Խորհրդարանական քննարկումներ, նոր օրենքներ. ԱԺ-ն սկսկել է աշնանային նստաշրջանը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 15, 2011 16:34

Սեպտեմբերի 13-ին ՀՀ օրհներգով խորհրդարանը սկսեց աշնանային քառօրյան:

ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանն առաջարկեց քննարկել և ՀՀ նախագահին ներկայացնել  հայ-թուրքական հարաբերությունները դադարեցնելու վերաբերյալ հարցը` հիշեցնելով, որ Թուրքիայի խորհրդարանն իր օրակարգից հանել է այդ հարցը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը ևս պաշտպանեց ՀՅԴ ներկայացուցչի առաջարկը, սակայն ԱԺ նախագահը դա չընդունեց` հիմնավորելով, թե Թուրքիայի խորհրդարանից այդ հարցը հանելը պայմանավորված է Թուրքիայի օրենսդրական պահանջով. «Նոր խորհրդարան ձևավորելիս նախորդ հարցերը դուրս են մնում օրակարգից և հետո անհրաժեշտության դեպքում կրկին մտնում նոր խորհրդարանի օրակարգ: Այս պարագայում ես կարծում եմ, որ կարելի է մի փոքր սպասել, և եթե իրոք Թուրքիայի կառավարության կողմից քայլեր չլինեն, այն ժամանակ էլ մենք դիմենք հանրապետության նախագահին»,-ասաց նա:

Հովիկ Աբրահամյանի կարծիքով` նախագահը ուշադրությամբ հետևում է Թուրքիայում ընթացող քաղաքական գործընթացներին, և իրենց կողմից առաջարկելու կամ հուշելու անհրաժեշտություն չկա:  «Չեմ կասկածում, որ նախագահը հետևում է գործընթացին, բայց կողքից խորհուրդ տալը չի խանգարի»,-նկատեց Ռուստամյանը` ավելացնելով, որ դա անհրաժեշտ է առնվազն պարիտետը պահպանելու համար:

Արմեն Մարտիրոսյանն էլ կարծում է, որ սպասելու ժամանակը վաղուց անցել է. «2009 թվականից ի վեր, ինչ արձանագրությունները ստորագրվել են, Թուրքիան չի կատարել գեթ մի քայլ, որը կապացուցի, որ Թուրքիան դրական վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ կամ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ եթե հարցը շարունակի քննարկվել խորհրդարանում, ապա իրենք դեմ են քվեարկելու:

ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը ներկայացրեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Օրինագծի հեղինակները կարևորեցին պարենային անվտանգության մակարդակի բարձրացման և  գյուղատնտեսության զարգացման խթանման նպատակով ջերմատնային արտադրության, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների, լճակային ձկնաբուծության ոլորտներում գործարար ակտիվության զարգացումը:

Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը` Արա Նռանյանը ևս կարևորեց քննարկվող նախագիծը` արձանագրելով, որ պետք է խրախուսել ներդրումները գյուղացիական տնտեսություններում:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հավասար պայմաններ ստեղծել սահմանային տարիքի հասած  բարձրագույն սպայական կազմի դասախոսական, լրատվական, գիտահրատարակչական, գիտահետազոտական, բժշկական բնույթի մասնագիտական, ինչպես նաև պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչների պաշտոններ զբաղեցնող զինծառայողների համար, որպեսզի վերջիններս իրենց ծառայողական և մասնագիտական որակներին համապատասխան հնարավորություններ ունենան շարունակելու ժամկետային զինվորական ծառայությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում:

Սեպտեմբերի 14-ին պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերն ու վավերացրին միջազգային համաձայնագրերը, այդ թվում նաև`  2010 թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության` ռազմական նշանակության արտադրանքի թողարկման միջպետական գիտաարտադրական միավորումներ ստեղծելու ընդհանուր սկզբունքների մասին», «Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման ու գործունեության կարգի», «Կարգավիճակի մասին»,  «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի անդամ պետությունների համագործակցության մասին», «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության շրջանակներում առկա համաձայնագրերն ու արձանագրությունները:

Նույն օրը ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և  «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Օրինագծերի փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է կենսաչափական տվյալների առկայությամբ նոր անձնագրերի համակարգի ներդրմամբ:

Ինչպես նշեց  Արթուր Օսիկյանը, կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերն օգտագործվելու են մեր հանրապետությունից դուրս գալու և վերադառնալու, ինչպես նաև երկրի տարածքում օգտագործելու նպատակով: Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերում պարտադիր են լինելու քաղաքացու լուսանկարը, ստորագրությունը, աջ ու ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: Անձնագրերը մինչև 16 տարեկան քաղաքացիներին տրամադրվելու են 3 տարի ժամկետով, 16 տարին լրացածներին` 5 տարի ժամկետով:  Նոր տեսակի անձնագրերը քաղաքացիներին տրվելու են կամավորության սկզբունքով և լինելու են վճարովի (մոտ 60 եվրոյին համարժեք դրամ):

 

 

Դիտվել է 1255 անգամ:
Print Friendly

Leave a Reply