Wikileaks-ը կողմերին հիշեցրեց, թե «ով ով է» և «ինչից ուր հասանք»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 16, 2011 7:00

Wikileaks-ի կողմից գաղտնազերծվող տեղեկատվությունից շոկային սպասումները չարդարացան: Թվում էր, թե Wikileaks-ի հարապարակած Հայաստանին վերաբերող հազարավոր փաստաթղթերն ուղղակի տակնուվրա կանեն ու շուռ կտան քաղաքական իրողությունների պատկերը մեր երկրում:

Ի՞նչ տեղի ունեցավ իրականում

Ամերիկյան դիվանագետների` Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող նամակագրությունը, որ հանրության լայն շրջանների սեփականությունը դարձավ, անշուշտ, շատ ինտրիգային էր, օտարազգի պաշտոնյաների  մոտ չափից դուրս անկեղծանալու փաստի ի հայտ գալը որոշ քաղաքական գործիչների խիստ անհարմար վիճակի մեջ դրեց, սակայն այդպես էլ չհայտնվեց որևէ տեղեկություն, որից հանրությունը բացարձակ տեղյակ չէր: Չկային հարցադրումներ, փաստեր կամ մեկնաբանություններ, որոնց հանրությունը մինչ այսօր անհաղորդ է եղել կամ գոնե ենթադրությունների մակարդակով չէր լսել:  Որոշ փաստեր ուղղակի առավել ակհայտ դարձան:

Իհարկե, սա չխանգարեց, որ Հայաստանի լրագրողական համայնքին այս փաստաթղթերն անմիջապես գրավեն իրենց սենսացիոն ձևակերպումներով: Եվ այն, որ այս փաստաթղթերի հիմնական գործող անձինք Հայաստանի երեք նախագահներն էին և Հայաստանի վերջին երեք տարիների ներքաղաքական զարգացումները, արդեն իսկ նշանակում էր, որ դրանք չեն կարող չանդրադառնալ Հայաստանի ներքաղաքական  կլիմայի վրա ու նույնիսկ չակտիվացնել խոսակցությունները որոշ իրողությունների շուրջ, որոնք մոռացության տալու համար վերջին վեց ամիսների ընթացքում այնքան ջանքեր էին թափում ՀԱԿ-ն ու իշխանությունը` նստելով երկխոսության:

Բայց կարծում ենք, որ լայն առումով առավել հետաքրքիր է այն, թե երբ հայտնվեցին այդ փաստաթղթերը: Դրանք գաղտնազերծվեցին նախընտրական աշնանային թեժ մեկնարկից անմիջապես առաջ և, որ ամենակարևորն է, ՀԱԿ – իշխանություն երկխոսության առկախումից ընդամենը մի քանի օր  անց: Դրանք ինչ-որ չափով նույնիսկ փրկություն եղան կողմերի համար, քանի որ քաղաքական քննարկումները կենտրոնացած էին հենց երկխոսության վրա, իսկ ՀԱԿ-ի ու իշխանության բանակցությունները ակնհայտորեն մտել էին փակուղի: Գործընթացն առաջ տանելու համար կողմերից առնվազն մեկը պիտի զիջումների գնար, հրապարակավ հայտներ իր հայտարարած նպատակներից հետքայլ անելու մասին, սակայն կողմերից ոչ մեկը դրան պատրաստ չէր: Հետևաբար ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ձերբակալությունը շատ լավ առիթ էր գործընթացն առկախելու համար:

Իսկ Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերը քաղաքական դաշտում տաքացրին թեմաներ (մասնավորապես` հետընտրական զարգացումների ու մարտի 1-ի շուրջ), որոնք կողմերին հիշեցրին, թե ով ով է և ինչից ուր հասանք: Նկատենք, որ այս փաստաթղթերի շատ «ճիշտ» ժամանակին հայտնվելը, ինչպես նաև փաստաթղթերի ընտրված բովանդակությունը մի տեսակ կասկածներ է առաջացնում, որ ինչ-որ պահից ԱՄՆ հատուկ ծառայությունների համար այնքան էլ անվերահսկելի չէ, թե ամերիկյան դիվանագետների արծարծած որ թեմաների շուրջ ուղարկված հաշվետվություններն են հրապարակվում:

Հայտնի փաստեր նոր իրավիճակում երեք նախագահների համար

Հենց վիկիլիքսյան փաստաթղթերով ապացուցվեց այն փաստը, որ Ամերիկան աջակցել է երկխոսության գործընթացին, և Հայաստանում իր առաքելությունը վերջերս ավարտած Մարի Յովանովիչն անձամբ միջնորդ է եղել: Սակայն փաստացի երկխոսությունը ոչ մի արդյունք չտվեց, և կողմերը վերադարձան փոխադարձ մեղադրանքների «հին ու բարի» ավանդույթին:

Ու այս առումով կողմերին օգնեց հենց Wikileaks-ը: Ընդդիմադիր ու իշխանական մամուլի ներկայացուցիչները սկսեցին ընտրովի շրջանառության մեջ դնել վիկիլիքսյան այն հրապարակումները, որոնք առավելագույնս կսևացնեն դիմացինին: Ավելին, սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը, հաշվի առնելով հենց նախագահական ընտրությունների ու հետընտրական զարգացումների վերաբերյալ տաքացված խոսակցությունները, իր ողջ ելույթը նվիրեց մի բանի, որ ցույց տա` Հայաստանում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները եղել են անօրինական և, ըստ էության, Հայաստանում գործադիր ու օրենսդիր իշխանությունը «ուզուրպացված է»:

Սա ապացուցելու համար հղում արեց նախագահական ընտրությունների արդյունքների մասին Wikileaks-ում  հրապարակված թվերին, բայց և հայտարարեց, որ այնուամենայնիվ կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, եթե իշխանությունները ազատ արձակեն Տիգրան Առաքելյանին: Ավելին, նա հայտարարեց, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում իրենք իշխանությունների հետ այլ լեզվով կխոսեն. «Այլ լեզու ասելով` ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ, այլ հանրահավաքների հաճախակիացման և ժողովրդական զանգվածների առավելագույն համախմբման կամ գերմոբիլիզացիայի միջոցով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման պարտադրում»:

Այլ կերպ ասած` Լևոն Տեր-Պետրոսյանը, շատ լավ հասկանալով, որ իր քաղաքական կշիռը որոշակիորեն պահելու այլ տարբերակ չկա, չնայած հանրությունն իրենից ինչ-որ վճռական քայլեր է սպասում, օգտագործում է այդ պահին լրատվական դաշտում առկա տաք քննարկումները, որ հերթական անգամ հանրահավաքի մասնակիցներին կերակրի վճռական քայլերի իր պատրաստակամության խոստումներով, բայց և ֆորմալ կերպով չհրաժարվի երկխոսությունից:  Մանավանդ որ վիկիլիքսյան բացահայտումներից հայտնի դարձավ, որ շատ վաղուց արդեն Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ մի վճռական քայլի էլ պատրաստ չէ:

Սակայն վիկիլիքսյան հրապարակումներն առավել քան ազդակ էին գործող նախագահ Սերժ Սարգսյանի համար,  մանավանդ որ իմանալով լեգիտմիության պակասի հետ կապված խնդիրները` այնուամենայնիվ, ըստ Wikileaks-ի, Արևմուտքը պատրաստ է աշխատել Սերժ Սարգսյանի հետ:

Նախ` Wikileaks-ը հիշեցրեց,  թե ինչպես Սերժ Սարգսյանը եկավ իշխանության, ևս մեկ անգամ փաստեց երկխոսությունը սկսելու կարևորությունը հետընտրական իրողությունները հաղթահարելու և նոր իմիջ ձևավորելու համար: Մյուս կողմից` ակնհայտ դարձրեց Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան տարաձայնությունները` սկսած հենց  նախագահական ընտրությունների շրջանից ու մարտի 1-ի իրողություններից և վերջացրած նրանով, որ Սերժ Սարգսյանն իր նախագահության շրջանում Քոչարյանին չի պատկերացնում  վարչապետի դերում:

Եվ, առհասարակ, վիկիլիքսյան հրապարակումները խիստ ակտիվացրին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձի  մասին խոսակցությունները: Եվ առավել ակնհայտ դարձավ, որ նախագահական ողջ թոհուբոհը պտտվելու է երեք նախագահների անվան շուրջ, և Քոչարյանի ստվերը չի հեռացել: Ավելին, ամերիկյան դիվանագետների հետ զրույցում ներկայումս ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն է դեռ 2009-ի սկզբին անկեղծացել, որ եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանա գահընկեց անել վարչապետին և զբաղեցնել նրա տեղը, ապա կարող է անհրաժեշտ ձայներ հավաքել խորհրդարանում` չնայած Սերժ Սարգսյանի դիմադրությանը (բնականաբար, սա նշանակում է, որ խոսքը վերաբերում է նաև ՀՀԿ-ի պատգամավորների աջակցությանը):

Ընդ որում, նկատենք, որ Սերժ Սարգսյանի համար այս վտանգը չի վերացել մինչ օրս: Սերժ Սարգսյանը որոշել է իր համար քաղաքական հենարան ստեղծել` ՀԱԿ-ի` որպես խորհրդարանում ընդդիմադիր տեղերի ապագա «տերերի»  հետ երկխոսության գործընթացը ֆորմալ ու ոչ ֆորմալ պահպանելով, ինչպես նաև բիզնեսմեններին ու նաև օլիգարխների գրպանին, մեղմ ասած, խփելով, որպեսզի նրանք չկարողանան իր դեմ դուրս գալ ու պաշտպանել Քոչարյանին (նկատենք, որ Քոչարյանն էլ իր հարցազրույցներում Սերժ Սարգսյանին ուղղակի կամ անուղղակի քննադատելիս միշտ շեշտը դնում է ներկայիս նախագահի վարած տնտեսական քաղաքականության վրա): Պատահական չեն խոսակցություններն ու նաև լուրջ անհանգստությունները ՀՀԿ պատգամավորների շրջանում, որ հաջորդ խորհրդարանում բիզնեսմեններ չեն լինելու: Բացի այդ, Սերժ Սարգսյանն իր քաղաքական թիմը փորձում է ամրապնդել կադրային փոփոխություններով: Սակայն քաղաքական էլիտան արմատապես վերաձևելու փորձերը դեռ կարող են հենց նրա դեմ դուրս գալ, քանի որ նա փորձում է կոտրել այն ճյուղը, որի վրա նստած է:

Ինչևէ, Wikileaks-ը կողմերին հիշեցրեց վերջին երեք տարիների զարգացումները և  առավել թափանցիկ դարձրեց այն իրողությունները, որոնց շուրջն  է այժմ պտտվում Հայաստանի ներքաղաքական կյանքը:

Տեսնենք, թե ինչ վերջնական եզրակացություններ կանեն քաղաքական դաշտի երեք հիմնական խաղացողները:

 

Աստղիկ Խաչատրյան

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply