Գարեգին Նժդեհ. Բաց նամակ 11-րդ Կարմիր բանակի զորահրամանատարներին
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | September 20, 2011 7:00
Հայ ազատագրական պայքարի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը` Գարեգին Նժդեհը, հայտնի է ոչ միայն իր ռազմական տաղանդով: Նա նաև Ցեղակրոն ուխտի հիմնադիրն է: Ուխտ, որ ամբողջ սերունդներ է կրթել ու կրթում Հայաստանում ու սփյուռքում: Նժդեհյան գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը լավ է արտացոլված ստորև ներկայացվող նրա նամակում, որը Լեռնահայաստանի պայքարի թեժ օրերին ուղղվել է 11-րդ Կարմիր բանակի հրամանատարությանը:
…Մոռանանք մի պահ, մոռանանք, որ մենք կռվող կողմեր ենք: Մոռանանք, որ դուք էիք, որ խաբելով ավարի ու ավերածության մատնեցիք ըմբոստ ու ազատասեր Ղարաբաղը, Սյունիքն ու Վայոց ձորը, սոցիալական քայքայումի հետ անաստվածորեն առաջ տարաք այդ լեռնաշխարհը լցնող ժողովրդի գլխատման գործը: Մոռանանք և այն, որ դուք էիք, դուք, որ արհամարհելով հեղափոխական էթիկայի ամենատարրական պահանջները` գիտակցելով դաշնակցեցիք Արևելքի գերազանցորեն ռեակցիոն, կուլտուրավեր հայաջինջ ուժերի հետ, երեկվա հանրապետական Հայաստանը քեմալական դարձրիք: Մոռանանք նաև, որ ձեր` աշխատավորության հասցրած չարիքից և հայահալած ու հակահեղափոխական քաղաքականությունից խթանված Սյունաց, Արցախի, Վայոց ձորի ռազմական ուժերը մի գիշեր իջան լեռներից ու մաքրեցին իրենց երկիրը` աշխարհի չորս քամիներին տալով ձեր բարբարոս զորամասերը: Մոռանանք այդ բոլորը, չնայած պատմության և ձեր ձեռքով խաչված հայ ժողովուրդը չի մոռանա, մոռանանք, կրկնում եմ, և խոսենք որպես երկու օբյեկտիվ կողմեր:
Սկսում եմ, լսեք: Ձեր վերջին նամակի մեջ դուք առաջարկում էիք ինձ բարեկամանալ Խորհրդային Հայաստանի կառավարության հետ և միամտորեն հարց էիք տալիս, թե ու՞մ վրա եմ դրել հույսս: Խորհրդային Հայաստան չկա: Կա քաղաքականապես բռնաբարված Երևան անունով մի քաղաք և մեկուկես տասնյակ գյուղեր, այսինքն` տերիտորիալ մի աբսուրդ: Ձեր դավադրությամբ Հայաստան երկիրը դարձավ քեմալիստական: Միամիտ չլինենք կարծելու, որ Մոսկվայի ձեր վերջին կոնֆերանսը մուկ չի ծնելու: Ձեր ցանկությամբ տաճիկները մտան, սակայն ձեր հրամանով նրանք չպիտի հեռանան, և խոստովանենք, որ եթե քեմալիստները քաղաքական հնարավորություն ունենան շարժվելու դեպի Երևան, միայն թալանի մեջ մարզված և Ղարաբաղում կին ու երեխաներ կոտորելու գործում մասնագիտացած ձեր զորքերը չեն, որ պիտի պաշտպանեն ձեր ձեռքով գլխատված ու զինաթափ եղած հայ աշխատավորությանը…
Թվում է, որ իմ` Երևանի կառավարության հետ բարեկամանալուց կշահի միայն ձեր երեկվա «բարեկամ» և այսօրվա թշնամի Քեմալը, որովհետև հայ զինվորն անմարտունակ, փալաս է դառնում, երբ անգամ ձևականորեն դառնում կամ կոչվում է Կարմիր, բոլշևիկյան, սովետական: Ձեր հարցին, թե ում վրա եմ դրել հույսս, Անտանտայի՞, թե՞ Վրաստանի, պատասխանում եմ` միայն իմ ազատասեր ժողովրդի հաղթական ռազմունակության, իմ երկրի բարձր լեռների և իմ պաշտպանած արդար դատի վրա:
Ուժեղը նա չէ, որ ուտող բերաններ, երկոտանի մեքենաներ, թալանչիներ կամ թնդանոթների արճիճ շատ ունի, բայց սիրտ ու հոգի չունի, սրբություններ չի ճանաչում: Ուժեղը նա չէ, որ ոչնչով չի տարբերվում կարմիր ցարերից, սուլթաններից, որը խաբեությամբ դրախտ ու հազար ու մի բարիքներ բերելու խոստումներով մտնում է մի երկիր, թալանում, սոցիալապես գլխատում, ապստամբության մղում ժողովրդին և թողնում, փախչում: Ուժեղը նա չէ, որ ամբողջ բրիգադներով հարձակվում է Շվանիձոր կոչվող գյուղի վրա և քառասուն օր շարունակ թնդանոթներից և գնդացիրներից արճիճ ու կրակ է թափում հարյուրի հասնող ապստամբների գլխին և նահանջելուց առաջ ասպետություն չի ունենում ծունկի գալու ապստամբների դիրքերի առաջ և ասելու. «Փառք ձեզ, ապստամբներ, որ այդպես կռվել ու ձեր երկիրն ու մարդկային իրավունքները պաշտպանել գիտեք»: Ուժեղը նա չէ, որի ուժերի ավանգարդը կազմում են կարմիր սուտը, խաբեությունն ու պրովոկացիան, որը գիտե, որ գերմանական զրահապատ բռունցքը ջարդուփշուր դառավ, զինաթափ եղավ բելգիական տրագիկ և հերոսական ոգու առաջ: Ուժեղը նա չէ, որ հանուն իր աննշան հաջողությունների, իր պյուռոսական հաղթանակների, դաշնակցում է անգամ սատանայի հետ, որը լինելով Նապոլեոնի խեղանկարը` Մաքիավելի է իսկական: Ուժեղը նա չէ, որ կազմակերպված մեծ ոճիրն ու թալանն անվանում է Ռուսական մեծ հեղափոխություն, որը խելագար հալածանքներ է իրականացրել անգամ սոցիալիստական ինտելիգենցիայի դեմ, որն առանց ամոթի ու խղճի խայթի իր ամենավուլգար քրեական գործիչներին, ինչպիսիք են սադիստ Աթարբեկյանն ու Ավիսը, անվանում է ռուսական Մարատ: Ուժեղը նա չէ, որն օրական յոթն անգամ վերև ու ներքև թքել գիտի, բայց կրծքի վրա, գրպանի խորքում ռուսական խաչն ու Տիրամոր պատկերն ունի: Ուժեղը նա չէ, որի հաղթանակները, ռազմական լինելով, բարոյական չեն: Դուք չգիտեք, թե ով, ինչպես և ինչով է հաղթում:
Լսեք, ասեմ: Գիշեր է: Մի քանի զինվորներ Գորիսի մի այգում սուր խրամատաշինական գործիքներով փոսեր են փորում: Գերեզմանները պատրաստ են: Ահա բանտի դռնից դուրս նետեցին երկու ականավոր սոցիալիստների: Դատապարտվածները գիտեն, որ իրենց տանում են հողին հանձնելու, բայց չգիտեն, որ պիտի մորթվեն: Մոտեցրին փոսերին: Մի քանի սրեր բարձրացան մթության մեջ և իջան: Սոցիալիստներից մեկը գլխատված է, մյուսի ձախ թևը` կտրված:
– Սրիկաներ, սպանեք, կտրեք մյուս թևս էլ, բայց գիտեցեք, դուք ձեզ եք սպանում: Ցարն էլ ձեզ պես վարվեց ժողովրդի պաշտպանների հետ և մեռավ բռնաբար: Սրիկաներ, մարդասպաններ,- վերջին անգամ գոռաց Շիրինն ու սրերի ծանր հարվածներից գլորվեց փոսը:
– Սրիկաներ, մարդասպաններ,- վախվխելով ու կամացուկ կրկնեց ժողովուրդն ու սեղմեց բռունցքը:
Կռիվ էր, ձերոնք թնդանոթների ու գնդացիրների հետ կախվել էին Ալագյազից Կարճևան գյուղի վրա: Երրորդ օրն էր, իսկ ապստամբները հեգնում էին թշնամու ճիգերն ու փորձերն ու առատ հունձ անում: Ջուր չկար, ծարավ էինք: Կարճևանցի հայ կինը կուժը լիքը սառը ջրով բարձրանում էր մեր դիրքերը: Թշնամին նկատելով գնդացրային կրակ բացեց նրա վրա: Հարյուրավոր գնդակներից մեկը փշրեց նրա կուժը: Կինը նորից իջավ Արաքսի ափը, նոր կուժը լցրեց ջրով ու շարունակեց դեպի մեր դիրքերը: Էլի ընկավ կրակի տակ, թեթև վիրավորվեց և կորցրեց կուժը: Հավատացած էինք, որ նա այլևս չի վերադառնա, բայց մի քիչ անց նորից պաշտելի հերոսուհին բարձրացավ սարը: Վիրավորված հայ կնոջ ներկայությունը կրակով և վրեժով լցրեց ապստամբների հոգիները: Կես ժամ անց թշնամին մեր սարերից կրնկակոխ փախչում էր: Ահա իմ ուժը:
Կարյուշկինը իր հեծելագնդով եկել, պաշարել էր Երիցավանք գյուղը: Հրամայված էր ցերեկը չպատասխանել թշնամուն: Ապստամբները սրտատրոփ սպասում էին խավարի իջնելուն, իրենց հարազատ տարերքին, երբ հպարտ կապանցին թշնամու բանակի մասին հարց տալու փոխարեն հարցնում է. «Ո՞ր է թշնամին»: Գիշեր է: Գայլավաշտերը սպասում են ազդանշանին` սկսելու իրենց ուժանակային գրոհը: Լռության մեջ բարձրացավ ապստամբներից մեկի` մահն արհամարհող, վտանգն անգիտակցող երգը:
Վաշտերը դուրս թռան իրենց խրամատներից, լսվեցին գոռ կեցցեները, որին հետևեցին դինամիտային պայթյունները: Լույսը բացվեց: Մեր ձեռն էր մնացել թշնամու ուժերից կեսից ավելին` մի քանի հարյուր հրացան և երկու տասնյակից ավելի գնդացիր: Մենք այսպես շատ անգամ երգով ենք հաղթում: Սյունիքի բացօթյա երկնքի տակ հավաքված են հազարավոր կանայք` քաղաքից ու գյուղերից: Խոսում է մեկը. «Դիմենք Սպարապետին. եթե նա այսօր մինչև երեկո չքշի թշնամուն Զաբուղից էլ դեն, մենք կհարձակվենք դեղատների վրա,մեր մեջ կբաժանենք եղած թույնը և անձնասպանությամբ վերջ կտանք մեր կյանքին, որ մեկ էլ կարմիր զինվորների կամ սև ասկյարների երեսը չտեսնենք»:
Մութը դեռ չէր ընկել, երբ մեր սուրհանդակը ավետեց, որ ջարդված թշնամին ետ է շպրտվել:
Ահա թե ինչով և ինչպես ենք հաղթում մենք:
Այդպես եկաք, խաբեցիք, թալանեցիք, ապստամբեցրիք ժողովրդին և պարտվեցիք: Դուք պարտվեցիք, որովհետև պետք է պարտվեիք, որովհետև դա պատմության վճիռն է, որովհետև մարդկությունն է այդպես ցանկանում: Դուք պարտվեցիք, որովհետև բարոյապես պարտված եք եղել ձեր, հենց ձեր քանդված ու գլխատված բուն հայրենիքում` Ռուսաստանում, որովհետև ձեր ամեն մի քայլը, ամեն մի գործը բարոյական մի պարտություն է, էթիկական մի անձնասպանություն: Սյունիքը հաղթեց ձեզ, որովհետև նա պետք է հաղթեր, որովհետև վարձկան զինվորի տեղ նա ունի 200-ի չափ ժողովրդական ուխտած վաշտապետներ, նույնքան դավիթբեկյան գայլավաշտեր, իրեն ապաստան` բարձր լեռներ, որքան բարձունք` այնքան գնդացիր (միայն ձեր զորքից խլված 200-ը), խոր ձորեր, թշնամու համար գերեզման, ծով ատելություն դեպի իր թշնամին, ծով սեր դեպի իր հայրենի երկիրն ու արյունով գնված ազատությունը, բոլոր ճակատներում անհատակ պարկեր, որոնք բերանբաց սպասում են մեր երկրի թշնամիներին, և գրանիտե հավատ, որ ապստամբ ժողովրդին միայն աստված կարող է հաղթել: Խորամանկ Մաքիավելին էլ չի կարող օգնել ձեզ: Lավագույն մոդեռն զենքը` կարմիր սուտը, չեղած դրախտն էլ չեն փրկի ձեզ, որովհետև այդ զենքերով միայն մի անգամ կարելի է հաղթել:
Խոստացած դրախտի տեղ դժոխք, հազար ու մի բարիքների փոխարեն` սով, սիֆիլիս, արյուն, արցունք, կոտորած, Քեմալ, քեմալիստներ բերիք հայ աշխատավորության համար:
Եզրելով նամակս, ավելացնում եմ. իզուր եք ենթադրում, որ ես ցանկություն ունեմ պայթեցնելու Երևանն ու մեկուկես տասնյակ գյուղերը, որոնց վզին զոռով դրված է սովետական լուծը, եթե Ղարաբաղում սկսած բարբարոսություններով չստիպեք անել այդ քայլը: Ցգրություն:
Ինքնավար Սյունիքի սպարապետ` Նժդեհ: 24.02.1921, Գորիս
Պատրաստեց Վահե Անթանեսյանը






Facebook
Tweet This
Email This Post
