Նոր հեծանվահրապարակ և հին անցյալ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 15, 2011 15:30

Սեպտեմբերի 15-ին  նախատեսված է մայրաքաղաքի նոր հեծանվահրապարակի բացումը: Բանն այն է, որ կրկեսի հարևանությամբ ` Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող հեծանվահրապարակը քանդվելու է, քանի որ  նորն է կառուցվել Ծովակալ Իսակովի պողոտայի 27/8 հասցեում: Այն զբաղեցնում է 2 հա  տարածք: Այլ խոսակցության թեմա է, թե ինչու է Երևանի կենտրոնից հեծանվահրապարակը հանվել և դրա տերերին որպես փոխհատուցում մայրաքաղաքի հեռավոր վայրում` Արգավանդի ճանպարհին կառուցված մի հեծանվահրապարակ է տրվել:

Ուշագրավն այն է, որ Երևանը հեծանվահրապարակ ունեցել է դեռ տասնամյակներ առաջ: Առաջինը սարքավորվել է 1927-ին Թումանյան փողոցում: Վազքուղին հողածածկ է եղել: Ապա որոշվել է այլ վայրում ավելի ընդարձակ տարածքում և ավելի հարմարավետ հեծանվահրապարակ կառուցել: 1937-ին շարք  է մտել կրկեսի հարևանությամբ գտնվող մարզաբազան: Նախաձեռնողները եղել են մարզիչ Ռուբեն Ավշարովը և նրա համախոհները: Նա վրացահայ է, հայկական սպորտի երախտավոր: Ընդ որում, ներդրումներ են կատարվել անձնական միջոցներից, ֆինանսավորել է  նաև «Սպարտակ» կամավոր մարզական ընկերությունը: Վազքուղին պատրաստված էր փայտից: Իսկ հետագայում` 1972-75-ին նույն վայրում կառուցվել է ժամանակակից հեծանվահրապարակ, որ այն տարիներին աշխարհում լավագույններից մեկն էր և ուներ բետոնե արագընթաց վազքուղի: Ընդ որում, հրապարակը հյուրընկալել է աշխարհի ուժեղագույնների մասնակցությամբ կազմակերպված ԽՍՀՄ առաջնությունների, մի շարք միջազգային խոշոր ստուգատեսների մասնակիցներին,  այստեղ սահմանվել է շուրջ հինգ տասնյակ ռեկորդ: Հեծանվահրապարակն ունի կից կառույցներ,  250 մ վազքուղի: Ներկայիս  հեծանվահրապարակներից քչերի վազքուղու երկարությունն է այդքան երկար: Իսկ ավելի  կարճ վազքուղի ունենալու դեպքում հեծանվահրապարակը չի կարող  համապատասխանել միջազգային չափանիշներին:

Այս հեծանվահրապարակի հիմնական թերությունն այն է, որ բետոնե տրիբունայի տակ գտնվող  սենյակները տեղումներից տուժել են: Խորհրդային ժամանակներում ամեն տարի մեծ ֆինանսներ էին հատկացվում վերանորոգման համար: Անկախացումց հետո խոստումներ են տրվել, որ ի վերջո հեծանվահրապարակը հիմնովին կվերանորոգվի, բայց  դա չարվեց: Թերևս պատճառն այն էր, որ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող մարզակառույցի  տարածքը խայծ էր դարձել փողատերերի համար: Ի վերջո, այն տեղափոխվեց ծայրամաս:

«Հայաստան» մարզական միության նոր հեծանվահրապարակի տնօրեն Աշոտ Խաչատրյանը հայտնեց, որ Ծովակալ Իսակովի պողոտայում կառուցված հեծանվահրապարակը վարչական ավելի հարմարավետ պայմաններ ունի: Այն կիսածածկ է` 2-րդ կարգի: Վազքուղին կիսով չափ ծածկված է, բացի այդ, այն պատրաստված է փայտից, որը քայքայվելուց պահպանելը դժվար է լինելու: Հեծանվահրապարակն ունի 3200 նստատեղ,  այսինքն` երկու հազարով քիչ, քան նախորդը, բայց այժմ ավելի հարմարավետ աթոռներ են: Թերևս հեռավոր վայր երեխաները դժվարությամբ գան: Միայն ժամանակը ցույց կտա, թե որքանով է արդարացված այս տարածքների փոխանակումը:

 

Դիտվել է 1943 անգամ:
Print Friendly

Leave a Reply