա նաև պետական քաղաքականություն, թե ինչ թարգմանել: Սամվել Մկրտչյանը նշում է, որ եթե համաշխարհային գրականությունից ընտրված միավորները խտացնենք, մոտ 1000 անուն ստեղծագործություն կարող է լինել, որոնք մենք պետք է թարգմանված ունենայինք: «Մենք պետք է լիակատար Ֆոլկներ ունենայինք, Ջոյս, Պրուստ, Մուզիլ, Սելինջեր, Մարկես, Սթայնբեք,- ասում է նա,- բայց մենք նույնիսկ լիակատար Սարոյան չունենք, ինչի՞ մասին է խոսքը»:

Արտասահմանյան հեղինակներին լիակատար թարգմանում են, օրինակ, ռուսները, որոնք թարգմանական մեծ դպրոց ունեն: «Նրանք ծով գրականություն են թարգմանում, այլ հարց է, թե ոնց են թարգմանում,- նշում է Մկրտչյանը,- նրանց զավթողական քաղաքականությունը ընդգրկել է նաև թարգմանության ոլորտը, նույնիսկ ավելին են փորձում թարգմանել, քան կա բնագրում: Մինչև հիմա նորմալ Շեքսպիր չունեն. բոլորը անհաջող թարգմանություններ են, սակայն ներկա դրությամբ նրանց «Ինոստրաննայա լիտերատուրան» որակը պահում է»:

Էմինի բնորոշմամբ` այսօր շնորհալի թարգմանիչներ կան, սակայն նրանց լավ սովորեցնող է պետք, որովհետև դպրոցը շատ կարևոր է. «Իսկ մեզ մոտ այնտեղ, որտեղ դրանով զբաղվում են, այդ գործը կատարում են դրա հետ կապ չունեցող մարդիկ»:

Թարգմանությունների որակի վրա ազդել է նաև այն մոլորությունը, թե համակարգչային ծրագիրը կարող է տեքստ թարգմանել: «Դա բացառվում է,- ասում է Էմինը,- մարդկանց մի 80 տոկոսը կարծում է, որ կոմպյուտերը կարող է ստեղծագործություն թարգմանել, բայց  դա երբեք չի կարող լինել»:

Արտաշես Էմինը բոլորովին վերջերս թարգմանել է ամերիկյան հեղինակ Տրեվանյանի պատմվածքների ժողովածուն: Այս հեղինակը ռուսերեն գրեթե թարգմանված չէ: Էմինը, սակայն, թարգմանել է ռուսերեն, «որպեսզի ավելի շատ կարդան»: Նա հիմա աշխատում է ազգությամբ  հայ Ջեկ Հաշյանի մի վեսթերնի վրա` Ցեղասպանությունից մազապուրծ հայի մասին, որը գթության կարիք չունի:

1991-92 թթ.  «Գարուն» ամսագիրը մատենաշարով բնագրից կատարված թարգմանություններ էր տպագրում,  այդ մատենաշարով առաջին անգամ Բորխես տպագրվեց, սակայն դա էլ դադարեց: Հիմա թարգմանական ոլորտում գոյություն ունեցող միակ հանդեսը Սամվել Մկրտչյանի «Արտասահմանյան գրականություն» ամսագիրն է, որն ունենում է տարեկան 2-3 համար, և որում թարգմանություններ են ներկայացնում նոր սերնդի թարգմանիչները:

 

Դիտվել է 2445 անգամ:
Print Friendly

Leave a Reply