Ինչի է ձգտում Դավիթ Գրաֆը
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | September 18, 2011 7:00
Դավիթ Գրաֆը, որի իսկական անուն–ազգանունը Վահագն Սահակյան է, իր մրցելույթները շռնդալից է սկսել պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Նա ռինգում արդեն չորս հանդիպում է անցկացրել և բոլորն էլ իր օգտին գրանցել նոկաուտով:
Գրաֆը մարզվում և մրցելույթներ է ունենում Գերմանիայում: Նախորդ ամսվա վերջին` հունգարացի Վիկտոր Շալային հաղթելուց հետո, 22-ամյա մարզիկը կարճատև արձակուրդ է ստացել և որոշել է այն անցկացնել հայրենիքում: Օգտվելով առիթից` մի քանի հարց ուղղեցինք նոր փայլատակած աստղին:
– Շալայն անցանկալի մրցակի՞ց էր, լարվածություն ունեի՞ր:
– Նա 10 տարով ինձնից մեծ է, 55 մրցամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում և շատ հաղթանակներ տարել, այսինքն` ավելի փորձառու է: Բայց դա ոչ մի նշանակություն չուներ: Ես շատ լրջորեն էի նախապատրաստվել այդ հանդիպմանը: Մրցեցինք ընդամենը 1 րոպե 31 վայրկյան: Իմ հաջողությունը քրտնաջան մարզումների արդյունք է: Նախկին երեք մրցամարտերից առաջ և դրանց ընթացքում ոչ մի լարվածություն չեմ ունեցել: Սակայն այս անգամ կար մի հանգամանք: Խոստացել էի Երևան գալ և ներկա գտնվել Վիկ Դարչինյանի և Էվանս Մբամբայի մրցամարտին: Փաստորեն, իմ վերջին հանդիպումից հետո պետք է Հայաստան այցելեի և անսպասելիորեն մրցամարտից առաջ սկսեցի հուզվել: Մրցակցիցս ամենևին երկյուղ չունեի, պարզապես ցանկանում էի, որ ազգիս պատիվը բարձր պահեմ և պարզ ճակատով ներկայանամ իմ հայրենակիցներին, նրանց հետ հաջողությունս վայելելու առիթ ունենամ: Չնայած հուզմունքին` հաղթեցի կարճ ժամանակահատվածում:
– Բայց դու ավելի արագ տարած հաղթանակ էլ ունես:
– Պրոֆեսիոնալ ռինգում առաջին հանդիպումս ունեցել եմ ապրիլի 2-ին և 3 վայրկյանում հաղթել եմ լատվիացի Օլեգ Լոպասնիսին: Այդ մրցամարտի ելքը վճռվեց մի հարվածով: Պրոֆեսիոնալ, անգամ սիրողական բռնցքամարտում թերևս ավելի արագ հաղթանակ չի արձանագրվել, և այդ ռեկորդը հազիվ թե գերազանցվի:
– Իսկ չէի՞ր մտածո՞ւմ այն մասին, որ դու էլ «Հայաստանը` ընդդեմ աշխարհի» մրցամարտի մասնակիցներից մեկը կարող էիր լինել և այդ օրը Դարչինյանից առաջ հանդիպում անցկացնել որևէ մրցակցի հետ:
– Մտածում էի: Իսկ այն, ինչ տեսա այդ օրը երևանյան ռինգում, իմ ցանկությունն ավելի բազմապատկեց: Հուսով եմ, որ մի օր էլ դա տեղի կունենա, և մրցելույթ կունենամ իմ հայրենիքում, հարազատ հանդիսականների քաջալերանքի ներքո:
– Հայաստանում հարազատներ ունե՞ս:
– Ինչպես չէ: Տատիկներս, պապիկներս այստեղ են ապրում: Ծնվել եմ 1989-ին Երևանում: Հաճախել եմ Վլադիմիր Ենգիբարյանի անվան դպրոց: 8 տարեկանից բռնցքամարտով եմ զբաղվել: Ի դեպ, մարզօջախը մեր բակում է գտնվում: 2001-ին տեղափոխվել եմ Գերմանիա: Հայրս երկար ժամանակ բնակվում է այդ երկրում: Գերմանիայում շարունակել եմ բռնցքամարտով զբաղվել, նաև` լողով: Ես բարձրահասակ եմ` 192 սմ և կշռում եմ 90,5 կգ: Ցավոք, երկու տարբեր մարզաձևով երկար լրջորեն հնարավոր չէր զբաղվել և արդյունքի հասնել: Ստիպված լողը թողեցի: Արդյունքը եղավ այն, որ երիտասարդական տարիքում բազմիցս բռնցքամարտի մեր նահանգի` Բադեն Բրյուդենբերգի չեմպիոն դարձա: Երեք անգամ հաղթել եմ Գերմանիայի առաջնություններում, 2007-ին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում եմ բրոնզե մեդալակիր դարձել: Հաջողությունների եմ հասել նաև մեծահասակների մրցումներում, բայց քիչ, քանի որ որոշ խանգարող հանգամանքներ են եղել: Բայց դա այժմ կարևոր չէ: 2011-ից տեղափոխվել եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտ:
– Նախկինում լողի կանոնավոր մարզումներ անցկացնելու հանգամանքն օգնո՞ւմ է:
– Իհարկե, շատ: Ներկայումս էլ լողավազան հաճախելու և տևական մարզվելու առիթը բաց չեմ թողնում:
– Առայժմ դու միայն չորսռաունդանոց հանդիպումներ ես անցկացնում: Ե՞րբ ես մտադիր ավելի տևական մրցամարտերի մասնակցել: Մասնագետներն ի՞նչ կարծիքի են քո մարտաոճի մասին:
– Առաջիկա մրցամարտերս ավելի շատ ռաունդներից բաղկացած կլինեն: Արդեն դեկտեմբերին 6-ռաունդանոց հանդիպում կանցկացնեմ: Իսկ մասնագետները կարծում են, որ ես տարբերվում եմ այն բանով, որ ռինգում շատ եմ տեղաշարժվում, գերադասում եմ ոտքերի խաղը: Ինձ այդ առումով նմանեցնում են լեգենդար Մուհամեդ Ալիին և Ռոյ Ջոնսոնին: Կարծում եմ, որ պարտադիր չէ պաշտպանվելու համար ձեռքերով փակվել, կարելի է նաև տեղաշարժվել և խուսափել հարվածներից: Ի դեպ, իմ մարտաոճը հետաքրքրել է նաև Գերմանիայի առաջին հեռուստաալիքի ներկայացուցիչներին, նրանք շարունակ հատվածներ են ցուցադրում անցկացրածս հանդիպումներից: Մերձամարտն իմ մարտոճը չէ, գերադասում եմ առաջին հերթին արդյունավետորեն պաշտպանվել, և ավելի շատ աշխատել մրցակցի վրա, ոչ թե նախաձեռնությունը նրան թողնել:
– Անցկացրած չորս հանդիպումներդ էլ նոկաուտով ես ավարտել: Դա շտապողականության մասին չի՞ վկայում: Մարզասերներն արդեն սովորել են դրան: Հնարավո՞ր է, որ այդ հանգամանքը հետագայում խանգարի:
– Չի խանգարի, որովետև երբ ռինգ եմ դուրս գալիս, երբեք չեմ մտածում նոկաուտի մասին: Ռինգում միայն փորձում եմ գեղեցիկ բռնցքամարտ ցուցադրել: Իսկ նոկաուտը հնարավոր է նաև, որ չստացվի:
– Ո՞վ է քո սիրած բռնցքամարտիկը, կուռքը:
– Սիրած բռնցքամարտիկ չունեմ: Փոխարենը ունեմ սիրած մարտաոճեր: Բայց բռնցքամարտիկը ոչ միայն ռինգում, այլև կյանքում որպես մարդ պետք է իր բարձրության վրա գտնվի:
– Ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ, աշխարհի չեմպիոն դառնալու համար դեռ շա՞տ ճանապարհ պետք է անցնել:
– Խոստանում եմ, որ ապագայում կուրախացնեմ մարզասերներին: Դժվար է բոլոր հանդիպումներում մրցակիցների նկատմամբ նոկաուտով առավելության հասնել, սակայն հաղթանակներ կլինեն: Կարևոր է, որ զերծ մնամ նաև վնասվածքներից: Աշխարհի չեմպիոն դառնալը ժամանակի և աշխատանքի խնդիր է: Գերմանիայում ես առաջին ծանրքաշային կարգում լավագույն 7 բռնցքամարտիկների թվում եմ: Արդեն աշխարհի 200 լավագույնների ցուցակում եմ: Երբ երեխան դպրոց է գնում, սկսում է առաջին դասարանից, վեր է բարձրանում և ավարտական դասարանում քննություններ հանձնում: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում էլ նույնն է:
– Կարող էիր նաև օլիմպիական խաղերի մասնակցել, անուն հանել, հետո դառնալ պրոֆեսիոնալ: Երբևէ զղջացե՞լ ես, որ այդ ճանապարհը չես ընտրել:
– Սպորտում ամեն բան հնարավոր է: Մասնավորապես, Գերմանիայում կան բռնցքամարտիկներ, ովքեր այդ երկրի չեմպիոն չեն եղել, սակայն դարձել են աշխարհի չեմպիոն: Ի դեպ, այժմ փորձում են այնպես անել, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները նույնպես կարողանան օլիմպիական խաղերի մասնակցել: Բացի այդ, հնարավոր է, որ Գերմանիայի հավաքականի կազմում օլիմպիական խաղերի մասնակցելու հարցում խնդիրներ առաջանային: Ինչևէ, կարծում եմ` բոլոր նախադրյալներն ունեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտում առաջ շարժվելու համար:
– Ո՞ր ակումբում ես, ի՞նչ խնդիրներ են դնում քո առաջ:
– Բնակվում եմ Բեռլինում, Զաուրլանդի անունը կրող ակումբում եմ, որտեղ հանդես են գալիս Արթուր Աբրահամը, Կարո Մուրադը: 2011-ին պայմանագիր եմ կնքել, որ արդեն լուրջ առաջընթաց է, դա նշանակում է, որ հաջողության հասնելու համար մեծ երաշխիքներ կան: Գերմանիայում բնակվող մեր բոլոր հայրենակիցների, այդ թվում նաև Սյուզի Քենտիկյանի հետ սերտ կապերի մեջ եմ:
– Հայ բռնցքամարտիկներից շատերն են Գերմանիայում: Ինչո՞վ է դա բացատրվում:
– Եվրոպայում պրոֆեսիոնալ բռնցքամարտը հատկապես զարգացած է Գերմանիայում: Այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռ 1990-ականներին: 1980-ականներին ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ բռնցքամարտը սկսել էր տեղատվություն ապրել: Եվ ԱՄՆ-ում աշխատող պրոմոուտերները տեղափոխվել էին Եվրոպա, նաև Գերմանիա: Երկու Գերմանիաների միավորումից հետո նախկին խորհրդային հանրապետություններից բռնցքամարտիկների հոսք սկսվեց Գերմանիա, և պրոֆեսիոնալ բռնցքամարտն էլ այդ երկրում նոր թափով զարգացավ:
– Կարո՞ղ է Գերմանիայում բնակվող հայ բռնցքամարտիկներին ինչ–որ բան խանգարի կայանալու համար:
– Ամենևին, գերմանացիները պրոֆեսիոնալ բռնցքամարտում իրենց հայրենակիցներին չեն տեսնում, հեռանկարային մարզիկներ գրեթե չկան, և այդ բացը լրացնում են հայ, ռուս, ուկրաինացի մարզիկներով: Գերմանական դրոշի ներքո հանդես գալը սոսկ ակումբի խնդիր է և ոչ ազգային: Եթե Հայաստանում էլ գերմանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ լիներ, նա էլ մեր երկրի դրոշի ներքո պետք է հանդես գար: Ես սկզբից էլ Գերմանիայում նշել եմ, որ հայ եմ, թաքցնելու բան չկա: Դավիթ Գրաֆը ռինգի իմ կեղծանունն է: Համացանցի իմ կայքում, թերթերում, ամսագրերում ամենուր նշվում է, որ ես Վահագն Սահակյանն եմ Հայաստանից, Երևանից: Դավիթ անունն ընտրվել է, որպեսզի նմանվեմ հայկական էպոսի հերոս Սասունցի Դավթին: Ընդ որում, այդ անունը սիրելի է ոչ միայն հայերիս, այլև այլազգիներին: Նաև հնչեղ, մտապահվող անուն է և ավելի լավ կներկայացնի մեր ազգը:
– Ամուսնանալու մտադրություն չունե՞ս:
– Դեռ ոչ:
– Իսկ ուսումը շարունակելո՞ւ:
– Առայժմ մտածում եմ, թե բարձրագույն կրթություն ստանալու համար ինչ ուսումնական հաստատություն դիմեմ: Միայն սպորտով չպետք է բավարարվել: Մտածելու, որոշելու և ճիշտ ընտրություն կատարելու խնդիր կա:






Facebook
Tweet This
Email This Post
