Իսկ սփյուռքի նախարարությունը լռում է

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | September 19, 2011 8:00

Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցների մշտական թեմաներից են Շվեյցարիայի և Նիցցայի հայ համայնքների ու Էջմիածնի միջև ծագած հակասությունները:  Երկու դեպքում էլ հարցը հասել է դատարան, մի դեպքում հայց է ներկայացրել համայնքը, մյուս դեպքում` հակառակ կողմը: Նիցցայում, սակայն, պայքարը բավական սուր բնույթ է ստացել` ուղեկցվելով բռնություններով, զրպարտություններով ու շանտաժով: Եվ հասնող լուրերը բավական հակասական են: Մասնավորապես` այն նյութերը, որոնք ակնհայտորեն պաշտպանում են Էջմիածնի ներկայացուցիչներին, հաճախ են նշում Նիցցայի հայ համայնքի ներկայացուցիչներ Սամսոն Օզարարատի և Գրիգոր Աժդիխանյանի անունները` սկսված խժդժությունների ամբողջ մեղքը բարդելով նրանց վրա: «Անկախը» կապվեց պրն Աժդիխանյանի հետ և փորձեց «առաջին ձեռքից» պարզել ստեղծված իրավիճակի պատճառները:

Պրն Աժդիխանյան, ե՞րբ և ինչի՞ց սկսվեցին հակասությունները Ձեր համայնքի և Էջմիածնի միջև:

– 2005-ից, երբ Էջմիածինը հայտնեց, որ Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցու միության կանոնագրի մեջ փոփոխություններ պետք է արվեն: Գիտեք, Ֆրանսիայում եկեղեցիները միություններով են կառավարվում, 1901 թ. և 1905 թ. օրենքներով կառավարվող միություններ են սրանք, և վարչությունները ժողովրդի կողմից են ընտրվում: Եվ այդ միություններում եկեղեցականը կարևոր դեմք է իր բերած խորհուրդներով, առաջարկներով և այլն, բայց միությունների աշխատանքները կառավարվում են ժողովրդի կողմից ընտրված վարչությունների կողմից: Էջմիածնի առաջարկած կանոնագրում հիմնականն այն էր, որ եկեղեցական միությունների վարչությունների աշխատանքն առավելապես եկեղեցականների կողմից կառավարվեր, ոչ թե ժողովրդի: Եվ այս առաջարկը մենք ներկայացրինք ժողովրդին: Ինչպես գիտեք, մեր Հայ առաքելական եկեղեցին ժողովրդավար եկեղեցի է, ժողովուրդը մեզանում մեծ դեր է կատարում: Երբ տարբեր առիթներով հանդիպում ենք, օրինակ, կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչների հետ, նրանք հիանում են, որ Հայ առաքելական եկեղեցու միությունների վարչություններում ժողովուրդն էլ է աշխատում, սա մեր եկեղեցու ամենակարևոր ավանդույթն է: Եվ այն ժամանակ մենք, Էջմիածնի ցանկությամբ, փոխելով մեր կանոնագիրը, երկրորդ առաջարկ ներկայացրինք ժողովրդին: Էջմիածնի կանոնագիրը ձայների մեծ տարբերությամբ մերժվեց:

Ասում են` դուք եք կազմակերպել, որ ժողովուրդը մերժի, եթե դուք չկազմակերպեիք, ժողովուրդը չէր մերժի:

– Եթե 450 հոգի է գալիս, առանց որևէ ճնշման, կարելի՞ Է ասել, որ մենք ենք կազմակերպել: Սա ստալինյան մտածելակերպի դրսևորում է: Այսօր Ֆրանսիայում և առհասարակ աշխարհում անընդունելի է, որ երկու-երեք հոգի 450 հոգու վրա իշխի, իր ուզածն անել տա: Ֆրանսիայում օրենք կա, արդարադատություն կա, եկեղեցու միությունը կախյալ է մարզպետներից, մարզպետներն էլ կախյալ են  պետությունից, և հնարավոր չէ խարդախություն անել: Ժողովի ընթացքում եկեղեցական միության վարչության ժողովի ատենապետը ժողովրդի կողմից է ընտրվել, քվեները ժողովրդի կողմից են հաշվվել: Այս ամենը զրպարտություն է:  Եվ ասելիքս այն է, որ երբ Էջմիածնի առաջարկը մերժվեց, սկիզբ առան մեր խնդիրները: Այդ դեպքերից առաջ Նիցցայի հայ համայնքն ամենաբարձր մակարդակի վրա էր, 70-80 տարի համերաշխ է ապրել: Բայց այդ թվականից սկսած` ամեն տեսակ դժվարություններ, ամեն տեսակ խնդիրներ առաջացան.. Եվ հետևանքն այն էր, որ տեր Վաչեն, որ այստեղ էր հոգևոր հովիվ լինելով, տրամադրվեց ժողովի և վարչության կարգի դեմ, եկեղեցու վարչության անդամներին արգելեցին եկեղեցի մտնել: Ամեն տեսակ դժվարություններ կազմակերպեց եկեղեցու շուրջը, ժողովրդի մեջ տարբերակում մտավ` լիբանանցի, պոլսեցի, հայաստանցի և այլն … Սրանից առաջ մենք այսպիսի խնդիրներ չունեինք, բոլորն էլ եղբայր և քույր էին: Արդեն 33 տարի այստեղ եմ, դեռ պոլսահայ են ասում, ամոթ է, ես ֆրանսահայ եմ: Երբ ընտրություն պետք է լիներ, ամեն տեսակ խոչընդոտներ ստեղծեցին, արգելեցին, որ ժողովը տեղի ունենա: Եվ խնդիրն այն է, որ այս ամենը վեհափառի և Փարիզի թեմական առաջնորդ Նորվան սրբազանի իմացությամբ է եղել: Սրանից երկու տարի առաջ վեհափառ հայրապետին բոլոր տասը միությունների ատենապետների ստորագրությամբ  դիմում ենք ուղարկել` ասելով, որ մեր գաղութն այսօր քանդվելու վտանգի տակ է,   ամոթ է…  Բայց հարցը հասել է դատարան:

Դատը ո՞րտեղ պետք է լինի:

– Նիցցայում` ստիպելու համար եկեղեցու վարչությանը կանոնագիրը փոխել: Ինչպես տեսնում եք, 2005-ից ի վեր բոլոր խնդիրները կանոնագիրը փոխելու շուրջն են ծավալվում: Եկեղեցու վարչության մի քանի անդամներ և ատենապետը Փարիզի Նորվան սրբազանի և Էջմիածնի կողմից կրոնազուրկ արվելու շանտաժի են ենթարկվել, երեք հոգի արդեն հրաժարվել են այս ճնշման տակ: Փաստորեն այսօր խնդիրը դիմագիծը փոխեց, և դատարանը  սեպտեմբերի 23-ին որոշում պետք է ընդունի: Եվ  խնդիրն այն է, որ այսօր Նորվան սրբազանի կողմից 5-6 հոգու անօրինական խումբ է հաստատվել եկեղեցում:  Դժբախտաբար այսօր քանդելու  քաղաքականություն է վարվում: Եվ մեր եկեղեցին միակը չէ, ամբողջ սփյուռքում է այս երևույթը` Ժնև, Բրյուսել, Լիոն, Ռուսաստան, Բուլղարիա…  Խնդիրը եկեղեցուց դուրս է եկել,  սա արդեն համայնքային խնդիր է, առհասարակ Սփյուռքի խնդիր է:

Փաստորեն, կարելի՞ է ասել` եկեղեցին, որ ազգապահպան գործառույթ պիտի ունենար, այսօր քայքայիչ գործունեություն է ծավալում:

– Մենք երկար տարիներ երազել ենք անկախ ազատ Հայաստան, այսօր անկախ ազատ Հայաստան ունենք,  բայց չէինք երևակայի, որ 20 տարի անց եկեղեցին պիտի քանդեր սփյուռքի միասնությունը: Սա կարելի չէ: Մենք մեծ հարգանք ունենք Էջմիածնի նկատմամբ, մեծ հարգանք ունենք վեհափառի նկատմամբ, բայց եկեղեցին, որ մեր ամենաբարձր գանձերից է, ամենադժվար տարիներին մեզ համախմբող ուժ, այսօր շուկայական գործի մեջ է: Գիտեք, որ եթե մի խանութ վաճառվի, առնողն ու վաճառողը սակարկության մեջ կմտնեն, եթե օրինական երկրի մեջ են, եթե օրենք կա, կարգ կա, եթե մարդն այդ գնով չի ուզում վաճառել, ասում է, որ պայմանները չի ընդունում, բայց եթե օրենք չկա, կարգ չկա, նա, ով ուժեղ է, կճնշի, և մյուսը կմնա ձեռնության:  Այս հակասությունները եկեղեցու հետ, Աստծո հետ, հավատքի հետ կապ չունեն: Չի կարելի հեռացնել ժողովրդին իր եկեղեցուց, չի կարելի հեռացնել իր գանձից, որ ժողովրդի ուժն է եղել: Մենք հասկանում ենք վեհափառ հայրապետի մտահոգությունը, որ եկեղեցականները ամենաբարձր մակարդակի վրա ներկա լինեն և դեր ունենան, իրենց լուման ունենան ընդհանուր ազգային  գործի մեջ,  բայց չի կարելի ասել, որ օրենքը այս է, և ուրիշ օրենք չկա:  Հայաստանի վիճակը ձեր աչքի առաջ է. աղանդներ են առաջացել: Մենք պետք ամեն ինչ անենք, որ հայ առաքելական եկեղեցին ամենուրեք գործի: Բայց այսօր խնդիրը եկեղեցուց, հավատքից, Աստծո ձայնից դուրս է եկել: Մենք պատրաստ ենք վեհափառ հայրապետի հետ նստել, մտածել, փոփոխություններ  մտցնել մեր ընդհանուր սփյուռքահայ կյանքում ու եկեղեցու աշխատանքներում,  բայց քաղաքակիրթ երկրներում չենք կարող ասել, որ օրենքը այս է, և ժողովուրդը որևէ բան ասելու իրավունք չունի:

Հավատացեք, որ մեր գաղութը շատ տուժեց: Տղաս աչքը կորցնելու վտանգի տակ էր, քանի որ նրա վրա հարձակվեցին: Ամեն տեսակ դժվարություններ տեսանք: Մենք արժանի չենք դրան, ընդհակառակը, մեր ժողովուրդը պետք է համախմբվի հավատքի, հույսի, աստծո առաջնորդությամբ:

Տեր Վաչեն իր հարցազրույցում նշել է, որ ոմանց երեխաները սինագոգ են գնում, դուք էլ միության միջոցները տրամադրել եք սինագոգին օգնելու համար:

– Սա ռասիստական կեցվածք է: Մարդ ազատ է, թե ուր գնա: Ասել, որ հայ համայնքի միջոցները ծառայեցվել են սինագոգին, ամոթից ավելի ամոթ է, սուտ է: Մեկ եվրո անգամ սինագոգին չի տրված:

Մեղադրում է նաև, որ յուրացնում եք նվիրատվությունները

– Գաղութի, եկեղեցու մեկ եվրոն անգամ առանց վարչության, առանց ժողովրդի որոշման չի ծախսվի: Յուրաքանչյուր միություն ունի իր հաշվապահը: Ֆրանսիան շատ ազատ երկիր է, բայց օրենք կա, կարգ կա, մենք ամեն տարի ժողովրդին հաշվետվություն ենք տալիս և մեր զեկույցն ուղարկում ենք քաղաքապետարան:

Նշում է նաև, որ Պարսամյան դպրոցը եկեղեցին է նվիրել համայնքին, մինչդեռ նրա առջև դռները փակվել են:

– 1975-ին դպրոցի հողամասը նվիրվել է մի համեստ ընտանիքի կողմից: Երբ եկեղեցին այս հողամասը ստացավ, Պարսամյան ընտանիքը  ստանձնեց շինարարությունը: Այն ժամանակ եկեղեցու վարչության ատենապետն էի, 1988-ին Պարսամյան համալիրի բացումն արեցինք:  Այս համալիրը Ֆրանսիայում օրինակելի դարձավ:  Ֆրանսիայում երկու տեսակ դպրոց կա` սովորական ֆրանսիական և եկեղեցական, որոնք կաթողիկե դպրոցներ են: Մենք ուզեցանք բաց, ժողովրդի դպրոց: Դպրոցը 25 տարի անց 85 աշակերտ ունի: Կան նաև ոչ  հայ աշակերտներ, օտարներն էլ են ուզում գալ այս դպրոց, որովհետև բարձր մակարդակ ունի:

Ճի՞շտ է, որ դասագրքերում դրոշ բառի դիմաց զետեղված է Թուրքիայի դրոշը:

– Սա ապուշություն է: Ամենաապուշ մարդն անգամ սրան չի հավատա: Ոչ ոք չի հավատա, մանավանդ նրանք, ովքեր մեզ և մեր գործունեությանը ծանոթ են: Ուղղակի ուզում են ամեն գնով մեզ գրգռել… Տեր Վաչեի ուզածն այն էր, որ դպրոցի ծրագրում կրոնական դասեր լինեն: Պետական ծրագրում, որին ստիպված ենք հետևել, կրոնական դասեր չկան: Ուստի առաջարկեցինք այդ պարապմունքները  դասերից դուրս անցկացնել, օրն էլ որոշեցինք, բայց չեկավ: Ստիպված եղանք հանել այդ դասերը:

Եվս մի մեղադրանք. մեր լրատվամիջոցներում լուրեր եղան, թե դուք եք տեր Վաչեին ոստիկանների ձեռքը հանձնել:

– Առնվազն ծիծաղելի է: Նման բան Ֆրանսիայում հնարավոր չէ, ամեն ուսյալ մարդ գիտի, որ չի կարող մեկին ոստիկանին տալ, սա դիկտատորական երկիր չէ, ոստիկանը հենց մատնիչին բանտ կտանի ու դատի կտա սուտ ցուցմունքի համար…

Հիմա ի՞նչ ելք եք տեսնում:

– Նրանք դատարանում տանուլ են տալու,  տարակույս չկա: Եվ ամենամեծ կորուստը հայ առաքելական եկեղեցուց է: Վեհափառ հայրապետը պետք է իմանա, որ սփյուռքում` Ֆրանսիայում` Նիցցայում, ունի հայ առաքելական եկեղեցուն հավատարիմ անձեր, իրենց կյանքը նվիրած անձեր, պետք է նստեն միասին և խելք խելքի տան,  մտածեն` ինչպես պետք է հայ առաքելական եկեղեցին զարգացնեն: Չենք կարող հակաժողովրդավարական սկզբունքներով ժողովրդավարական երկրներում օրենք ստեղծել: Երբ վեհափառ հայրապետի հետ տեսակցություն ունեցա, ասացի` վեհափառ տեր, հայ առաքելական եկեղեցին ժողովրդավար եկեղեցի է, չենք կարող ժողովրդին եկեղեցուց հեռացնել, մենք պատրաստ ենք ձեռք ձեռքի տալ և աշխատանք տանել ի պայծառություն եկեղեցու, բայց 2005-ից ցայսօր վեց տարի անցավ, և հասանք նրան,  որ հայերին արդեն նույնացնում են չեչենների հետ: Մեր ձեռք բերած բարի համբավը, մեր նկարագիրը խաթարված է:  Տուժում է մեր ազգը, տուժում է մեր ապագան: Շատ մեծ հարգանք ունեմ վեհափառ հայրապետի, Էջմիածնի կարգի նկատմամբ, բայց այս  ձևով հնարավոր չէ: Խառնակչություն, ետքը դատարան, ետքը շանտաժ: Պատերազմի մեջ ենք, ահուդողի մեջ: XXI դարում ճիզվիտական շանտաժ են անում,  թե մեզ կրոնազուրկ կանեն, մեռոնազուրկ կանեն: Ժողովրդին վախեցնում են…  Մեսրոպ աբեղան, որ վեց ամիս առաջ այստեղ էր որպես ներկայացուցիչ, մատնացույց արեց եկեղեցում երկու աղոթողների, թե ահա մեր թշնամիները… Սա Աստծո հետ կապ չունի:

Ինչո՞ւ Հայաստանի այլ կառույցների չեք դիմել:

– Մենք տեղեկացրել ենք Հայաստանի իշխանություններին, բոլոր դեսպաններին, նախարարություններին, բայց առայժմ բոլորը լուռ են:

Սփյուռքի նախարարությունի՞ց էլ արձագանք չկա:

–  Սպասում էինք,  բայց չկա:

 


 

 

Դիտվել է 2402 անգամ:
Print Friendly

Leave a Reply