Ռազմական փորձագետ. «Հայկական նոր զինատեսակը նոր խոսք է հակաօդային պաշտպանության ոլորտում»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 15, 2011 13:37

Ադրբեջանական անօդաչու ինքնաթիռը շարքից հանվել է հայկական արտադրության զինատեսակով. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ հայկական նոր զինատեսակը նոր խոսք է հակաօդային պաշտպանության ոլորտում:

Դեպքը պաշտոնապես համարվում է պետական սահմանի խախտում, մինչդեռ ըստ Հովհաննիսյանի, այն կարելի է համարել նաև ռազմական ներխուժում: Հետախուզության նպատակներով ԼՂՀ սահմանը խախտած ինքնաթիռը  իսրայելական այս տարվա արտադրության անօդաչու թռչող սարքերից է, որոնք արժեն մինչև 18 մլն դոլար:

Նշենք, որ սեպտեմբերի 12-ին ԼՂՀ Մարտունի շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում  ՊԲ ուժերը շարքից հանել են անօդաչու թռչող սարք, որի մնացորդներն այժմ գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ:

Հովհաննիսյանը նշում է, որ ադրբեջանական կողմը շոկի մեջ է տեղի ունեցածից, այդ իսկ պատճառով էլ դեռևս չի արձագանքել միջադեպին. «Ադրբեջանցիները չգիտեն, թե սեփական ժողովրդին ինչ բացատրություն տան»:

Չնայած միջազգային կառույցները դեռ չեն արձագանքել տեղի ունեցածին, Հովհաննիսյանը կարծում է, որ արձագանք անպայման կլինի, իսկ ադրբեջանական կողմի մասին ասում է. «Թուրքերին միայն այս լեզվով կարելի է հասկացնել ինչ-որ բան: Միայն շեշտակի հակահարվածով, ոչ թե բանակցելով կամ համոզելով»:

Իսկ Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը Հովհաննիսյանը գնահատում է որպես համեմատաբար հանգիստ. «Ճիշտ է, վերջերս վիրավոր ունեցանք, բայց ավելի լարված էլ է եղել: Ներկայիս համեմատաբար հանգիստ վիճակը ադրբեջանցիների մեծահոգությունից չէ, որ ունենք, պարզապես հայկական կողմը համապատասխան հակադարձ քայլեր է ձեռնարկում»:

 

Դիտվել է 2256 անգամ:
Print Friendly

Leave a Reply