Կերպարվեստի համահայկական ցուցահանդես` Անկախության 20-ամյակի առթիվ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 15, 2011 16:42

Այսօր Նկարիչների միությունում բացվեց Կերպարվեստի առաջին համահայկական ցուցահանդեսը, որը նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին: Ինչպես հայտնեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ցուցահանդեսին նախապես ներկայացվել է մոտ 500 աշխատանք, և 9 հոգուց բաղկացած հանձնաժողովը մրցութային կարգով ընտրել է մոտ 250-ը. «Մասնակիցները հիմնականում Հայատանի նկարիչների միության անդամներն են, և բոլոր աշխատանքները  մինչև ցուցադրվելը անցել են խիստ քննության միջով,-ասաց Աղամյանը,-կան նաև սփյուռքահայ նկարիչների աշխատանքներ, որոնք մրցույթին չեն մասնակցել, ինչպես նաև ռուս և բելոռուս նկարիչների աշխատանքներ»:

Ցուցահանդեսին ներկայացված էին հայազգի նկարիչների աշխատանքներ Սիրիայից, ԱՄՆ-ից, Էստոնիայից, Կանադայից, Իրաքից, Վրաստանից, Իտալիսյից և այլ երկրներից:  Նկարները հիմնականում խորհրդանշական էին, սակայն կային աշխատանքներ, որոնք հենց տոնի առթիվ էին նկարվել:

Սիրիահայ դիզայներ, նկարիչ Արտո Համբարձումյանը ցուցահանդեսին մասնակցում էր երկու աշխատանքով. «Բոլորի համար`հայ, թե օտար, անկախությունը հիմնական խնդիր է` իր կյանքին ու մտքին սլացք տալու համար,-կարծում է նկարիչը,- և եթե դու ապրում ես փակ շրջապատում, ոչ անկախ վիճակում, ապա դու արդեն կաշկանդված ես` որպես արվեստագետ»:

Նա հայաստանյան նկարիչների հետ համագործակցում է անկախությունից ի վեր: Նկարիչը կարծում է, որ աշխարհասփյուռ հայ նկարիչների միջև լիակատար համագործակցություն դեռևս չի կայացել, չնայած որ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ նկարիչների համահայկական խորհրդաժողով և կազմվեց միություն:

Ցուցահանդեսին Հայաստանից իրենց աշխատանքներով ներկայացված էին նաև մի քանի երիտասարդ նկարիչներ, որոնք նկարիչների միության անդամներ չէին, սակայն ցանկացել էին իրենց աշխատանքերը ցուցադրել: Նրանցից մեկը երիտասարդ գեղանկարիչ Հասմիկ Գասպարյանն է: Մինչ ցուցահանդեսի օրը, Հասմիկը չգիտեր` իր աշխատանքներից որևէ մեկն ընտրվե՞լ է , թե ոչ: Սակայն մեծ էր ուրախությունը, երբ ցուցադրված աշխատանքների մեջ գտավ իր կտավը. խստապահանջ հանձնաձողովը բարձր էր գնահատել Հասմիկի «Թռիչք»-ը:

 

 

Դիտվել է 1368 անգամ:
Print Friendly

Leave a Reply