Քննարկվել են սահմանային անցակետերի վերակառուցմանը և արդիականացմանն առնչվող հարցեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2011 16:40

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պատվիրակությանը` ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևայի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Հայաստանում ԵՄ դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:

Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել երկկողմ համագործակցության ընթացքը և կարևորել դրա շարունակականության ապահովումը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի մանրամասները, մասնավորապես, սահմանային անցակետերի վերակառուցման գործում ՄԱԶԾ-ի մասնակցության հնարավորությունը: Այդ համատեքստում արծարծվել են պետական սահմանի անցման կետերի վերակառուցման և արդիականացման ֆինանսավորմանն առնչվող հարցեր: Ընդգծվել է, որ Եվրոպական միության և մի շարք այլ կառույցների հետ ֆինանսավորման հարցի շուրջ բանակցությունների ծավալումը հնարավորություն կտա համագործակցել այդ ուղղությամբ: Նշենք, որ սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել` ծրագրի ֆինանսավորման աղբյուրները և մեխանիզմները հստակեցնելու նպատակով:
Հիշյալ ծրագրով նախատեսվում է ՀՀ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» պետական սահմանի անցման կետերի արդիականացում: Այդ նպատակով մրցութային փաթեթների մշակումը հանձնարարվել էր լատվիական խորհրդատվական ընկերությանը: Այն նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը Հարավային Կովկասի, ԵՄ անդամ-պետությունների ու միջազգային հանրության շահագրգիռ այլ կողմերի միջև, ինչպես նաև խթանել անձանց և ապրանքների միջսահմանային շարժը:
Անդրադառնալով ծրագրի իրականացմանը ՄԱԶԾ-ի հնարավոր մասնակցության հարցին` վարչապետ Սարգսյանն անհրաժեշտ է համարել շարունակել փոխգործակցությունը` աշխատանքային խմբերի մակարդակով արձանագրված իրավական և տեխնիկական խնդիրները քննարկելու համար:

 

Դիտվել է 1722 անգամ:
Print Friendly

Leave a Reply