Կրթության վերջնական սպառողը տնտեսական համակարգն է
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 15, 2011 14:25

Այսօր մեկնարկել է “Կրթության և բիզնեսի համագործակցության սերտացումը Հայաստանում” երկօրյա խորհրդաժողովը: Բացմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը, միջազգային այլ կառույցների, քոլեջների ներկայացուցիչներ:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով Հայաստանում կրթության որակի և մատչելիության համադրելիությունը, և այդ ուղղությամբ իրականցվող ծրագրային բարեփոխումները, նշել է.” Առանց գործարար ոլորտի աջակցության’ անհնար է իրականացնել կրթական բարեփոխումներ և ապահովել որակ: Հատկապես միջին մասնագիտական կրթության ոլորտում տնտեսվարողները պետք է նպաստեն աշախատաշուկայի պահանջներին համապատասխան կրթության պատվերի և բովանդակության ձևավորմանը: Ի վերջո գիտելիքի և կրթության վերջնական սպառողը տնտեսական համակարգն է: Ակնհայտ է, որ կրթության որակն այնքանով արդյունավետ կլինի, որքանով գիտելիք ունեցող մասնագետը պահանջարկ կունենա տնտեսության մեջ”: Դիմելով խորհրդաժողովին ներկա գործարար ոլորտի ներկայացուցիչներին’ նախարարը նշել է. “Միջին մասնագիտական կրթության ոլորտում մենք բիզնես ոլորտի հետ պատրաստ ենք առավելագույնս ընդլայնված համագործակցության, պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկություն”: Կարևորելով 2008 թվականից Եվրոպական Միության աջակցությամբ մեկնարկած միջին մասնագիտական ուսուցման ոլորտի բարեփոխումները` Ա.Աշոտյանը նշել է. “Հանրային ուշադրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ աճել է: Վերջին երկու տարիներին քոլեջներում և ուսումնարաններում թափուր տեղեր գրեթե չեն լինում: Սա շատ ուրախալի փաստ է, որովհետև մինչ այդ, տարիներ շարունակ միջին մասնագիտական կրթական հաստատություններում դիմորդների խնդիր կար: Մինչդեռ համաշխարհային տնտեսության հիմնական ողնաշարը միջին մասնագիտական կրթությամբ կադրերն են կազմում”:
Ըստ նախարարի` մինչև տարեվերջ Հայաստանում կավարտվի տարածաշրջանային 12 քոլեջների ձևավորումը: 2012 թվականից նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում 50 տոկոսով կավելանա պետական պատվերը: Ներկայացնելով ՄԿՈՒ ոլորտում իրականցված բարեփոխումները’ նախարարը նշել է, որ այս տարի, որպես հակակոռուպցիոն շրջադարձային քայլ, քոլեջներում և ուսումնարաններում ընդունելության քննությունները հանվել են: Քոլեջների և ուսումնարանների կառավարման խորհուրդներում ընդգրկվել են տնտեսվարող կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային կառույցների ներգրավմամբ ստեղծվել է երկխոսության հարթակ: Արմեն Աշոտյանը շեշտել է, որ տնտեսվարողներին պետք է ներգրավել կրթության կազմակերպման գործի մեջ, ակնկալելով ֆինանսական ներդրումներ` աշխատանքային պրակտիկայի կազմակերպման և կրթության բովանադակային այլ հարցերի համար:
“Կրթության և բիզնեսի համագործակցության սերտացումը Հայաստանում” խորհրդաժողովի նպատակն է մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումների համար ներդրումներ և փորձագիտություն որոնել` ուսանելով կրթության և բիզնեսի համագործակցության եվրոպական` մասնավորապես Լեհաստանի, Էստոնիայի և Ավստրիայի արդունավետ մոդելները:
Դիտվել է 856 անգամ: