Մեկը դասարանի արևն է, մյուսը` մերժվածը. ինչպե՞ս է իրականացվում հաշմանդամ երեխաների կրթության իրավունքը

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 20, 2011 12:10

12-ամյա Էմինն ամեն առավոտ մոր ուղեկցությամբ դասի է շտապում: 250-300 մետր ճանապարհ անցնելը, սակայն, տղայի համար բարդ ու ժամանակատար է, ուստի դասի է հասնում ուշացած, երբեմն էլ` երկրորդ ժամից:

Էմինն ի ծնե ջղերի ձգվածություն ունի, ինչի պատճառով չի կարողանում քայլել: Հինգ  տարի առաջ նրան վիրահատել են,  դրանից հետո կարողանում է ոտնաթաթերի վրա կանգնել, կողմնակի օգնությամբ նաև մի քանի քայլ կատարել: Ծնողներն այժմ գումար են հավաքում, որ առաջիկայում ևս մեկ վիրահատություն կատարվի, որից հետո գուցե Էմինը քայլի: Հայրը մեկնել է արտագնա աշխատանքի` գումար վաստակելու: «Տուն փող չի ուղարկում, հավաքում ենք, Աստված հաջողի, այս աշնանը վիրահատության տանենք, երեխան գոնե ինքնուրույն կարողանա դպրոց գնալ, ուղղակի շատ թանկ արժի վիրահատությունը»,- ասում է մայրը` տիկին Էմման:

Էմինը դպրոց է գնացել իր հասակակիցներից ուշ` ութ տարեկանում: Այժմ սովորում է Մարտունու թիվ 2-րդ միջնակարգ դպրոցում` 5-րդ դասարանում (Մարտունիում ներառական կրթություն իրականացնող դպրոց չկա, ուստի հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախում են մոտակա դպրոցը):

Մայրը պատմում է, որ տղան սիրում է դպրոցը և աշխատում է մի օր անգամ չբացակայել. «Տաք եղանակին քայլելով եմ տանում. դժվարությամբ կարողանում է քայլել: Իսկ ձմռանը տաքսի եմ կանչում, երբ փող չեմ ունենում, գրկելով եմ տանում: Լավ սովորող երեխա է, չեմ ուզում զրկել կրթվելու հնարավորությունից»:

Էմինը դպրոցում լավ է սովորում, բարձր գնահատականներ ստանում, 4-րդ դասարանի ավարտական քննություններից էլ գերազանց է ստացել: Տիկին Էմման պատմում է, որ դպրոցական առաջին իսկ օրվանից Էմինը գրավել է համադասարանցիների և ուսուցիչների սիրտը: «Եթե հանկարծ մի օր Էմինը դասի չգնա, դասերից հետո ընկերները մեր տուն են վազում` իմանալու ինչ է պատահել,- ասում է Էմման:- Երբ դասերից հետո գնում եմ Էմինին բերելու, աղջիկները պայուսակն են բերում, տղաներն էլ Էմինին են ուղեկցում ինձ ընդառաջ: Դասերի ժամին էլ հարկ եղած դեպքում դուրս են ուղեկցում: Կարևոր է, որ երեխան դպրոցում իրեն վատ չի զգում, նեղացնող չի եղել, իր առաջ չեն խոսում, իրենցից չեն տարբերակում»:

Երբ Էմինին ծնողները դպրոց են ուղարկել, մտավախություն են  ունեցել, որ չի հարմարվի նոր միջավայրին. մինչ այդ տղան մշտապես տանն է եղել, հասակակիցների հետ չի շփվել. «Երեխեքի ծնողները շատ խելացի մարդիկ են, ամեն մեկն  իր երեխային բացատրել էր, որ Էմինին պետք է լավ վերաբերվել: Եթե հանկարծ դպրոցում Էմինին տարբերակեին, կամ միջավայրը դուր չգար, երբեք չէր գնա, տղայիս  բնավորությունը լավ գիտեմ»:

Մայրը կարևորում է նաև ուսուցչուհու դերը, որը և դասարանում համապատասխան մթնոլորտ է ստեղծում. «Մի անգամ դպրոց կանչեց: Վախեցած գնացի` մտածելով, որ Էմինը իրեն վատ է զգացել: Բայց պարզվեց` կանչել էր, որ տղայիս գովաբաներ. շարադրություն էր գրել, որը զարմացրել էր ուսուցչին»:

Էմինը դասերից հետո տուն է գալիս ու սկսում սովորել հաջորդ օրվա դասերը: Ազատ ժամանակ տղան ֆիլմեր է դիտում և աշխատում կրկնել մարտաֆիլմերի հերոսների շարժումները: Շատ  է սիրում նաև ֆուտբոլ: «Եթե Մարտունիում հաշմանդամ երեխաների հետ պարապող մարզիչներ լինեին, կուղարկեի: Ֆուտբոլի համար խելքն իրենը չէ»:

Մայրը Էմինին բնորոշում է որպես խելոք և ժամանակից շուտ իմաստնացած. «Գուցե նեղված լինեմ մի բանից, էնպես կխոսի, որ կհանգստանամ: Երբեք չի ուզի այն, ինչը չեմ կարող կամ դժվարությամբ կարող եմ տալ իրեն: Բացառիկ երեխա է: Գալիս պատմում է, որ ընկերներից մեկը ֆուտբոլի է գնում, մյուսը` բռնցքամարտի, երրորդը` կարատեի: Հանգիստ պատմում է նրանց հաջողությունների մասին, չի բողոքում, չի դժգոհում, բայց ես հո տեսնում եմ նրա ներսի ցավը»:

Էմինի ուսուցչուհին` Կարինե Հայրապետյանը, տղային նկարագրելիս նշում է, որ շատ կենսուրախ է, դասարանի արևն է: Հայրապետյանն ասում  է, որ ծնողների հետ էլ է բացատրական աշխատանք տարել, որ հանկարծ Էմինի և դասարանցիների միջև պատնեշ չառաջանա: Իսկ դասարանում էլ Էմինն իր տեղն ու դերն ունի: Միշտ ինչ-որ զբաղմունք կգտնվի նրա համար: «Ֆիզկուլտուրայի դասերին, օրինակ, որպեսզի երեխան չօտարանա դասարանցիներից, Էմինին տալիս եմ դատավորի դերը. հետևում է ընկերների խաղին, գնահատում»:

Մարտունու թիվ 2 միջնակարգ դպրոցում Էմինից բացի սովորում է հաշմանդամություն ունեցող ևս 15 երեխա: Սակայն բոլորը չէ, որ սիրված ու ընդունված են դասարանի կողմից: 13-ամյա Անժելան, օրինակ, սովորում է նույն դպրոցի 8-րդ դասարանում: Նա մտավոր զարգացմամբ հետ է մնում իր հասակակիցներից: Դասարանում կարծես «անտեսանելի է»: Եթե հանկարծ ուսուցիչը փորձի նաև Անժելային ներգրավել դասապրոցեսում, մյուսների արձագանքը չի ուշանում. «Անժելան չգիտի», «Ինքը չի կարող»: Դասարանցիների վերաբերմունքը պատճառ է դառնում, որ աղջիկն ամփոփվի իր մեջ, խուսափի պատասխանելուց:

Մանկավարժ Էլմիրա Խաչատրյանը կարծում  է, որ դասարանային մթնոլորտը հիմնականում ձևավորվում է տարրական դասարանում, կարևոր է նաև ծնողների դերը: Նա պատմում է, որ տարիներ առաջ իր դասղեկական դասարանում ունեցել է մտավոր զարգացմամբ հետ մնացող աշակերտ: «Դասարանում դրվածքն այնպիսին էր, որ Արտակը բոլորին հավասար աշակերտ է և իրականում այդպես էլ կար»:

Դպրոցն ավարտելիս տղան հասակակիցների հետ շփման շնորհիվ արդեն կարող էր հանգիստ իր մտքերն արտահայտել, շփվել ծանոթ և անծանոթ մարդկանց հետ, գրել, կարդալ: Իսկ արդեն բարձր դասարանում սովորեց նաև տարրական թվաբանություն, որպեսզի կարողանա ինքնուրույն խանութ գնալ: «Իրեն առանձին հանձնարարություններ էի տալիս, բացատրում, թե ինչպես գրի: Շատ էր ուրախանում, որ կարողանում էր գրել վարժությունները»,- պատմում է Խաչատրյանը:

Հոգեբան Անահիտ Ղազարոսյանը հաշմանդամություն ունեցող երեխաներին դասարանին  ինտեգրելու գործում կարևում է թե՛ ծնողի, թե՛ ուսուցչի, հատկապես` դասղեկի,  և՛ թե դպրոցական հոգեբանի դերը: Ղազարոսյանի խոսքով` եթե ծնողը երեխային դաստիարակելիս նրա մեջ հոգատարություն սերմանի շրջապատի նկատմամբ, նման երեխան հաշմանդամություն ունեցող երեխային կընդունի որպես հավասարի` մտքով իսկ չանցկացնելով այլ տարբերակ: «Երեխան, որը որոշակի խնդիրներով է ծնվել, մեղավոր չէ և մյուսներից ոչնչով պակաս չէ: Երբ այս գիտակցությանը հասնենք, խնդիրներ այլևս չեն լինի»,- ասում է հոգեբանը:

Անդրադառնալով Անժելայի դեպքին` Ղազարոսյանը նշում է, որ այս դեպքում անջրպետը խորացել է, անվստահությունը մեծ է և ուսուցիչը, որքան էլ ցանկանա, չի կարող հարթել խնդիրը, հարկավոր է հոգեբանի միջամտություն, որը պետք է նախ պարզի խնդրի բուն պատճառները:

Հայաստանում ապրում է կրթական առանձնահատուկ պայմանների կարիք  ունեցող 8000 դպրոցահասակ երեխա: Նրանցից շուրջ 1900-ը սովորում են հանրապետությունում գործող 81  ներառական դպրոցներում: Շուրջ 2500 երեխա էլ սովորում է հատուկ դպրոցներում: Մնացած 3600 երեխաները սովորում են սովորական հանրակրթական դպրոցներում: Իսկ թե նրանցից քանիսն է ինտեգրվել դասարանական ու դպրոցական միջավայրին, տվյալներ չկան:

 

Հ.Գ.

Նյութում Էմինի լուսանկարը չենք զետեղում, քանի որ տղան խուսափում է լուսանկարվելուց: Համոզված է` երբ սկսի քայլել, շատ կլուսանկարվի և բացը կլրացնի:

 

Դիտվել է 2049 անգամ:
Print Friendly

Leave a Reply